«Հայերի միգրացիան 20-րդ դարում և գլոբալացման արդի մարտահրավերները» խորագրով գիտաժողովի նախաձեռնողը ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի միգրացիայի ուսումնասիրության կենտրոնն է:
Միջազգային գիտաժողովին կմասնակցեն ոչ միայն ԵՊՀ-ի, այլև արտերկրի ուսումնական և հետազոտական կառույցներից ժամանած մասնագետները:
Գիտաժողովի մասնակիցները կներկայացնեն 20-րդ դարի սկզբին կատարված իրադարձություններն ու դրանց արդյունքում տեղի ունեցած միգրացիոն գործընթացները, ինչպես նաև գլոբալացման արդի հիմնահարցերն ու մարտահրավերները:
ԵՊՀ պատմության թանգարանի նախաձեռնությամբ համալսարանում տեղի կունենա «Համալսարանի հիմնադրումը՝ որպես հայ ժողովրդի հետ ցեղասպանական հոգևոր վերածնունդ» վերտառությամբ բաց դաս:
Միջոցառման նպատակն է ուսանողությանն իրազեկել Հայոց ցեղասպանությանը հաջորդող պատմական ժամանակաշրջանում Երևանի համալսարանի հիմնադրման կարևորության մասին:
Բաց դասը տեղի կունենա ապրիլի 8-ին՝ ժամը 11:00-ին:
ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը 2015 թ-ի ապրիլի 9-10-ը կազմակերպում է երիտասարդական հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Գիտաժողովի զեկուցումները պետք է վերաբերեն Հայոց ցեղասպանությանը կամ առհասարակ ցեղասպանագիտությանը: Խրախուսվում է խնդիրների դիտարկումը պատմագիտության, իրավագիտության, ազգագրության, սոցիոլոգիայի, հոգեբանության, գրականագիտության, միջազգային հարաբերությունների, աստվածաբանության, ժուռնալիստիկայի և այլ գիտակարգերի տեսանկյունից:
Ներկայացվելիք զեկուցման ամբողջական էլեկտրոնային տարբերակն անհրաժեշտ է մինչև մարտի 10-ը համապատասխան ամբիոնի երաշխավորագրի սքանավորված տարբերակի հետ ուղարկել ՈՒԳԸ հրատարակումների էլեկտրոնային փոստի հասցեին (ssspub@ysu.am):
Գիտաժողովին ներկայացված այն զեկուցումները, որոնք կարժանանան համապատասխան ֆակուլտետի գիտական խորհրդի երաշխավորությանը, կտպագրվեն «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» գիտական պարբերականում:
Կից ներկայացնում ենք ՈՒԳԸ ժողովածուում տպագրվող գիտական հոդվածի չափորոշիչները:
Չափորոշիչներին չհամապատասխանող զեկուցումները չեն ընդունվելու:
ԵՊՀ ղեկավարության և Ուսանողական խորհրդի անմիջական ջանքերով Արցախում՝ Բերձորում, կտեղադրվի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված հուշաքար:
Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ՝ կկազմակերպվի նաև 100 հատ ընկուզենիների տնկում:
Գոնսալո Գուարչի «Սպիտակ լեռը» վեպի թարգմանության աշխատանքները նախաձեռնել է ԵՊՀ հրատարակչությունը:
Գուարչի եռագրությունը՝ «Հայկական տոհմածառը», «Հայոց կտակ», «Սպիտակ լեռը», ներկայացնում է ոչ միայն 1915 թ-ի ողբերգական իրադարձությունները, այլեւ քաղաքական այն դրդապատճառները, որոնք հանգեցրել են Ցեղասպանությանը:
Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ ԵՊՀ գրադարանի մուտքի մոտ կհիմնադրվի երախտիքի ծառուղի, որտեղ կտեղադրվեն հայանպաստ գործունեություն ծավալած օտարազգի հայտնի գործիչների կիսանդրիները:
Կտեղադրվեն 20-րդ դարի սկզբի մեծագույն ողբերգությունը հասարակական լայն շրջանակներում քննադատած, բողոքի ու կարեկցանքի խոսքեր արտահայտած, ինչպես նաև հայության մի ստվար հատվածին մահվան ճիրաններից փրկած ու բազմապիսի օգնություն ցուցաբերած օտարազգի հայտնի գործիչների կիսանդրիները:
Այդպիսի գործիչների թիվը շատ է, սակայն խորհրդանշական ընտրվել են 12 գործիչ՝ Ֆրիտյոֆ Նանսեն, Ֆրանց Վերֆել, Յոհաննես Լեփսիուս, Կարեն Յեպպե, Հենրի Մորգենթաու, Ջեյմս Բրայս, Արմին Վեգներ, Անատոլ Ֆրանս, Յակոբ Քյունցլեր, Ռաֆայել Լեմկին, Պիեռ Քիառ և Ալմա Յոհանսոն:
