Ամեն տարվա օգոստոսի 13-ին ես ինձ մի քիչ կարևոր եմ զգում, ինչպես սովորաբար ծննդյան օրերին է լինում, բայց սա այդ դեպքը չէ: Քչերն են նկատում իմ ներքին խանդավառությունը, ավելի քչերն են շնորհավորում: Ու թեպետ շնորհավորանք լսելիս ես աշխարհով մեկ եմ լինում, բայց հիմա այս մասին գրելիս շարժում եմ աջ ձեռքս:
Գիտական ընկալմամբ ձախլիկությունը մարմնի ձախ մասի առաջնությունն է աջի նկատմամբ, այլ խոսքով՝ մարդկային հատկանիշ է, որի դեպքում աջ եւ ձախ ձեռքերի շարժունակության մեջ գերակշռողն ու ճկունը ձախն է: Գլխուղեղի աջ կիսագունդը պատասխանատու է պատկերավոր մտածողության, հուզական, զգայական, շարժողական գործողությունների համար, իսկ ձախ կիսագունդը համարվում է խոսքային և պատասխանատու է խոսքային ֆունկցիաների, ընթերցանության, տրամաբանական մտածողության և բառատրամաբանական հիշողության համար: Ուղեղի տվյալ կիսագունդը ղեկավարում է մարմնի հակառակ կողմը. այսինքն՝ ձախլիկների մոտ զարգացած է ուղեղի աջ կիսագունդը, աջլիկների մոտ՝ ձախը:
Տարբեր ուսումնասիրությունների համաձայն՝ աշխարհի բնակչության 70-90 %-ը աջլիկներ են, ձախլիկները կազմում եմ 10-15 %: Հազվադեպ է հանդիպում, երբ մարդու մոտ ձեռքերի շարժունակությունը բաշխված է հավասարաչափ:
Այսօր էլ շարունակում են ապրել ձախլիկության՝ իբրեւ թերության մասին լեգենդները: Օրինակ՝ հին Եվրոպայում ձախլիկությունը համարվել է սատանայության նշան, ու որոշ դեպքերում միայն դա բավական է եղել մարդուն դատապարտելու համար, իսկ Ռուսաստանի կայսր Պետրոս Առաջինը հրաման էր արձակել, որի համաձայն շիկակարմիր մազեր ունեցողները, ծուռոտներն ու ձախլիկները դատարանում վկայություն տալու իրավունք չունեին: Այս եւ մի շարք այլ պատճառներով ծնողները եւ մանկավարժները ձգտել են փոխել երեխայի բնությունը՝ ստիպելով նրան գրել աջ ձեռքով: Սեփական փորձով գիտեմ սրա վնասարարությունը, որը կարող է լինել թե ֆիզիկական, թե հոգեբանական: Դա փաստում է նաեւ իմ զրուցակից Սոնա Մկրտչյանը. «Վեց տարեկանում սկսել եմ գրել ձախով, ծնողներս անընդհատ «ուղղում էին» ինձ, մայրս նույնիսկ ասում էր՝ եթե աջով գրեմ, քաղցրավենիք կտա»: Իսկ այ Ռուբեն Բանուչյանը այն երջանիկներից է, ով կարողացել է «փրկվել» այդ բարդություններից: Նա պատմում է, որ դպրոցական առաջին տարիներին մի քանի ամիս ստիպված գրել է աջով, բայց երկար չի դիմացել. «Շուտ հոգնում էի, մյուսներից հետ էի ընկնում: Մի օր էլ հորս պատմեցի, ու քանի որ նա մանկավարժ էր, հասկացավ ինձ, եւ զանգահարելով դասվարիս ասաց, որ ինձ այդ հարցով էլ չանհանգստացնեն»:
Հոգեբան Ռուբեն Պողոսյանը նշում է, որ երեխաները, ստիպողաբար գրելով աջով, մեկ է, բնույթով մնում են ձախլիկ՝ հարմար պահի անցնելով թաքուն ձախլիկության կամ գրելուց բացի այլ գործողություններ ձախով կատարելով: Ընդհանրապես, այս պարտադրված փոփոխությունը կարող է շատ լուրջ հետեւանքներ ունենալ՝ առաջացնելով հոգեկան անկայունություն, նեվրոզ, բնականոն աճի խանգարում։
Ինչ վերաբերում է օգոստոսի տասներեքին, ապա այն, որպես ձախլիկների միջազգային օր ընդունվել է 1976 թվականին ԱՄՆ-ի Կանզաս նահանգի Տոպիկա քաղաքում գտնվող Ձախլիկների միջազգային կոնֆեդերացիայի կողմից: Աշխարհի մի շարք երկրներում առաջին անգամ նշվել է 1992 թվականին՝ Ձախլիկների բրիտանական ակումբի նախաձեռնությամբ: Օրվա նպատակն է գրավել միջազգային հանրության ուշադրությունը ձախլիկների խնդիրների վրա, հատկապես արդյունաբերական սարքավորումներ արտադրողներին իրազեկել ձախլիկների առջև ծառացած դժվարությունների մասին և պաշտպանել նրանց իրավունքներն ու արժանապատվությունը։
Միլենա Խաչիկյան
Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 1-ին կուրս