Համաձայն կատարված հետազոտությունների՝ գործադիր գործառույթները (իմացական գործընթացների համախումբ), որոնք մենք օգտագործում ենք պլաններ կազմելու և նոր պայմաններին հարմավելու համար, ձևավորվում են տարբեր գործոնների անմիջական ներգործության արդյունքում, ինչպես օրինակ՝ ծնողական և մշակութային ազդեցությունը:
Միշել Ռ. Էլլեֆսոնն իր գործընկերների հետ մշակել է այս հմտությունների ուսումնասիրման նոր մոտեցում. նոր հետազոտության մեջ հոգեբաններն ուսումնասիրեցին կոգնիտիվ գործընթացների զարգացման մակարդակը տարիքային և մշակութային տարբերություններում:
Հետազոտման համար հոգեբանները խնդրեցին 886 դեռահասների և 541 ծնողների անցնել իրենց կոգնիտիվ գործառույթները ստուգող 4 թեստ. կատարվեցին ռեակցիայի արագության, հիշողության, ձևերի համեմատության և պլանավորման առաջադրանքներ: Հետազոտման արդյունքները ցույց տվեցին, որ Հոնկոնգի երեխաների գործադիր ֆունկցիաների զարգացվածության աստիճանը շատ ավելի բարձր միջինում էր, քան բրիտանացիներինը: Ծնողների մոտ, սակայն, չնկատվեց այդպիսի տաբերություն:
Երբ հետազոտողները համեմատեցին այս 2 տարիքային խմբերի արդյունքները, հայտնաբերեցին, որ ծնողները որպես կանոն ունեին ավելի շատ ճիշտ պատասխաններ, սակայն ճիշտ պատասխաններ ստանալու համար նրանք վատնում էին ավելի շատ ժամանակ, քան երեխաները: Դա նշանակում է, որ ծնողները խուսափել են սխալ պատասխաններից՝ առաջադրանքների կատարման արագության հաշվին:
Հոնկոնգում և Մեծ Բրիտանիայում նկատվել է նաև, որ բարձր արդյունքներ ունեցող ծնողների երեխաները նույնպես ունեին բարձր արդյունքներ:
Ստացված արդյունքները վկայում են այն մասին, որ մշակութային տարբերություններով առաջացած կոգնիտիվ գործընթացների տարբերությունները տարիքի հետ փոփոխվում են, չեզոքացվում՝ ծերության ժամանակ:
Էմիլիա Աթանեսյան
Դավիթ Աքելյան