31.05.2017 | 
ՄԻՇՏ ՆՈւՅՆ ԿԱՐՈՏՈՎ
ՄԻՇՏ ՆՈւՅՆ ԿԱՐՈՏՈՎ
Ես դուրս եմ գալիս տանից անհայտ ուղղությամբ: Ձմեռ է: Ոչ էնպիսին, ինչպիսին մի ամիս առաջ էր: Հիմա ավելի ցուրտ է, ու ձյունն իջնում է սաստիկ աննպատակ: Կամ էլ, ասենք, անհաղորդ մեր առօրյային, ուր քնում ու զարթնում ենք միշտ նույն կարոտով: Նրա համար կարեւորը քաղաքն է, ուր մարդիկ ապրում ու մեռնում են միաժամանակ: Կամ էլ, ենթադրենք, ոչ ապրում են, ոչ էլ…

Ես դուրս եմ գալիս տանից անհայտ ուղղությամբ: Ձմեռ է: Ոչ էնպիսին, ինչպիսին մի ամիս առաջ էր: Հիմա ավելի ցուրտ է, ու ձյունն իջնում է սաստիկ աննպատակ: Կամ էլ, ասենք, անհաղորդ մեր առօրյային, ուր քնում ու զարթնում ենք միշտ նույն կարոտով: Նրա համար կարեւորը քաղաքն է, ուր մարդիկ ապրում ու մեռնում են միաժամանակ: Կամ էլ, ենթադրենք, ոչ ապրում են, ոչ էլ…
Ձմեռ է: Ես քայլում եմ անհայտ ուղղությամբ: Անկեղծ ասած ինձ միեւնույն  է էս տեսակ ցուրտը: Ի՞նչ է որ: Ավելի սաստիկ ցուրտ կա, երբ, ասենք, թիկունքդ է մրսում, եւ ոչ էն պատճառով, որ վերարկուդ բարակ է, ոչ էն պատճառով, որ չի հասցնում տաքացնել… Պարզապես մի տեղ կա էս աշխարհում, ուր միշտ մեկը պակաս է: Կամ մի քանիսը: Բոլորի մոտ կա: Բայց կարելի է մի օր գոնե չհիշել էդ մասին ու քայլել, ասես ամեն բան լավ է: Շնչել: Արտաշնչել: Շնչել: Արտաշնչել: Նորից նույնը: Ամեն բան լավ է: Էս կողմում թիկունքս տաք է, էս կողմում տղերքն են:
…Առաջինը Դավոն գնաց: Փոքր-մոքր տղա է Դավոն, որ դասարանի մյուս տղաներից հենց դրանով էլ տարբերվում էր: Ու մեկ էլ նրանով, որ ամենաշատը իրեն էի սիրում: Հիմա էլ չի փոխվել ոչինչ: Ասում եմ` Դավ, եթե պետք լինեմ, զանգիր կամ գրիր, ասում եմ` զգույշ եղիր: Ծիծաղում է: Ասում է` ապրես: Հետո էլի է ասում: Մի անգամ էլ:
Դավոյի հետ էնքան մտերիմ էի, որ դասերից հետո զանգում էր, ու խոսում էինք կես ժամ, քառասուն րոպե, ավելի երկար: Տանը զարմանում էին, կատակում երբեմն: Բայց Դավոն ընկեր էր բոլորից շատ, ու մինչեւ հիմա էլ:
Դպրոցն ավարտելիս էրեխեքին խնդրեցի` գրեն ինձ համար ինչ-որ վերջին մի բան, մի բան` շատ անկեղծ: Մի բան, որ կհիշեցներ իրենց ու ինձ նույն ժամանակներում, նույն հոգսերով, կողք կողքի: Մի քանիսը ծիծաղեցին, մի քանիսը կասկածեցին, մյուսները գրեցին: Դավոն էլ գրեց: Դժվար էլ հիշի, թե ինչ: Մյուսներն էլ չհիշեն գուցե: Չհիշեն ու չկռահեն էդպես էլ, որ էդ թղթերին գրվածները ամենաազնիվ խոսքերն են, որ ինձ ասել են երբեւէ:

Մառախուղը գնալով թանձրանում է: Հետո էլ  աշուն է հիշեցնում: Երեւանին բնորոշ չէ, բայց ինձ դուր է գալիս: Կարելի է անվերջ նայել ու չտեսնել ոչինչ: Կարելի է անվերջ նայել ու մտահոգվել գոնե մի քիչ պակաս:
- Ալո, ես եմ:

Դավոյի մաման ճանաչում է ձայնս: Հուզված է, ուրախ:

- Ո՞ւր «ընկավ»,- հարցնում եմ:
- Արտաշատ, հետո` Արցախ:
Կրկնում եմ ինքս ինձ: Երկու անգամ: Հետո մի հատ էլ: Որ չմոռանամ: Մտքիցս չթռցնեմ: Մաման ուրախ էր, ասում է` Դավոն էլ: Ասում է` ապրես, որ զանգեցիր: Էլի է ասում: Մի անգամ էլ: Ժպտում եմ, թեեւ ամեն ինչ նույնն է, ինչպես երբեք, ու նույն վախով քնել-զարթնելու միտքը միշտ է:

- Քնիր, բալես, քնիր,- լսում եմ անծանոթ կնոջ ձայնը,- մեկ է, աշխարհը նույն փուչն է, չնայած, գիտե՞ս, մեր ժամանակ գոնե պատերազմ ու խաղաղություն էր, էն էլ կար, էն էլ, հիմա շուրջբոլորը պատերազմն է մնացել: Միայն պատերազմը:

Ես տխրում եմ: Տխրում եմ էս գիտակցության համար: Տխրում եմ էս կնոջ, փոքրիկի, ինձ, Դավոյի ու բոլոր մյուս տղերքի համար: Նրանց համար, ովքեր մի ժամանակից մյուսը հասան մենակ: Նրանց համար, ովքեր հասան, բայց ֆիզիկապես միայն: Նրանց համար, ովքեր չտեսան մեր ժամանակների խաղաղությունը: Նրանց համար, ովքեր չհասան մեզ:

- Քնիր,- ասում է,- աշխարհը նույն փուչն է:

Ես քայլում եմ տուն: Ձյունը վաղուց դադարել է իջնել:
                                                                                                         
Միլենա Խաչիկյան
Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 1-ին կուրս  

Այլ նորություններ
ԵԹԵ ԲՈԼՈՐԸ ԼՍԵՆ ԻՆՁ ՀԻՄԱ
Ամփոփվեց Հասարակայնության հետ կապերի և լրատվության հարցերով հանձնաժողովի կողմից կազմակերպված «Եթե բոլորը լսեին ինձ հիմա» վերնագրով շարադրությունների մրցույթը: Հաղթող ճանաչվեց Փիլոսոփայության և հոգեբանության ֆակուլտետի 3-րդ կուսի ուսանող Զավեն Տոնոյանը:
ԵՐԿՈւ ՏԵՍԱԿԵՏ
Երկու տեսակետը նպատակ ունի ցույց տալու երկու տարբեր անհատների հայացքները՝ կյանքի, իրավիճակների ու երևույթների հանդեպ։
ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
Ի սկզբանե մարտի 8-ը առաջանալով, որպես կանանց իրավահավասարության պայքարի օր, աստիճանաբար դարձավ կանանց միջազգային օր: Պատմության էջերը թերթելիս ամենաառաջին պատմական իրադարձությունը այս օրվա հետ կապված՝ 1857 թվականի մարտի 8-ն էր, երբ Նյու Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով:
Կոնտակտներ

Հասցե՝
Ալեք Մանուկյան 1
ԵՊՀ կենտրոնական մասնաշենք
609 սենյակ

Հեռ.՝
(+374 60) 710193
11-93 (ներքին)
student_council@ysu.am