ԵՊՀ գիտական խորհրդի ընդլայնված նիստը տեղի կունենա ապրիլի 21-ին՝ ԵՊՀ մեծ դահլիճում, ժամը 11:30-ին:
Հիմնական զեկուցողն է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ով կներկայացնի «Ցեղասպանությունից վերածնունդ» վերտառությամբ զեկույց:
Նիստի ընթացքում անդրադարձ կլինի նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման և իրականացման աշխատանքներին:
ԵՊՀ մշակույթի կենտրոնը կազմակերպում է Հայոց ցեղասպանությանը նվիրված հայկական, արտասահմանյան փաստավավերագրական և գեղարվեստական ֆիլմերի ցուցադրություններ:
Կլինի նաև վավերագրական խրոնիկա:
Ֆիլմերը ցուցադրվելու են ԵՊՀ մշակույթի կենտրոնի «Կինոակումբ»-ի շրջանակներում: Կհրավիրվեն ֆիլմերի ստեղծագործական խմբերի ներկայացուցիչները, իսկ ցուցադրությունից հետո տեղի են ունենալու քննարկումներ:
Ընտրված ֆիլմերի վերաբերյալ հանդիսատեսն էսսեներ գրելու հնարավորույթուն կունենա:
Կինոդիտումները սկսվելու են ապրիլից և շարունակվելու են ամբողջ տարվա ընթացքում՝ ամեն չորեքշաբթի՝ ժամը 15:00-ին: Ներկայացվող ֆիլմերի ցանկում ներառված են հետևյալ ֆիլմերը՝
- «Մայրիկ» (Անրի Վերնոյ)
- «Արտույտների ագարակը» (Տավյանի եղբայրներ)
- «Նահապետը» (Հենրիկ Մալյան)
- «Կարոտը» (Ֆրունզե Դովլաթյան)
- «Ապրիլ» (Վիգեն Չալդրանյան)
- «Վանա ծովուն արշալույսը» (Արտակ Իգիթյան)
ՀՀ նախագահի գլխավորությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի ծրագրերի շրջանակներում
2015 թ-ի ապրիլի 22-23-ը Երևանում տեղի է ունենալու «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» խորագրով գլոբալ ֆորում:
Ֆորումի շրջանակներում տեղի է ունենալու «Ցեղասպանության հետևանքների վերացման և պատասխանատվության խնդիրները» խորագրով առանձին նիստ, որտեղ քննարկվելու են Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա համար պատասխանատվության միջազգային իրավական հիմնահարցերը:
Նիստին իր անմիջական մասնակցությունը կցուցաբերի ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը:
ԵՊՀ մշակույթի կենտրոնը կազմակերպում է «Աշխարհասփյուռ հայ արվեստագետներ» միջոցառումների շարքը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ամբողջ տարվա ընթացքում կներկայացվեն Ցեղասպանության հետևանքով որևէ երկրում (Ֆրանսիա, ԱՄՆ, Գերմանիա, Իտալիա, Սիրիա, Լիբանան, Շվեդիա, Ուրուգվայ, Նորվեգիա) հայտնված հայ արվեստագետների գործունեության մասին նյութեր:
Անդրադարձ կլինի տվյալ երկրների ծեսերին ու ավանդույթներին, ազգային երգ ու պարին, տոներին և հայտնի մշակութային գործիչներին:
Առաջին հուշ ցերեկույթը տեղի կունենա ապրիլի 17-ին:
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի սոցիալական հոգեբանության ամբիոնը կազմակերպում է «Ցեղասպանության սոցիալ-հոգեբանական և ախտահոգեբանական հետևանքները» խորագրով գիտաժողով, որը տեղի է ունենալու ապրիլի 17-ին՝ ժամը 10:30-ին:
Հոդվածներն ուղարկել avemari88@gmail.com և psychology@ysu.am էլեկտրոնային հասցեներին:
Հոդվածների ընդունման վերջնաժամկետը մարտի 3-ն է:
Գիտժողովի մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ այստեղ:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը ֆակուլտետի ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի աջակցությամբ կազմակերպում է ցեղասպանության տարբեր խնդիրներին նվիրված էսսեների մրցույթ:
Մասնակցելու համար անհրաժեշտ է անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն կամ ֆրանսերեն լեզուներով էսսեները մինչև ս.թ. մարտի 25-ն ուղարկել sss.romance.germanic@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին:
