Սակայն այս կարգին, ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանի խոսքով, ոչ բոլոր ուսանողներն են տեղյակ:
2011 թվականին ընդունված կարգի համաձայն՝ յուրաքանչյուր ուսանող գնահատականը իմանալուց հետո կարող է հանձնաժողովի նախագահի անունով գրավոր դիմում ներկայացնել՝ խնդրելով, որ գնահատականը վերանայվի: Նախարարության պահանջով և կարգի դրույթով՝ բոլոր քննությունները ձայնագրվում են, և բողոքարկման դեպքում հանձնաժողովը պարտավոր է այդ ձայնագրությունը լսել ու ուսանողին բացատրել, թե որտեղ է նա թերացել, ինչի համար է գնահատականը իջեցվել:
ԵՊՀ ավարտական աշխատանքների, մագիստրոսական թեզերի պաշտպանության, պետական քննությունների արդյունքների բողոքարկման հանձանժողովի անդամ Մարգարիտա Ղազարյանն ավարտական աշխատանքների բողոքարկումներին մասնակցել է տնտեսագիտության, կառավարման և իրավագիտության ֆակուլտետներում, առաջին դեպքում ուսանողի գնահատականը բարձրացվել է, երկրորդում՝ չի փոխվել:
«Բողոքարկումների վիճակագրություն չկա, բայց բոլոր ֆակուլտետներում էլ լինում են, ուղղակի միշտ չէ, որ դրանք հասնում են վերջին մակարդակին»,- «Ալեք Մանուկյան 1» ամսագրի հետ զրույցում ասաց Մարգարիտան:
Հրանտ Ժամհարյանը նույնպես բողոքարկումների վիճակագրություն չունի. «Ուսանողներ կան, որոնց համար նպատակը վերջնական միավորն է, այլ ոչ թե հասկանալը, որ ինչ-որ գիտելիքների պակաս ու թերություն ունեն: Հասնում են ուսխորհրդին, պրոռեկտորներին, իսկ երբ հետաքրքրվում ես, թե բողոքի էությունը որն է, պարզվում է, որ միայն գնահատականը»,- ասաց Հրանտ Ժամհարյանը:
Պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողական խորհրդի տեսակետներն այստեղ համընկնում են՝ ուսանողը պետք է բողոքարկման դիմի ողջամիտ պատճառներով, ոչ թե մագիստրատուրայի ընդունելության, կարմիր դիպլոմի կամ զեղչ ստանալու նպատակով:
Նորայր Շողիկյան
ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 1-ին կուրս