Ժամանակի մարտահրավերներին դիմագրավելու և իր կրթական առաքելությունն արդյունավետ կերպով իրականացնելու համար ԵՊՀ-ն մշտապես նորացնում է իր կրթական ծրագրերի տեսականին ու բովանդակությունը, կիրառում դասավանդման և ուսուցման արդիական մեթոդներ, արդյունավետ օժանդակ ծառայություններ է մատուցում իր ուսանողներին։
ԵՊՀ կրթական ոլորտում նշանակալի կառուցվածքային փոփոխություններ են մեկնարկել դեռևս 1990-ականների կեսերից: 1995-ին ԵՊՀ-ն վերանայեց իր կրթական որակավորումների կառուցվածքը` անցնելով որակավորումների երկաստիճան համակարգի՝ բակալավրի և մագիստրոսի աստիճաններով: 2007 թ-ին ECTS կրեդիտային համակարգը ներդրվեց մագիստրոսի բոլոր ծրագրերում, իսկ մեկ տարի հետո` բակալավրի ծրագրերում:
Ներկայումս, ԵՊՀ-ն իրականացնում է 60 բակալավրի, 130 մագիստրոսի և 70 ասպիրանտական ծրագրեր, որտեղ ընդգրկված է շուրջ 18000 ուսանող (13500`բակալավրիատում, 4000՝ մագիստրատուրայում և 400՝ ասպիրանտուրայում), որից մոտ 5000-ը հեռակա ուսուցման համակարգում: Համալսարանն ունի 19 ֆակուլտետ՝ 100-ից ավելի ընդհանուր և մասնագիտական ամբիոններով և մեկ մարզային մասնաճյուղ Իջևան քաղաքում՝ 4 ֆակուլտետներով: ԵՊՀ-ն ունի մոտ 3000 աշխատակից, որից գրեթե 1300-ը հիմնական դասախոսական կազմն է (166 պրոֆեսոր, 461 դոցենտ, 639 ասիստենտ և դասախոս): Համալսարանում գիտակրթական գործունեություն են իրականացնում նաև Գիտությունների ազգային ակադեմիայի 23 ակադեմիկոս և 26 թղթակից անդամ: Ուսանող-դասախոս հարաբերակցությունը կազմում է 12,5:
Համալսարանն ունի իր հրատարակչությունն ու գրադարանը:
Բակալավրի ծրագիրը 4 տարի է` 240 ECTS կրեդիտ ուսումնական բեռնվածությամբ, իսկ մագիստրոսի ծրագիրը` 2 տարի և 120 ECTS կրեդիտ ուսումնական բեռնվածությամբ: Համալսարանն ունի նաև հետազոտողի (ասպիրանտական) եռամյա ծրագիր` 180 ECTS կրեդիտ գիտաուսումնական բեռնվածությամբ: ԵՊՀ-ում գործում են գիտական աստիճանաշնորհման 11 մասնագիտական խորհուրդներ:
Բարձրորակ կրթություն ապահովելու նպատակով ԵՊՀ-ն այժմ ստեղծում է Եվրոպական չափորոշիչների և ուղենիշների պահանջներին համապատասխանող որակի ներքին ապահովման համակարգ: Կրթական ծրագրերն աշխատաշուկայի և հասարակության կարիքներին ու պահանջներին համապատասխանեցնելու նպատակով ներդրվել են ուսանողների և շրջանավարտների հետադարձ կապի արդյունավետ մեխանիզմներ:
Դասախոսական կազմի որակավորման շարունակական բարձրացումը ԵՊՀ առաջնահերթությունների ցանկում է, ինչը հանդիսանում է բարձրորակ կրթություն տրամադրելու կարևորագույն նախապայմանը: Վերջերս ԵՊՀ-ն ներդրեց դասախոսական կազմի որակավորման բարձրացման նոր` կրեդիտային հենքով կառուցված կրթագիտական ծրագիրը: Այն կազմված է հատուկ վերապատրաստման դասընթացներից, որոնք միտված են զարգացնելու դասախոսների հմտությունները դասավանդման, ուսումնառության և գնահատման նոր մեթոդների կիրառման ասպարեզում:
ԵՊՀ-ն իր լրացուցիչ կրթության ծրագրերի և դասընթացների միջոցով հասարակության տարբեր խմբերին տրամադրում է նաև մասնագիտական ուսուցում, շարունակական կրթության դասընթացներ և հարատև ուսումնառության այլ հնարավորություններ։