
Հաշվի առնելով կինոյի ազդեցության մեծ ուժը նոր սերնդին մշակութային բարձր ճաշակ թելադրելու գործում, և այն հանգամանքը, որ ներկայումս թյուրըմբռնում կա կինոյի վերաբերյա՝ ԵՊՀ մշակույթի կենտրոնը 2009թ. ստեղծեց «Կինոակումբ», որտեղ հնարավոր կլինի ծանոթանալ կինոյի այնպիսի գոհարներին, որոնք իրական պատկերացում կարող են տալ կինոարվեստի ընկալման վերաբերյալ:
«Կինոակումբի» աշխատանքները կազմակերպում և համակարգում են ԵՊՀ մշակույթի կենտրոնի «Նիկե» ջոկատի անդամները ՝ ձգտելով ներգրավել առավել շատ ուսանողներ, տարածել «Կինոակումբի» գործունեությանը վերաբերող տեղեկատվություն, հնարավորինս յուրահատուկ և պատշաճ մակարդակով կազմակերպել յուրաքնչյուր հանդիպում և կինոդիտում` նպաստելով ուսանողների բարձր ճաշակի ձևավորմանը, տեղեկանալ կինոյի ոլորտի վերաբերյալ նրանց պահանջմունքներին և առաջարկություններին:
«Կինոակումբի» ստեղծման և գործունեության հիմնական գործընկերն է Հայաստանի Ազգային կինոկենտրոնը, իսկ «Կինոակումբի» համակարգողն է Ազգային կինոկենտրոնի գլխավոր նկարիչ Աշոտ համբարձումյանը: Հինգ տարի շարունակ կինոկենտրոնի աջակցությամբ իրականացվում են հայկական և արտասահմանյան արտադրության դասական, ռետրո և ժամանակակից կինոդարանի ֆիլմերի ցուցադրություններ: Յուրաքանչյուր տարի «Կինոաշուն» փառատոնի շրջանակներում մեկ ամիս շաբաթը մեկ անգամ ցուցադրվում են զուտ հայկական ֆիլմեր, լինում են նաև պրեմիերաներ: «Կինոակումբի» շրջանակներում կազմակերպվում են նաև հայտնի մշակութային գործիչներին նվիրված հոբելյանական ցուցադրություններ և կինոդիտումներ՝ կապված կարևոր մշակութային իրադարձությունների հետ:
Ֆիլմի դիտումներին մասնակցում են ինչպես Երևանի պետական համալսարանի, այնպես էլ Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի, Սլավոնական համալսարանի և այլ բուհերի ուսանողներն ու դասախոսները:
Կինոակումբի ստեղծման նպատակներն են`
- ստեղծել բուհերի շրջանակներում նմանը չունեցող կինոակումբ,
- ուսանողության շրջանում նպաստել բարձր ճաշակի ձևավորմանը,
- համագործակցել մասնագիտացված համապատասխան կառույցների հետ, և ուսանողությանը հնարավորություն ընձեռել ծանոթանալ դասական և ժամանակակից կինոարվեստի առավել արժեքավոր ֆիլմերին,
- հանդիպում-քննարկումների միջոցով ներկայացնել կինոարվեստի ինչպես ճանաչված, այնպես էլ սկսնակ երիտասարդ ներկայացուցիչներին և կենդանի շփման միջոցով հնարավորություն տալ ծանոթանալու նրանց կյանքին և ստեղծագործություններին:
Կինոդիտումների մուտքն անվճար է:
Ցուցադրությունները տեղի են ունենում ԵՊՀ Մշակույթի կենտրոնում, յուրաքանչյուր չորեքշաբթի, ժամը՝ 15.00 : Կախված ֆիլմի բնույթից` հրավիրվում են կինոգետներ, կինոռեժիսորներ, պրոդյուսերներ, դերասաններ, սցենարիստներ, ստեղծագործական խմբի ներկայացուցիչներ: Ցուցադրությունից անմիջապես հետո տեղի են ունենում քննարկումներ հյուրերի և հանդիսատեսի միջև:
Կինոակումբի համակարգողը Վարսիկ Սահրադյանն է: