07.10.2017 | 
«ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆՍ ԵՐԲԵՔ ՉԵՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ»
«ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆՍ ԵՐԲԵՔ ՉԵՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ»
«Այս մի տարվա ընթացքում ԵՊՀ-ն ինձ սովորեցրեց զգույշ լինել մարդկանց հարցում, դարձրեց ինձ ավելի ընկերասեր եւ արթնացրեց իմ մեջ առաջնորդությունը»:

Մանկության մասին

Մանկությանս ամենավառ հիշողությունները կապված են Շամշադինին: Մայրս է Շամշադինից: Ամռանը միշտ գնում ենք: Գյուղի մեր պատշգամբն եմ շատ սիրում, սիրուն տեսարան է բացվում, ու թեպետ հաճախ են կրակում Ադրբեջանից, ես միշտ հանգիստ եմ այնտեղ:

 

Առաջին սերը

Հայրս ֆուտբոլի մարզիչ է, շատ աշակերտներ է ունեցել: Չորրորդ դասարանում սիրահարվել էի նրանցից մեկին: Նրանով եմ սկսել սիրել ֆուտբոլը: Պապան հաճախ կատակում է. «Ես հե՞չ, նրանով ես սկսել, հա՞» : Նա ընկերուհուս էր սիրում, ու դա անսովոր էր ինձ համար... Մի քանի տարի տեւեց, հետո անցավ: Հիմա մոտ ընկերներ ենք: Երբեմն ասում է՝ ճաշակով աղջիկ ես եղել, հա՜:

 

Կարեւոր մարդիկ

Մայրս իմ հերոսն է: Ես նրան երբեք չեմ ասել այս մասին: Նա բնավորության այնպիսի գծեր ունի, որոնց մասին ես կերազեի: Համառ է, պայքարող: Շատ մոտ եմ տատիս հետ: Նա իմ ընկերն է, միշտ ասում է՝ չպիտի սուտ խոսենք, որովհետեւ մեզ հետ կատարվող դժբախտությունները կամ մեր ստերի արդյունքն են կամ էլ Աստծո պատիժ:

 

Երաժշտությունը ՝ ապրելակերպ

Տասներեք տարեկանում Հայ ասպետով մեկնեցինք ճամբար դեպի Արցախ: Այնտեղ մի տղա կար, որ կիթառ էր նվագում: Ինձ դուր եկավ այդ միջավայրը, սկսեցի տանը համոզել, որ կիթառ գնեն: Բայց չստացվեց: Երկու տարի հետո գնեցին եղբորս համար, երբ նա սովորելու ցանկություն էլ չուներ: Ես էլ առիթից օգտվեցի, մի ամիս երաժշտական գնացի, իսկ հետո ինքնուրույն սովորեցի: Հիմա արդեն չեմ պատկերացնում օրս առանց նվագելու:

 

Պարտության դասերը

Տարիներ առաջ պիտի ընդունվեի Այբ դպրոց: Անցողիկ միավորը 125-ն էր, ես 124 էի հավաքել: Դա ինձ նախ կոտրեց, հետո շատ բան սովորեցրեց: Հայրս է միշտ ասում՝ երբ մարդ ընկնում է, պիտի վեր կենա եւ առանց ընկճվելու առաջ շարժվի:

 

Դեպի համալսարան

Անցումը հեշտ եղավ: Ավագ ընտրվեցի, թեպետ միտք չունեի: Հետո ուսխորհրդից եկան, պատմեցին իրենց մասին: Շուտով քարտուղար նշանակվեցի: Տարեվերջին արժանացա «Տարվա ուսանող» կոչմանը: Այս մի տարվա ընթացքում ԵՊՀ-ն ինձ սովորեցրեց զգույշ լինել մարդկանց հարցում, դարձրեց ինձ ավելի ընկերասեր եւ արթնացրեց իմ մեջ առաջնորդությունը:

 

Մոտիվացիա

Ես սիրում եմ մարդկանց, նրանք են իմ մոտիվացիան: Ես տխուր մարդ չեմ, բայց տարվա մեջ գալիս է մի շրջան, երբ դառնում եմ աննկատ: Դա լինում է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Հետո անցնում է: Իսկ երբ ինչ-որ խնդիր եմ ունենում, մտածում եմ, որ չորս օր է տեւելու, հինգերորդ օրն ամեն ինչ կարգաավորվելու է: Ցանկացած իրավիճակում հիշում եմ այդ հինգ օրը, իհարկե, բացառությամբ լավ ու ուրախ օրերի. ուրախությունս երբեք չեմ սահմանափակում:

 

Միլենա Խաչիկյան

Այլ նորություններ
ՀՈԳՈւՍ ԿԱՐՄԻՐ ԶՍՊԱՇԱՊԻԿԸ
Օգնի'ր ինձ անուշանալ.
ինձ միշտ հետաքրքրելեն մարդիկ, որոնք նայել են վեր...
ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃԻՑ  ԱՐՎԵՍՏԱՆՈՑ
Նկարիչը ԵՊՀ ուսանողներին ծանոթ ֆիզկուլտուրայի դասախոս Հրաչյա Հակոբյանն է, ով կարողացել է համադրել սպորտի, նկարչության, գրականության և երաժշտության գույներն իր կյանքի կտավում:
Ու՞Ր Է ԻՄ ԱՌԱՐԿԱՅԻ ՊԼԱՆԸ
Հաճախ շփոթմունք է առաջանում նաև հարցաշարերի տրամադրման ժամանակ. կամ դասախոսը նախօրոք չի պատրաստել և ուշացնում է, կամ ուսանողները չեն պահանջում:
Կոնտակտներ

Հասցե՝
Ալեք Մանուկյան 1
ԵՊՀ կենտրոնական մասնաշենք
609 սենյակ

Հեռ.՝
(+374 60) 710193
11-93 (ներքին)
student_council@ysu.am