



Երևանի պետական համալսարանը Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ նախաձեռնել է երախտիքի ծառուղու հիմնում: ԵՊՀ գրադարանի մուտքի մոտ՝ Չարենցի փողոցի կողմից, սկիզբ կառնի ծառուղին, որի աջ և ձախ կողմերում կտեղադրվեն 20-րդ դարի սկզբի մեծագույն ողբերգությունը հասարակական լայն շրջանակներում քննադատած, բողոքի ու կարեկցանքի խոսքեր արտահայտած, ինչպես նաև հայության մի ստվար հատվածին մահվան ճիրաններից փրկած ու օգնություն ցուցաբերած օտարազգի հայտնի գործիչների կիսանդրիները:
Շվեդ միսիոներուհի
Ալմա Յոհանսոն տակավին երիտասարդ իրեն նվիրվել է մարդասիրական, կրոնական գործունեության։ 1901-1915 թվականներին Արևմտյան Հայաստանում նա՝ որպես գերմանական միսիոներ, ծառայել է հատուկ հաստատություններում և որբանոցներում։ 1915 թվականի հարկադրված վերադարձել է Շվեդիա։ 1920-1922 թվականներին Կ. Պոլսում օգնել է ջարդերից ու տարագրությունից փրկված հայ որբերին ու կարոտյալներին։
1923 թվականին անցել է Սալոնիկ, օգնել հայ գաղթականներին։ 1941 թվականի վերջին՝ Հունաստանի ֆաշիստական օկուպացումից հետո, երբ անհնար էր շարունակել մարդասիրական գործունեությունը, Յոհանսոնը վերադարձել է Շվեդիա։ Ալմա Յոհանսոն՝ վերադառնալով Շվեդիա, շարունակել է իր սերտ հարաբերությունները հայերի հետ. նա տիրապետել է հայերենին։
Որպես հայոց եղեռնի ականատես՝ Յոհանսոնը գրել է երկու գրքույկ՝ «Աքսորյալ ժողովուրդ մը» (1930 թ.) և «Հայ աքսորականներու կյանքը» (1931 թ.), որոնք վկայում են հայերի տեղահանությունների և նրանց նկատմամբ գործադրված բռնությունների մասին։
Ֆրանսիացի գրող և գրաքննադատ, ակադեմիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր
Հանդես է եկել Օսմանյան կայսրության հայերի պաշտպանությամբ։ Նախաձեռնել և ոգեշնչել է բազմաթիվ հասարակական միջոցառումներ, որոնց նպատակն էր լայն հասարակությանը տեղեկացնել արևմտահայերի նկատմամբ իրականացվող կամայականությունների, բռնությունների և կրկնվող ջարդերի մասին։ Աբդուլ Համիդի կողմից 1894-1896 թթ. կազմակերպված հայերի զանգվածային կոտորածների ժամանակ բողոքի ձայն է բարձրացրել թուրքական իշխանությունների դեմ, կազմակերպել և անձամբ մասնակցել է հայ որբերի համար հանգանակությանը:
Նա եղել է Փարիզում հրատարակվող «Պրո Արմենիա» ամսագրի խմբագրության անդամ։ 1903-1904 թթ. ակտիվորեն մասնակցել է եվրոպական տարբեր քաղաքներում կազմակերպվող հայերի պաշտպանության հանրահավաքների և կոնֆերանսների:
Ֆրանսը ցասումով բողոքել է հայերի ցեղասպանության դեմ։ 1916 թ. ապրիլի 9-ին` Սորբոնում ելույթի ժամանակ, նա հայտարարել է. «Երիտթուրքերը, տիրանալով իշխանությանը, իրենց դաժանությամբ գերազանցեցին Աբդուլ Համիդին... Մեզ սիրող այդ ժողովրդին բնաջնջելու որոշումն ընդունվել է թուրքական կառավարության խորհրդակցություններում... Արյան այն փոքր քանակությունը, որը նա դեռևս պահպանում է, թանկագին արյուն է, որից հերոսական սերունդ է ծնունդ առնելու: Ժողովուրդը, որը մեռնել չի ուզում, երբեք չի մեռնի»:
Գերմանացի բանաստեղծ, լրագրող, հրապարակախոս, իրավագիտության դոկտոր
Արմին Վեգներն առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ծառայել է Օսմանյան կայսրությունում տեղակայված գերմանական ստորաբաժանումներում, եղել է սանիտարական ծառայության սպա։ Հայոց ցեղասպանության ականատեսներից է:
1918 թ․ վերադարձել է Գերմանիա՝ իր հետ տանելով հայկական կոտորածների բազմաթիվ լուսանկարներ։ Վեգները գրի է առել իր տեսածն ու ապրածը, և հետագայում այդ նամակներն ու նույն շրջանում գրված այլ նյութեր ամփոփվել են նրա «Անվերադարձ ճանապարհ» գրքում:
1919-ին Վեգները հրապարակել է բաց նամակ («Կտակ անապատում»)՝ ուղղված ԱՄՆ-ի նախագահ Վ. Վիլսոնին առ այն, որ փաստերով հաստատվի թուրք կառավարողների ծրագրած Հայոց ցեղասպանությունը, և խարազանվեն արևմտյան իմպերիալիստ պետությունները՝ որպես մեղսակիցներ։
1921-ին Վեգները որպես վկա ներկա է եղել Սողոմոն Թեհլերյանի դատավարությանը:
1922-ին հրատարակված «Ճիչ Արարատից» գրքույկում ներկայացնելով Զմյուռնիայի կոտորածները՝ նա դարձյալ մերկացրել է Թուրքիայի կառավարող շրջանների հայատյաց քաղաքականությունը և արևմտյան տերությունների անտարբերությունը:
1927-ին սովետական կառավարության հրավերով Վեգներն այցելել է Մոսկվա, ապա եղել Հայաստանում, դասախոսություններ է կարդացել ԵՊՀ-ում։
Մինչև կյանքի վերջը նա հետաքրքրվել է Հայաստանով ու հայերով, հանդես եկել նրանց նվիրված հոդվածներով, էսսեներով, հուշերով։ 1972-ին ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում լուսանկարների ցուցադրումով զեկուցումներ է կարդացել Մեծ եղեռնի մասին:
Դանիացի միսիոներ և սոցիալական աշխատող
1903 թվականից մինչև մահ զբաղվել է Հայոց ցեղասպանությունից խույս տված հայ գաղթականներին օգնություն ցույց տալով։ Փրկված հայերից շատերին թաքցրել է իր տան նկուղում։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո մեկնել է Հալեպ՝ իր հետ տանելով նաև ցեղասպանությունից խույս տված բազմաթիվ հայերի:
Սկսած 1921 թվականից՝ զբաղվել է ավելի քան 30.000 առևանգված հայ կանանց և երեխաներին վերադարձնելու առաքելությամբ։ Եպպեին հաջողվել է մահմեդական հարեմներից ազատ արձակել մոտ 2000 հայ կնոջ։ Մահացել է Հալեպում, մալարիայից: Աճյունը հանգչում է հենց այնտեղ։
Եպպեի հուղարկավորության ժամանակ հայոց արքեպիսկոպոսը նրան անվանել է «սիրելի քույր, ով իր սեփական անձը զոհել է հազարավոր մարդկանց համար»:
Ամերիկյան դիվանագետ, ԱՄՆ դեսպանը Օսմանյան կայսրությունում (1913-1916 թթ.)
1915 թ-ից Մերձավոր Արևելքում Ամերիկյան օգնության կոմիտեի փոխնախագահն էր։ Երբ հայտնի է դարձել, որ արևմտահայերի տեղահանության իրական նպատակը նրանց լիակատար բնաջնջումն է, Մորգենթաուն հանդիպել է երիտթուրքերի պարագլուխներ Թալեաթ և Էնվեր փաշաների հետ, փորձել է կասեցնել կոտորածն ու տեղահանությունը։ Դիմելով Թալեաթին՝ Մորգենթաուն ասել է. «Մեր ժողովուրդը երբեք չի մոռանա այս ջարդերը»:
1916 թ.-ին Մորգենթաուն թողել է դեսպանի պաշտոնը՝ ասելով. «Ես այլևս չէի կարող շարունակել իմ հարաբերություններն այնպիսի մարդկանց հետ, որոնք թեպետ սիրալիր և բարեկիրթ են, բայց կարող են 1 միլիոն մարդու արյուն հեղել»:
Մորգենթաուի «Հայկական ջարդերի առթիվ» (1918 թ.), «Ինչու պետք է կործանել Օսմանյան կայսրությունը» (1918 թ.), «Հայաստանը կանչում է» (1918 թ.), «Կոչնչանա՞ արդյոք Հայաստանը» (1920 թ.), «Հայերի կոտորածները 1915-ին» (1922 թ.) հոդվածները և «Հայաստանի ողբերգությունը» (1918 թ.), «Բոսֆորի գաղտնիքներ. 1913-1916» (1918 թ.), «Դեսպան Մորգենթաուի պատմությունը» (1918 թ., հայերեն՝ 1919 թ.) գրքերն արժանահավատ վկայություններ են Մեծ եղեռնի։
Նա մերժել է ռազմական անհրաժեշտությամբ հայերի տեղահանության թուրքական վարկածը և ապացուցել, որ երիտթուրքական պարագլուխների նպատակը հայ ազգի իսպառ ոչնչացումն էր։
Շվեյցարիացի դեղագործ (1914 թվականից գտնվում էր Ուրֆայում ասիական առաքելությամբ)
1915 - 1917 թթ. Կյունցլերը Հայոց ցեղասպանության ականատեսն է դարձել և այդ ամենի մասին պատմել իր «Արյան և արցունքների երկիր» (1921 թ.) գրքում: Չնայած մահացու վտանգին՝ նա օգնել է հազարավոր հայ որբերի վերականգնվել Ուրֆայի իր հոսպիտալում:
Նա շվեյցարիացի դեղագործ էր, ով մնացել է Թուրքիայում՝ ծառայելով հիվանդ և վիրավոր ոչ մահմեդականներին Ուրֆայի հոսպիտալում, ու հավաքագրել զանազան փաստեր հայկական ջարդերի մասին։
1922 թվականի հոկտեմբերին նա փակել է իր հոսպիտալը և ընտանիքով տեղափոխվել Ղազիր՝ Բեյրութի մոտակայք, որտեղ հայ որբ երեխաների կենտրոն է բացել։ Ավելի ուշ Բեյրութում հիմնել է ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ այրիների բնակավայր, իսկ Ազունջեհում՝ թոքերի հիվանդների համար առողջարան:
Հիվանդ, որբ հայ աղջնակին խնամելիս անտեսանելի բացիլը ներթափանցել է Կյունցլերի ձեռքի աննշմար քերծվածքի մեջ՝ առաջացնելով փտախտ՝ ստեղծելով արյան վարակի սպառնալիք: 1923 թվականին Բեյրութի հիվանդանոցներից մեկում անդամահատել են Յակոբ Կյունցլերի աջ ձեռքը։
Գերմանացի հոգևորական, հասարակական գործիչ, արևելագետ
Յոհաննես Լեփսիուսը, դատապարտելով թուրքական իշխանությունների հայաջինջ գործողությունները, իր երկրի կառավարությունից պահանջել է ազդու միջոցներով դադարեցնել հայերի կոտորածները։ Նրա երկերը և դիվանը (պատմական փաստաթղթերի ժողովածու) ապացուցում են, որ Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում Առաջին աշխարհամարտի (1914 - 1918 թթ.) ժամանակ կատարվել է Հայոց ցեղասպանություն:
1915 թ.-ի հուլիսին` հայերի շարունակվող տեղահանության և կոտորածների շրջանում, Լեփսիուսը հանդիպել է երիտթուրքական եռապետության պարագլուխների և Հայոց ցեղասպանության գլխավոր հանցագործներից Էնվերի հետ, պահանջել դադարեցնել ոճրագործությունը, սակայն ապարդյուն։
