Առողջ ապրելակերպի համար նախատեսված է մարզասրահի կառուցում: Այս տվյալները մեզ տրամադրել է Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը։
-Պարոն Վարագյան հանրակացարանի կառուցման մասին լուրը լսելուց հետո եղան մարդիկ, ովքեր արձագանքեցին հետևյալ կերպ. «Ինչո՞ւ օտարեցին հին հանրակացարանը, եթե պիտի նորը կառուցեին»: Հարցին կարո՞ղ եք պարզաբանումներ տալ:
-Խորհրդային միության փլուզումից հետո, կառավարությունը սկսել է տնօրինել համալսարանի հանրակացարանը և այլ համալիրներ: Օտարելու նախաձեռնությունը եղել է կառավարության կողմից, և համալսարանը հնարավորություն չի ունեցել այն պահել: Այժմ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով կառուցվում է բոլորովին նոր և ժամանակակից, հյուրանոցային համալիրներին չզիջող հանրակացարան:
-Հանրակացարանի կառուցման գործում ներդրումներ եղե՞լ են։
-Այո՛, ամերիկահայ բարերար Ջորջ Ասատուրյանը ԵՊՀ-ին կտակել է 1 000.000 դոլար, որը դրված է հանրակացարանի կառուցման հիմքում, մնացյալ ծախսերը կատարվում են համալսարանի բյուջեով:
-Ո՞րն է այդ ուսանողների ցանկում ընդգրկվելու կարգը:
- Այժմ հանրակացարանի կառուցման աշխատանքները գտնվում են շինարարության փուլում, և նախագծի հաստատվելուց հետո համալսարանը կունենա մինրև 500 ուսանողների համար նախատեսված հանրակացարան: Կանոնակարգը դեռևս հաստատված չէ, բայց հիմնականում ներառված են լինելու սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվություն ունեցող ուսանողները:
-Ե՞րբ կավարտվեն հանրակացարանի շինարարական աշխատանքները։
-Շինարարական աշխատանքներն ամենայն հավանականությամբ կավարտվեն 2018 թվականի ամռանը: Մինչ այդ ուսանողների հերթագրումը, փաստաթղթերի ընդունումը կատարված կլինի և պարզ կլինի, թե ովքեր են բնակվելու նորակառույց հանրակացարանում:
-Շահագործման հանձնելուց հետո հանրակացարանում հսկողություն լինելո՞ւ է։
-Իհարկե, կարգուկանոն ապահովելու նպատակով հանրակացարանում լինելու են պատասխանատուներ ուսանողական կառույցներից: Բացի ադմինիստրատիվ աշխատողներից, ուսանողական խորհուրդը ևս աշխատանքներ կունենա:
-Հանրակացարանը կառուցվում է «Ծարավ աղբյուր» փողոցում, ուսանողներին փոխադրամիջոցներ տրամադրելո՞ւ է:
-Քանի որ հանրակացարանից համալսարան հեռավորությունն այնքան էլ մեծ չէ և համալսարանին մոտ կանգառներից «Ծարավ աղբյուր» գնացող երթուղայիններ կան, համալսարանը փոխադրամիջոցներ չի տրամադրի ուսանողներին: Քաղաքապետարանից ևս տեղեկացել ենք, որ «Ծարավ աղբյուր» գնացող երթուղայինների ավելացում է նախատեսվում առաջիկայում։ Ուսանողները երթուղայինի խնդիր չեն ունենա:
Սիլվարդ Տիգրանյան