24.07.2017 | 
ԵՐԿՈւ ՏԵՍԱԿԵՏ
ԵՐԿՈւ ՏԵՍԱԿԵՏ
Երկու տեսակետը նպատակ ունի ցույց տալու երկու տարբեր անհատների հայացքները՝ կյանքի, իրավիճակների ու երևույթների հանդեպ։

 Արշակ Պողոսյան

 Հայ բանասիրության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ

 

- Ո՞րն է քո սիրած վայրը համալսարանում:

- ԵՊՀ-ում հետաքրքիր անկյուններ շատ կան։ Ամենից շատ մեր ֆակուլտետի շենքն եմ սիրում` իր բոլոր երեք հարկերով: Այստեղ մտնելիս մի տեսակ հանգստություն և հարազատություն եմ զգում:

- Ո՞ր ֆակուլտետը չես սիրում և ինչո՞ւ:

Կենտրոնական մասնաշենքին կից ֆակուլտետները. սառնություն և ուսանողական պասիվություն եմ զգում։

-Ո՞րն է ամենախենթ հիշողությունդ՝ կապված ուսանողական կյանքի հետ:

Անցած տարվա «Ռեկտորատ 2016»-ի շրջանակում եղել եմ դեկան: Ժողով էի հրավիրել և սկսել քննարկել մեր պլանները: Այնքան էի մտել դերիս մեջ, որ պարոն Ավագյանի (ֆակուլտետի դեկանի) սենյակ մտնելուց հետո բարկացած տոնով ասացի, որ դրսում սպասի մինչև ժողովն ավարտվի (ժպտում է):

- Ինչպիսի՞ ուսանողի հետ չես կարողանում շփման եզրեր գտնել:

Փորձում եմ բոլորի հետ հեշտությամբ լեզու գտնել՝ անկախ բնավորությունից: Գտնում եմ, որ դա իմ պարտքն է:

- Ե՞րբ և ի՞նչն է վերջին անգամ քեզ զարմացրել:

Վերջին անգամ զարմացել եմ Էդգար Պոի «Անուրջներ և մղձավանջներ» պատմվածաշարը կարդալիս: Հիանալի գործեր էին։

-Կկիսվե՞ս մեզ հետ քո ամենանվիրական երազանքով:

Խաղողի այգի ունենալն է. իրականում դա գերնպատակ է, այլ ոչ երազանք:

 

Լիլիթ Հարությունյան

ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈՒԽ նախագահ

- Ո՞րն է քո սիրած վայրը համալսարանում:

- Իմ ֆակուլտետի շենքն եմ շատ սիրում, հինգ հարկ է. ամեն հարկում մի սիրուն պատմություն, հիշողություն եմ թողել։ Հատկապես Չարենցի դահլիճն եմ սիրում:  Այս դահլիճում կայացել են համալսարանական կյանքիս երեք կարևորագույն միջոցառումները:

- Ո՞ր ֆակուլտետը չես սիրում և ինչո՞ւ:

 - Բոլոր ֆակուլտետներից ունեմ մտերիմ ընկերներ ու դժվար է ընտրություն կատարելը: Բայց համարձակությունս հավաքեմ ու ասեմ, որ  չեմ սիրում արևելագիտության ֆակուլտետը: Իմ ֆակուլտետ հասնելու ճանապարհին 3-րդ հարկում անկախ ինձնից կարդում եմ՝ «Արևելքն այստեղ է»:

-Ո՞րն է ամենախենթ հիշողությունդ՝ կապված ուսանողական կյանքի հետ:

- Ես ունեմ թունդ հիշողությունների հավաքածու, ու, ինչպես հագեցած զգեստապահարանի դեպքում չես կողմնորոշվում՝ ինչ հագնել, ես էլ չեմ կողմնորոշվում որը պատմել:

- Ինչպիսի՞ ուսանողի հետ չես կարողանում շփման եզրեր գտնել:

- Չեմ ընկալում այն ուսանողներին, ովքեր գալիս են համալսարան՝ «ոնց անեմ՝շուտ ազատվեմ, ամուսնանամ» հոգեբանությամբ, չեմ ընկալում նաև, որ գերազանցիկի բարդույթով գնահատական են մուրում:

-Ե՞րբ և ի՞նչն է վերջին անգամ քեզ զարմացրել:

- Համալսարանի բակում ունենք մի կերպար՝ Բգոն, որ առաջին հայացքից վանող, երբեմն էլ վախեցնող է: Բայց միշտ ուշադիր եմ իր վարքագծին՝ արտաքինից շատ փնթի էս մարդը շատ բծախնդիր է համալսարանի տարածքի մաքրության հանդեպ: Վերջերս տեսա՝ կռացավ ու աղբի կտորը վերցրեց մի տեղից, որ հազար անգամ նայեիր, չէիր էլ տեսնի:

- Կկիսվե՞ս մեզ հետ քո ամենանվիրական երազանքով:

- Ամենանվիրականը չգիտեմ, բայց ամենասպասվածներից է հարցազրույց վարել Շառլ Ազնավուրի հետ:

 

Մարիամ Տերբալյան

Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 1-ին կուրս

Այլ նորություններ
«ԵՊՀ-Ն ՇՈՒՏՈՎ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆ` ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՇՈՒՐՋ 500 ՈՒՍԱՆՈՂԻ ՀԱՄԱՐ»
Հանրակացարանը լինելու է ժամանակակից, ունենալու է երկտեղանոց սենյակներ, որոնք ունենալու են առանձին լվացարաններ: Լինելու է մեկ մեծ ճաշարան, և յուրաքանչյուր հարկում` խոհանոց:
ՎԵՐՋԸ՝ ՆՈՐԻ ՍԿԻԶԲ
Ի՞նչ կլինի, եթե ամբողջ մարդկությունը մի օր վերանա: Մոլորակը կապրի՞ առանց մեզ, ինչպե՞ս:
ԿՈԳՆԻՏԻՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ և ՏԱՐԻՔԻ ՀԵՏ
Քեմբրիջի և Հոնկոնգի համալսարանների հոգեբանները պարզել են, որ Մեծ Բրիտանիայի և Հոնկոնգի դեռահասների մոտ իմացական կարողությունների զարգացման միջին մակարդակը տարբերվում է, իսկ նրանց ծնողների մոտ՝ ոչ:
Կոնտակտներ

Հասցե՝
Ալեք Մանուկյան 1
ԵՊՀ կենտրոնական մասնաշենք
609 սենյակ

Հեռ.՝
(+374 60) 710193
11-93 (ներքին)
student_council@ysu.am