1915 թ.-ի սեպտեմբերին շվեյցարական թերթում հրատարակել է «Մի ամբողջ ժողովրդի ոչնչացումը» հոդվածը՝ սկզբնավորելով հայապաշտպան մեծ արշավը։ 1916 թ.-ին հրատարակել է «Տեղեկագիր հայ ժողովրդի կացության մասին Թուրքիայում» երկը, որը բաժանել է Գերմանիայի քաղաքական և եկեղեցական գործիչներին։
1919 թ.-ին այդ գիրքը վերահրատարակել է լրացումներով՝ «Հայ ժողովրդի մահը» վերնագրով: 1921 թ.-ին Բեռլինում կայացած Սողոմոն Թեհլերյանի դատավարության ժամանակ հանդես է եկել որպես վկա և մերկացրել երիտթուրք ոճրագործ Թալեաթ փաշային։ Շարունակել է նյութական օգնություն ցույց տալ հայ որբերին ու փախստականներին, Խորհրդային Հայաստան է ուղարկել Գերմանա-հայկական ընկերության հայթայթած դեղորայքը:
Ֆրանսիացի բանաստեղծ, թատերագետ, հասարակական գործիչ
Պիեռ Քիյարը եղել է «Pro Armenia» («Հայաստանի համար») ֆրանսերեն երկշաբաթաթերթի գլխավոր խմբագիր, Մարդկային իրավունքների լիգայի գլխավոր քարտուղար, մեծ հայասեր և հայ դատի պաշտպան: Տարբեր հավաքներում բազմիցս հանդես է եկել Օսմանյան կայսրությունում ճնշված ժողովուրդների, հատկապես հայերի և մակեդոնացիների իրավունքների պաշտպանությամբ, քննադատել այդ հարցում մեծ տերությունների պասիվ դիրքորոշումը։
Լինելով Կ. Պոլսում 1895 թ.-ի հայերի կոտորածների ականատեսը՝ այդ մասին թղթակցություններ է ուղարկել ֆրանսիական մամուլին։ Պաշտոնավարել Պոլսի Կեդրոնական և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ վարժարաններում։ Հեղինակ է Հայկական հարցի վերաբերյալ բազմաթիվ աշխատությունների և հոդվածների («Հայկական հարցը և Եվրոպան», 1896թ., «Նկատառումներ և փաստաթղթեր ի պաշտպանություն հայերի», 1902թ. և այլն)։
Քրիստափոր Միքայելյանի մտերիմ ընկերն ու բարեկամն էր, նրա գաղափարների ջերմեռանդ պաշտպանը։ Ֆրանսիացի մտավորականի մասին հետևյալ կերպ է արտահայտվել Դանիել Վարուժանը․ «Քիյար ծառայեց ազգի մը, զօր ուրիշներ զգետնեցին, որուն լեղի ու քացախ մատռվակեցին։ Հիմա՜ր պիտի կոչեին շատեր, Վե՜հ պիտի կոչեին ուրիշներ անոր, որ սպասարկեց Խաչելութեան մը։ Ու երբ վաղը, յանուն մեր կրանիթե հավատքին, բարձրացնենք մեր հաղթանակին լեռնակուտակ մարմարները՝ Փիեր Քիյարի արձանին վրա հայ ազգը ոսկի մուրճով պիտի քանդակ է․ «Ահա ֆրանսիացի մը, որ հայութեան ծառայեց՝ քաղաքակրթութիւնը փրկելու համար»»։
Դերկոմս, անգլիական պետական, հասարակական-քաղաքական գործիչ, իրավաբան, պատմաբան
1876 թվականին հիմնել է Անգլո-հայկական ընկերությունը և որպես նրա նախագահ՝ նույն թվականի աշնանը ճանապարհորդել է Ռուսաստանով Կովկաս ու Հայաստան, ապա եղել Օսմանյան կայսրությունում: 1894 թվականի հայկական ջարդերի ժամանակ հանդես է եկել հայանպաստ հոդվածներով անգլիական և ամերիկյան մամուլում:
Բրայսն առաջինն էր Անգլիայում, ով արձագանքել է հայ ժողովրդի 1915 թվականի ցեղասպանությանը, ակտիվորեն մասնակցել բրիտանա-հայկական Կարմիր խաչի և Փախստականների ֆոնդի ստեղծմանը: 1916 թվականին Բրայսի խմբագրությամբ և ընդարձակ աոաջաբանով Լոնդոնում լույս է տեսել «Հայերի վիճակը Օսմանյան կայսրությունում 1915-1916 թթ.» փաստաթղթերի ժողովածուն («Կապույտ գիրք»), որտեղ զետեղված են բազմաթիվ հաղորդագրություններ և վկայություններ հայկական կոտորածների ու տեղահանությունների վերաբերյալ, որոնք մերկացնում են երիտթուրքերի ազգայնամոլ, հայասպան քաղաքականությունը:
Հայերի պաշտպանությամբ Բրայսը հաճախ հանդես է եկել հրապարակային ելույթներով: Մասնավորապես 1920 թվականի փետրվարին Լորդերի պալատում արտասանած ճառում Բրայսը մեղադրել է քեմալականներին Կիլիկիայի հայերին հետապնդելու համար, քննադատել Բրիտանիայի հետպատերազմյան քաղաքականությունը հայկական հարցում: Սերտ հարաբերությունների մեջ է եղել հայ հասարակական-քաղաքական գործիչների, մասնավորապես Արշակ Չոպանյանի և Պողոս Նուբար փաշայի հետ:
Հրեական ծագում ունեցող լեհ իրավագետ
Էական ներդրում է ունեցել Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի ընդունման գործում, ներկայացրել է կոնվենցիայի համաձայնագրի նախնական բանաձևը:
Լեմկինը «ցեղասպանություն» եզրը հղացել է Լվովի համալսարանում ուսանելու տարիներին, նա բնորոշել է ցեղասպանությունն իր «Axis Rule in Occupied Europe» գործում։
Թեև թյուր կարծիք կա, թե Լեմկինը ցեղասպանություն եզրը մտածել է հոլոքոստը բնութագրելու համար, բայց նրա նպատակն էր բնութագրել հնագույն ռազմական մարտավարությունը, որը վերակենդանացրել էին նացիստները. 1944 թվականին, երբ Ռաֆայել Լեմկինը ստեղծեց «ցեղասպանություն» եզրը, նա հիմք ընդունեց 1915 թվականի հայերի ոչնչացումը՝ որպես հիմնարար օրինակ:
Ավստրիացի գրող և հումանիստ
«Մուսա լեռան 40 օրը» վեպն առանձնակի տեղ է գրավում Վերֆելի ստեղծագործությունների մեջ։ Ստեղծագործության համար հիմք են ծառայել 1915 թվականի Կիլիկիայի Սուեդիայի շրջանի հայության հերոսական պայքարը թուրքական ջարդարարների դեմ։
Վեպը գրելիս Վերֆելը օգտագործել է ականատեսների վկայություններ, լրատվական նյութեր, ուսումնասիրել հայ ժողովրդի պատմությունը, կրոնն ու մշակույթը։
Վեպը մեծ հաջողություն է ունեցել ընթերցողների շրջանում, 1934 թ. արժանացել է տարվա լավագույն վեպի միջազգային մրցանակին և այսօր էլ համարվում է Վերֆելի առանցքային ստեղծագործություններից մեկը։ Թարգմանվել է աշխարհի ավելի քան 20 լեզուներով, այդ թվում և հայերեն:
Նորվեգացի բևեռախույզ, գիտնական, դիվանագետ և ականավոր հումանիստ, իրավաբան, պատմաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր
Նանսենի հասարակական գործունեության մեջ կարևոր տեղ են գրավել հայանպաստ աշխատանքը, ջանքերը Հայ դատի արդարացի լուծման և հայ գաղթականների դրության բարելավման համար: Նա խստագույնս դատապարտել է սուլթան Աբդուլ Համիդ II-ի և երիտթուրքերի կազմակերպած հայերի ցեղասպանությունը:
Նանսենը մեծապես օգնել է գաղթականներին. բազմահազար հայ փախստականներ ստացել են «Նանսենյան անձնագրեր», որը մասամբ թեթևացրել է նրանց դրությունը: Առաջարկել է պայմաններ ստեղծել հայ գաղթականներին Խորհրդային Հայաստան հայրենադարձնելու համար, գլխավորել է հայրենադարձության հանձնաժողովը (1925-29 թթ.):
Այդ նպատակով Նանսենն իր հանձնաժողովով 1925 թ-ի հունիսին ժամանել է Երևան, եղել է հանրապետության տարբեր շրջաններում, պարզել գաղթականներին ընդունելու հնարավորությունները, մասնակցել Շիրկանալի (Շիրակի ջրանցք) բացմանը: Վերադառնալով Ժնև` Ազգերի լիգային ներկայացրել է զեկուցագիր, ըստ որի՝ օգնություն ցուցաբերելու դեպքում Հայաստանը կարող է տեղավորել 25-30 հազար գաղթականի:
Տեսնելով, որ Ազգերի լիգան դանդաղում է հայ գաղթականության հայրենադարձման հարցում, Նանսենն ինքն է մարդասիրական ուղիներով հայթայթել անհրաժեշտ միջոցներ և տրամադրել 7 հազար հայ գաղթականների հայրենադարձության կազմակերպման համար:
Նանսենի բազմաթիվ հոդվածներ, զեկուցագրեր, ելույթներ նվիրված են հայ ժողովրդի պատմությանն ու Հայաստանին: 1927 թ-ին նորվեգերեն հրատարակվել է նրա «Հայաստանում» ծավալուն գիրքը, որը թարգմանվել է անգլերեն ու ֆրանսերեն` «Հայաստանը և Մերձավոր Արևելքը», գերմաներեն` «Խաբված ժողովուրդ» վերնագրերով: Ընդ որում՝ գրքի վրա կարմիր տառերով գրված է «Մեղադրանք Անտանտի ու Ազգերի լիգայի դեմ»:
«Հայերի միգրացիան 20-րդ դարում և գլոբալացման արդի մարտահրավերները» խորագրով գիտաժողովի նախաձեռնողը ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի միգրացիայի ուսումնասիրության կենտրոնն է:
Միջազգային գիտաժողովին կմասնակցեն ոչ միայն ԵՊՀ-ի, այլև արտերկրի ուսումնական և հետազոտական կառույցներից ժամանած մասնագետները:
Գիտաժողովի մասնակիցները կներկայացնեն 20-րդ դարի սկզբին կատարված իրադարձություններն ու դրանց արդյունքում տեղի ունեցած միգրացիոն գործընթացները, ինչպես նաև գլոբալացման արդի հիմնահարցերն ու մարտահրավերները:
ԵՊՀ պատմության թանգարանի նախաձեռնությամբ համալսարանում տեղի կունենա «Համալսարանի հիմնադրումը՝ որպես հայ ժողովրդի հետ ցեղասպանական հոգևոր վերածնունդ» վերտառությամբ բաց դաս:
Միջոցառման նպատակն է ուսանողությանն իրազեկել Հայոց ցեղասպանությանը հաջորդող պատմական ժամանակաշրջանում Երևանի համալսարանի հիմնադրման կարևորության մասին:
Բաց դասը տեղի կունենա ապրիլի 8-ին՝ ժամը 11:00-ին:
ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը 2015 թ-ի ապրիլի 9-10-ը կազմակերպում է երիտասարդական հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Գիտաժողովի զեկուցումները պետք է վերաբերեն Հայոց ցեղասպանությանը կամ առհասարակ ցեղասպանագիտությանը: Խրախուսվում է խնդիրների դիտարկումը պատմագիտության, իրավագիտության, ազգագրության, սոցիոլոգիայի, հոգեբանության, գրականագիտության, միջազգային հարաբերությունների, աստվածաբանության, ժուռնալիստիկայի և այլ գիտակարգերի տեսանկյունից:
Ներկայացվելիք զեկուցման ամբողջական էլեկտրոնային տարբերակն անհրաժեշտ է մինչև մարտի 10-ը համապատասխան ամբիոնի երաշխավորագրի սքանավորված տարբերակի հետ ուղարկել ՈՒԳԸ հրատարակումների էլեկտրոնային փոստի հասցեին (ssspub@ysu.am):
Գիտաժողովին ներկայացված այն զեկուցումները, որոնք կարժանանան համապատասխան ֆակուլտետի գիտական խորհրդի երաշխավորությանը, կտպագրվեն «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» գիտական պարբերականում:
Կից ներկայացնում ենք ՈՒԳԸ ժողովածուում տպագրվող գիտական հոդվածի չափորոշիչները:
Չափորոշիչներին չհամապատասխանող զեկուցումները չեն ընդունվելու:
ԵՊՀ ղեկավարության և Ուսանողական խորհրդի անմիջական ջանքերով Արցախում՝ Բերձորում, կտեղադրվի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված հուշաքար:
Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ՝ կկազմակերպվի նաև 100 հատ ընկուզենիների տնկում:
Գոնսալո Գուարչի «Սպիտակ լեռը» վեպի թարգմանության աշխատանքները նախաձեռնել է ԵՊՀ հրատարակչությունը:
Գուարչի եռագրությունը՝ «Հայկական տոհմածառը», «Հայոց կտակ», «Սպիտակ լեռը», ներկայացնում է ոչ միայն 1915 թ-ի ողբերգական իրադարձությունները, այլեւ քաղաքական այն դրդապատճառները, որոնք հանգեցրել են Ցեղասպանությանը:
Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ ԵՊՀ գրադարանի մուտքի մոտ կհիմնադրվի երախտիքի ծառուղի, որտեղ կտեղադրվեն հայանպաստ գործունեություն ծավալած օտարազգի հայտնի գործիչների կիսանդրիները:
Կտեղադրվեն 20-րդ դարի սկզբի մեծագույն ողբերգությունը հասարակական լայն շրջանակներում քննադատած, բողոքի ու կարեկցանքի խոսքեր արտահայտած, ինչպես նաև հայության մի ստվար հատվածին մահվան ճիրաններից փրկած ու բազմապիսի օգնություն ցուցաբերած օտարազգի հայտնի գործիչների կիսանդրիները:
Այդպիսի գործիչների թիվը շատ է, սակայն խորհրդանշական ընտրվել են 12 գործիչ՝ Ֆրիտյոֆ Նանսեն, Ֆրանց Վերֆել, Յոհաննես Լեփսիուս, Կարեն Յեպպե, Հենրի Մորգենթաու, Ջեյմս Բրայս, Արմին Վեգներ, Անատոլ Ֆրանս, Յակոբ Քյունցլեր, Ռաֆայել Լեմկին, Պիեռ Քիառ և Ալմա Յոհանսոն:
ԵՊՀ գիտական խորհրդի ընդլայնված նիստը տեղի կունենա ապրիլի 21-ին՝ ԵՊՀ մեծ դահլիճում, ժամը 11:30-ին:
Հիմնական զեկուցողն է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ով կներկայացնի «Ցեղասպանությունից վերածնունդ» վերտառությամբ զեկույց:
Նիստի ընթացքում անդրադարձ կլինի նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման և իրականացման աշխատանքներին:
ԵՊՀ մշակույթի կենտրոնը կազմակերպում է Հայոց ցեղասպանությանը նվիրված հայկական, արտասահմանյան փաստավավերագրական և գեղարվեստական ֆիլմերի ցուցադրություններ:
Կլինի նաև վավերագրական խրոնիկա:
Ֆիլմերը ցուցադրվելու են ԵՊՀ մշակույթի կենտրոնի «Կինոակումբ»-ի շրջանակներում: Կհրավիրվեն ֆիլմերի ստեղծագործական խմբերի ներկայացուցիչները, իսկ ցուցադրությունից հետո տեղի են ունենալու քննարկումներ:
Ընտրված ֆիլմերի վերաբերյալ հանդիսատեսն էսսեներ գրելու հնարավորույթուն կունենա:
Կինոդիտումները սկսվելու են ապրիլից և շարունակվելու են ամբողջ տարվա ընթացքում՝ ամեն չորեքշաբթի՝ ժամը 15:00-ին: Ներկայացվող ֆիլմերի ցանկում ներառված են հետևյալ ֆիլմերը՝
ՀՀ նախագահի գլխավորությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի ծրագրերի շրջանակներում
2015 թ-ի ապրիլի 22-23-ը Երևանում տեղի է ունենալու «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» խորագրով գլոբալ ֆորում:
Ֆորումի շրջանակներում տեղի է ունենալու «Ցեղասպանության հետևանքների վերացման և պատասխանատվության խնդիրները» խորագրով առանձին նիստ, որտեղ քննարկվելու են Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա համար պատասխանատվության միջազգային իրավական հիմնահարցերը:
Նիստին իր անմիջական մասնակցությունը կցուցաբերի ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը:
ԵՊՀ մշակույթի կենտրոնը կազմակերպում է «Աշխարհասփյուռ հայ արվեստագետներ» միջոցառումների շարքը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ամբողջ տարվա ընթացքում կներկայացվեն Ցեղասպանության հետևանքով որևէ երկրում (Ֆրանսիա, ԱՄՆ, Գերմանիա, Իտալիա, Սիրիա, Լիբանան, Շվեդիա, Ուրուգվայ, Նորվեգիա) հայտնված հայ արվեստագետների գործունեության մասին նյութեր:
Անդրադարձ կլինի տվյալ երկրների ծեսերին ու ավանդույթներին, ազգային երգ ու պարին, տոներին և հայտնի մշակութային գործիչներին:
Առաջին հուշ ցերեկույթը տեղի կունենա ապրիլի 17-ին: