«ԿԱԶԱ»-ն (ֆր.՝ «Կոմիտաս Շվեյցարիա – Հայաստան Բարեգործական միություն») ծնունդ է առել 1997 թվականի վերջին՝ Սիրվարդ Գազանճեանի ղեկավարած շվեյցարական Կոմիտաս երգչախմբի Հայաստանում ունեցած համերգներից հետո: Շվեյցարիայում այն գրանցված է իբրև միություն, իսկ Հայաստանում՝ որպես հիմնադրամ (2001):
Ստեղծման պահից ի վեր հիմնադրամի նպատակն է աջակցել ամենաանբարենպաստ պայմաններում գտնվող անձանց՝ միաժամանակ հավատարիմ մնալով «Սովորեցնել՝ ինչպես ձուկ որսալ պարզապես ձուկ նվիրելու փոխարեն» կարգախոսին: Այսպիսով, հիմնադրամն անշուշտ տրամադրում է նյութական օժանդակություն, սակայն առաջարկում է հատկապես կրթության հնարավորություններ և զարգացմանը նպաստող գործիքներ:
Սկզբնական շրջանում «ԿԱԶԱ»-ն նախապատվություն տվեց մարդասիրական բազմաթիվ ծրագրերի իրականացմանը Հայաստանի բոլոր շրջաններում և մասնավորապես երկրի հյուսիսում՝ նպաստելով 1988 թ.-ի երկրաշարժից ավերված գյուղերի վերաշինմանը, վերակառուցելով դպրոցներ, գիշերօթիկներ, բժշկական և սոցիալական կենտրոններ, ինչպես նաև ֆինանսավորելով սոցիալ-հոգեբանական աջակցության, զարգացման, կրթական և մշակութային ծրագրեր:
Բացի այդ, «ԿԱԶԱ»-ն 2002թ.-ից աջակցել է գյուղատնտեսությանը մի քանի մեկուսացված գյուղերում՝ Գոգարան, Արգինա, Արջուտ, ենթակառուցվածքների կառուցման միջոցով: Ներկայումս իրականացնում է սոցիալական ձեռներեցության ծրագիր։
2009 թ.-ից ի վեր հիմնադրամը շեշտը դնում է կրթական և վերապատրաստման առկա և հեռավար ծրագրերի վրա, ոչ ֆորմալ մեթոդների միջոցով՝ նպաստելու համար քաղաքացիական հասարակության առաջխաղացմանը՝աջակցելով ուսուցանողներին և ուսուցիչներին: Մասնավորապես՝ հիմնադրամը մշակել է հեռավար դասընթաց իր էլեկտրոնային ուսուցման հարթակում Moodle ծրագրաշարի միջոցով, ինչպես նաև ստեղծել է ուսուցողական խաղեր:
Իր ստեղծման օրվանից հիմնադրամն իր ուժերը ներդնում է մարդակենտրոն զբոսաշրջության զարգացման ուղղությամբ՝ միտված Հայաստանի մշակութային և մարդկային հարստությունների բացահայտմանը: Ինչպես նաև, հիմնադրամը պատրաստել է ավելի քան 300 զբոսավար:
Իր առաքելությունն իրականացնելու համար «ԿԱԶԱ»-ն ստեղծել է «Էսպաս» կրթամշակութային կենտրոնը Երևանում (2001) և «ԿԱԶԱ Գյումրի» սոցիալ-ուսուցողական և զարգացման կենտրոնը՝ Գյումրիում (2006):
«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի հետ համագործակցում է
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:
Տնօրեն՝ Տաթևիկ Բաղդասարյան
Վարչական գրասենյակ
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Թումանյան փող., 24 շենք, բն․ 5
Հեռ.՝ (+374 10) 58-40-32
Էլ. հասցե՝ kasaam@kasa.am
«Էսպաս» կենտրոն
Հասցե՝ՀՀ, ք. Երևան, Նալբանդյան 29
Հեռ.՝ (+374 10) 54-18-44
Էլ. հասցե՝ espaces@kasa.am
«ԿԱԶԱ» Գյումրի
Հասցե՝ ՀՀ, ք. Գյումրի, Շահումյան 69
Հեռ.՝(+374 312) 5-65-28
Էլ. հասցե՝ kasa.gumri@kasa.am
Կայք՝ www.kasa.am