Բովանդակային և քերականական միջին գնահատականների հանրագումարով ընտրված լավագույն էսսեները կարժանանան պարգևների:
Մրցույթը կամփոփվի ապրիլի 20-ին:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում ԵՊՀ ռեկտորատի և Աստվածաբանության ֆակուլտետի ղեկավարության նախաձեռնությամբ ԵՊՀ 6-րդ մասնաշենքի բակում կտեղադրվի Հայոց եղեռնի զոհերին նվիրված հուշակոթող:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը ապրիլի 13-ին կազմակերպում է հուշ-ցերեկույթ՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած խմբագիրներին ու հրապարակախոսներին:
Միջոցառման մասնակիցները կանդրադառնան Խաչատուր Մալումյանին և Ռուբեն Զարդարյանին:
Խաչատուր Մալումյանը (Երվանդ Ակնունի) հայ մեծագույն հրապարակախոսներից մեկն էր: 1910-ին Խ. Մալումյանը Անդրանիկ Օզանյանի հետ Բոստոնում հիմնադրել է Հայ օգնության միությունը, որի 105-ամյակը տոնվելու է այս տարի: Մեծ քաղաքական գործիչը նաև հիանալի հռետոր էր: 1915-ի ապրիլի 23-ի գիշերը նա Էնվերի և Թալեաթի հյուրն էր: 24-ի լույս առավոտյան նա ձերբակալվում է ու Զոհրապի, Սիամանթոյի, Զարդարյանի և այլոց հետ աքսորվում Տիգրանակերտ, որտեղ էլ կնքում է իր մահկանացուն:
Հայ արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ, խմբագիր, հրապարակախոս ՌուբենԶարդարյանը գրական ասպարեզ է մտել 1890-ականների սկզբներից՝ Խարբերդից աշխատակցելով պոլսահայ թերթերին: Նրա գրական ժառանգությունը բազմերանգ ու բազմաժանր է` հեքիաթից մինչև թարգմանություն: Ձերբակալվել և սպանվել է 1915-ի ապրիլի 24-ին:
ԵՊՀ գրադարանի ղեկավարության ջանքերով համալսարանի գրադարանում կբացվի ցեղասպանագիտական գրականության սրահ, որտեղ ներկայացված կլինեն Ցեղասպանության վերաբերյալ տարբեր ժամանակներում լույս տեսած գրքեր, աշխատություններ և ուսումնասիրություններ:
Սրահի բացումը տեղի կունենան ապրիլի 21-ին՝ ժամը 10:30-ին, ԵՊՀ գրադարանի մասնաշենքում:
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Մայր բուհում կազմակերպվում է թեմատիկ ցուցադրությունների շարք:
Մասնավորապես ԵՊՀ պատմության թանգարանն ապրիլին կկազմակերպի «Էրգիրը տիրոջ աչքերով» խորագրով ցուցադրություն:
ԵՊՀ գրադարանի տնօրինության նախաձեռնությամբ էլ տեղի կունենան Մեծ եղեռնին նվիրված գրականության ցուցահանդես, ինչպես նաև «Հայոց ցեղասպանությունը նկարներում» խորագրով ցուցադրություն:
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնն իրականացրել է Ցեղասպանության սոցիոլոգիական հիմնախնդիրներին վերաբերող դաշտային հետազոտություն:
Հետազոտությունն ամբիոնը սկսել է դեռևս փետրվար ամսին: Ուսումնասիրության արդյունքները հեղինակները մտադրված են ամփոփել ապրիլին:
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը նախաձեռնել է Հայոց ցեղասպանության շուրջ փաստահավաք, որի շրջանակներում ստեղծվել է համացանցային բազմագործառութային համակարգ-պորտալ:
Համակարգ-պորտալը գործում է www.armeniansgenocide.am հասցեով:
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժինն իրականացնում է այցելություններ ՀՀ թանգարաններ:
Ամբողջ տարվա ընթացքում համալսարանականները կայցելեն Մատենադարան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, Հայաստանի պատմության, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի, ՀՀ ՊՆ Մայր Հայաստան զինվորական, «Սարդարապատ» պետական ազգագրության թանգարաններ:
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի նախաձեռնությամբ մայիսի 20-ին կանցկացվի «Եղեռնապատումը հայ գեղարվեստական գրականության մեջ» վերտառությամբ նստաշրջան, որի նպատակն է գիտական նորովի գնահատական տալ եղեռնապատումի գրականությանը:
Գիտական նստաշրջանի մասնակիցները կներկայացնեն հայ գեղարվեստական գրականության մեջ Հայոց ցեղասպանության խնդրին վերաբերող անդրադարձները, դրանց ժանրային առանձնահատկությունները և մի շարք այլ հիմնահարցեր:
ԵՊՀ մշակույթի կենտրոնը Հայաստանի գրողների միության հետ համատեղ կազմակերպում է հայ երիտասարդ ստեղծագործողների գրական միջազգային մրցույթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Մրցույթին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ երիտասարդներ:
Նախատեսվում է նաև ընտրված գործերի գրքի տպագրություն՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
«Հայոց ցեղասպանության պատմական, միջազգային, իրավական և մշակութային հիմնահարցերը» խորագրով ներհամալսարանական գիտաժողովի կազմակերպիչներն են ԵՊՀ պատմության, միջազգային հարաբերությունների, իրավագիտության, արևելագիտության և ժուռնալիստիկայի ֆակուլտետները:
Գիտաժողովի ընթացքում Հայոց ցեղասպանությանը վերաբերող մի շարք հարցեր զեկուցողների կողմից կմեկնաբանվեն պատմական, միջազգային և իրավական տեսանկյուններից՝ ներկայացնելով առաջացած խնդիրներն ու հնարավոր հեռանկարները:
Ներկայացվող զեկուցումները կվերաբերեն նաև Ցեղասպանության ճանաչման խնդրի քննությանը ինչպես արևելահայ, սփյուռքահայ, այնպես էլ արտասահմանյան պարբերականներում:
Ընդգրկման ժամանակահատվածը բավականին մեծ է. այն ներառում է ցեղասպանության նախօրեն և դրանից հետո ընկած ամբողջ ժամանակահատվածը՝ մինչև մեր օրերը:
Ամբողջ տարվա ընթացքում կազմակերպվող՝ Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներից անմասն չի մնում նաև Երևանի պետական համալսարանը:
Այս կապակցությամբ Մայր բուհում կազմակերպվում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բավականին ընդգրկուն դասախոսությունների շարք, որի նախաձեռնողներն են ԵՊՀ արևելագիտության, ռոմանագերմանական բանասիրության և հայ բանասիրության ֆակուլտետները:
Մասնավորապես Արևելագիտության ֆակուլտետը նախատեսում է ապրիլ ամսին «Հայոց ցեղասպանության խնդիրը Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականության մեջ» վերտառութամբ դասախոսություններ կազմակերպել:
Հայ բանասիրության ֆակուլտետը կանդրադառնա Հայոց ցեղասպանության գեղարվեստական արտացոլմանը Վ. Թեքեյանի, Շ. Շահնուրի, Դ. Վարուժանի, Սիամանթոյի, Հ. Թումանյանի և մի շարք այլ մեծերի ստեղծագործություններում:
Իսկ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ներկայացուցիչը սույն թվականի մայիսին «Ցեղասպանությունից մազապուրծ հայ փախստականների լեզվամշակութային ադապտացիայի խնդիրները» և «Պարտադրված տեղահանություն, թե ցեղասպանություն» թեմաներով դասախոսություններ կկարդա Իտալիայի Բերգամո համալսարանում:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ղեկավարության անմիջական ջանքերով լույս կտեսնի «Ժուռնալիստիկա. Տեսության և պատմության հարցեր» ԺԳ պրակը:
Պրակի հրատարակությունը նվիրվելու է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
Երևանի պետական համալսարանը 2013-2014 ուստարվանից սկսել է իրականացնել «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագիրը, որը կազմակերպվում է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտում:
Հայոց մեծ եղեռնի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում կկազմակերպվի նաև «Հայոց ցեղասպանությունը և միջազգային հանրությունը» խորագրով միջազգային ամառային դպրոց:
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի «Հայագիտական հարցեր» հանդեսի 2015 թ-ի առաջին հատուկ համարը նվիրվելու է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
Կվերահրատարակվի Հաճընի 1909 թ-ի կոտորածների և ինքնապաշտպանության ականատես Ռոզ Լամբերթի հուշերի մասին պատմող անգլերեն գիրքը:
Ամերիկուհի ականատեսի հուշերի վերահրատարակումը հնարավոր է դարձել ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի շնորհիվ:
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժինը ստանձնել է ուսանողական արշավների կազմակերպման գործը:
Նախաձեռնության շրջանակներում համալսարանականները կայցելեն Հայաստանի և Վրաստանի հանրապետությունների հայկական հնագույն պատմամշակութային վայրեր:
Նախատեսվում են արշավներ հետևյալ ուղղություններով՝ Երևան-Խոր վիրապ-Նորավանք-Զորաց քարեր-Տաթև-Վահանավանք-Հալիձոր, Երևան-Շուշի-Գանձասար-Ամարաս-Դադիվանք, Երևան-Հառիճավանք-Ջարդի ձոր-Սառնաղբյուր, Երևան-Քոբայր, Երևան-Դղեր(Տեղեր)-Օրգով-Բյուրավան, Երևան-Օհանավանք-Սաղմոսավանք-Սանահին-Հաղպատ-Օձուն, Ջավախք, Երևան-Հաղարծին-Գոշավանք-Մակարավանք, Հայրավանք-Նորադուս-Արծվանիստ:
Ռոլֆ Հոսֆիլդի «Մահ անապատում. Հայոց ցեղասպանություն» մենագրությունը գերմաներենից հայերեն է թարգմանվել:
Թարգմանության վերաբերյալ ուսումնասիրությունն իրականացնում է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը:
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը նախաձեռնել է 1909 թ-ին Կիլիկիայում իրականացված կոտորածների մասին վկայող օտարալեզու փաստաթղթերի ժողովածուի կազմման և հրատարակման գործը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ջանքերով լույս կտեսնի Հայոց ցեղասպանության ատլաս՝ անգլերեն լեզվով:
ԵՊՀ մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ համալսարանում կբեմականացվի բոստոնահայ Ջոյս վան Դայկի տատիկի պատմությունը ներկայացնող «Աքսորվածները» երազ-պիեսը:
Հայոց մեծ եղեռնին նվիրված բեմադրությունը հոկտեմբերի 29-ին կներկայացվի հայերեն:
Ուսումնասիրվել է գերմանացի հասարակական գործիչ, արևելագետ և հոգևորական Յոհաննես Լեփսիուսի և նրա ղեկավարած «Գերմանական արևելյան առաքելություն» կազմակերպության կողմից իրականացրած հայանպաստ գործունեությունը:
Հետազոտությունը նախաձեռնել է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը:
Հայ ու համաշխարհային հանրությանը կներկայացվեն Հայոց մեծ եղեռնի պատմության և պատմագիտության էջերից մի շարք հետաքրքրաշարժ ու կարևոր փաստեր:
Հետազոտության հեղինակն է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը:
2015 թ. հոկտեմբերի 15-16-ը տեղի կունենա Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Հայոց ցեղասպանություն-100. ճանաչումից` հատուցում» միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և Երևանի պետական համալսարանը:
Գիտաժողովում նախատեսվում է հետևյալ հիմնախնդիրների քննարկում`
- Հայոց ցեղասպանություն. պատմություն, տեսություն, հիշողություն, աշխարհաքաղաքականություն,
- Ցեղասպանության հետևանքների վերացման և հատուցման իրավաքաղաքական ու սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները,
- Հայոց ցեղասպանության արտացոլումը գրականության մեջ և արվեստում,
- Մշակութային ցեղասպանություն` «Սպիտակ Եղեռն»:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը, անգլերենը:
Խնդրում ենք Ձեր մասնակցության վերաբերյալ հայտը ուղարկել մինչև 2015 թ. հուլիսի 1-ը նշված հասցեներով:
ՀՀ, Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Երևան 0019, Մարշալ Բաղրամյանի պ., 24/4,
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ
Հեռախոս` (+374 93) 587809
Էլ. փոստ` info@orient.sci.am
Կից՝մասնակցության հայտն ու պայմանները:

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը նախատեսում է հրատարակել «Արևելագիտության հարցեր-9» գիտական հոդվածների ժողովածու:
Ժողովածուն նվիրվելու է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
«100 տարի անց. Հայոց պետականությունը սոցիոլոգիական չափումներում» գիտական հոդվածների ժողովածուի կազմման և հրատարակչական աշխատանքները նախաձեռնել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնը:
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը մի շարք ուսումնասիրություններ է իրականացրել, որոնք վերաբերում են Գերմանիայի արտաքին քաղաքականության մեջ Հայկական խնդրի արտացոլմանը:
Մասնավորապես հետազոտությունները վերաբերում են 1914-1917 թթ-ի և 1918 թ-ի ընթացքում կատարված իրադարձություններին:
էդգար Հիլզենրաթի «Վերջին մտքի հեքիաթը» վեպի 2-րդ մասը հայերենից թարգմանվել է միջազգային էսպերանտո օժանդակ լեզվի:
Գրքի թարգմանության աշխատանքների նախաձեռնողը ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտն է:
Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ջանքերով վերահրատարակվել է Ա. Վ. Անֆիատեատրովի 1906 թ-ի աշխատությունը:
Ուսումնասիրվել են նաև աշխատության նախաբանը և ծանոթագրություններ, որոնք ընդգրկվել են վերահրատարակված գրքի մեջ:
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ ԵՊՀ պատվիրակությունները կայցելեն Լիբանան, Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն:
Համալսարանականները հանդես կգան դասախոսություններով և զեկույցներով:
Կկազմակերպվեն նաև ԵՊՀ թեմատիկ հրատարակությունների ցուցահանդես-նվիրատվություն, ինչպես նաև «Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկում» պատմավավերագրական ֆիլմի ցուցադրություն:
ԵՊՀ հայագիտական հետազոտության ինստիտուտը նախաձեռնում է հրատարակել 1919-1912 թթ-ին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության մասին պատմող փաստաթղթերի ժողովածու:
Օտարալեզու ժողովածուն հրատարակվում է Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում:
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը հեղինակել է ««Զիյա Գյոքալփը և «թյուրքականության հիմունքները»» աշխատությունը:
Գիրքը հրատարակվում է Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ:
Մարիա Իմմակոլատա Մաչոտիի «Հայոց ցեղասպանությունը պատմության և հիշողության մեջ» գիրքը հրատարակության է պատրաստել ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը:
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը հրատարակման է պատրաստել «Օսմաներեն» դասագիրքը:
Դասագիրքը լույս կտեսնի Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում:
«Հայ Սփյուռքի քաղաքական ներուժը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը» խորագրով հետազոտությունն իրականացվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում:
Ուսումնասիրության կազմակերպիչներն են ԵՊՀ պատմության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետները:
Մայր բուհում իրականացվող՝ Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Հայ բանասիրության ֆակուլտետն իրականացրել է մի շարք ուսումնասիրություններ, որոնք ներկայացնում են Հայոց ցեղասպանության արտացոլումը համաշխարհային գրականության, մասնավորապես բանաստեղծությունների մեջ:
Ժողովածուում ներառված են հայերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուներով ստեղծագործություններ:
