Կանոնադրություններ, Ծրագրեր, Պայմանագրեր եւ այլ փաստաթղթեր
Դիմորդ
Օրենսդրություն և կրթական որոշ փաստաթղթեր

Հայ բանասիրության ֆակուլտետը համալսարանի հիմնադիր ֆակուլտետներից է: Նրա հիմքի վրա են կազմավորվել այսօր արդեն ինքնուրույն գործող Արևելագիտության, Ռուս բանասիրության, Ռոմանագերմանական բանասիրության և Ժուռնալիստիկայի ֆակուլտետները:

Ուսումնական գործընթացի կազմակերպմանը զուգահեռ ֆակուլտետում կատարվել են գիտական ուսումնասիրություններ, որոնք էականորեն նպաստել են հայագիտության մի շարք ճյուղերի զարգացմանը, գրվել տասնյակ մենագրություններ, ձեռնարկներ, դասագրքեր, անցկացվել գիտական կոնֆերանսներ ու գիտաժողովներ:


Հայ բանասիրության ֆակուլտետի շրջանավարտները հաջողությամբ աշխատում են Հայաստանի և Սփյուռքի կրթական ու մշակութային կենտրոններում, նպաստում գիտական կյանքի աշխուժացմանն ու հետագա զարգացմանը:


Հայ բանասիրության ֆակուլտետի առաջին դասախոսներից են եղել հայագիտության մեծագույն երախտավորներ Հակոբ Մանանդյանն ու Մանուկ Աբեղյանը, Հրաչյա Աճառյանն ու Գրիգոր Ղափանցյանը, Սիմոն Հակոբյանն ու Արսեն Տերտերյանը: Նրանց ավանդի արժանի շարունակողներն են եղել հայտնի հայագետներ Մկրտիչ Մկրյանը, Գուրգեն Սևակը, Գևորգ Ջահուկյանը, Սերոբ Ղազարյանը, Հովհան Մամիկոնյանը, Սողոմոն Սողոմոնյանը, Էդուարդ Աղայանը, Հրանտ Թամրազյանը, Ալեքսանդր Մարգարյանը, Աշոտ Սուքիասյանը, Մանվել Ասատրյանը, Ալբերտ Շարուրյանը, Հենրի Մախչանյանը, Գառնիկ Անանյանը, Սահակ Բազյանը և ուրիշներ, ինչպես նաև նախկինում գործած և այսօր գործող այնպիսի ճանաչված դասախոսներ ու գիտնականներ, ինչպիսիք են բանասիրական գիտությունների դոկտորներ Հովհաննես Բարսեղյանը, Սերգեյ Գալստյանը, Լևոն Եզեկյանը, Խաչիկ Բադիկյանը, Լիանա Հովսեփյանը, Ռուբեն Ղազարյանը, Արտաշես Պապոյանը, Ռուբեն Սաքապետոյանը, Յուրա Ավետիսյանը, Աննա Աբաջյանը, Գուրգեն Մանուկյանը, Վազգեն Գաբրիելյանը, Արծրուն Ավագյանը, Սամվել Մուրադյանը, Լարիսա Մնացականյանը, Ժենյա Քալանթարյանը, Մագդա Ջանփոլադյանը, Նազիկ Հարությունյանը, Վազգեն Սաֆարյանը, Զավեն Ավետիսյանը, Ալբերտ Մակարյանը, Հենրիկ Էդոյանը, Կիմ Աղաբեկյանը, Արտեմ Հարությունյանը և այլք: Տարիներ շարունակ ֆակուլտետում դասավանդել են հանրաճանաչ գիտնականներ Էդվարդ Ջրբաշյանը, Վաչե Նալբանդյանը, Էրիկ Աթայանը, Էդմոն Ավետյանը, սիրված դասախոսներ Լևոն Ներսիսյանը, Խորեն Պալյանը:


Այս ֆակուլտետում են սովորել մայրենի լեզվի ու գրականության տասնյակ հազարավոր ուսուցիչներ, նշանավոր գրողներ Հովհաննես Շիրազը, Սիլվա Կապուտիկյանը, Վահագն Դավթյանը, Պարույր Սևակը և ուրիշներ: Հայ բանասիրության ֆակուլտետի շրջանավարտներից են եղել ՀՀ նախարարներ, պետական, ազգային ու մշակութային գործիչներ, ինչպես նաև ՀՀ առաջին և երրորդ նախագահները:

Քարտեզ