Կանոնադրություններ, Ծրագրեր, Պայմանագրեր եւ այլ փաստաթղթեր
Դիմորդ
Օրենսդրություն և կրթական որոշ փաստաթղթեր

Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը հիմնադրվել է 1933 թվականին: Ֆակուլտետը Հայաստանում կենսաբանության տարբեր բնագավառների գծով որակյալ մասնագետների պատրաստման հիմնական գիտակրթական կենտրոնն է հանդիսանում: Ներկայում ֆակուլտետի կառուցվածքի մեջ մտնում է 8 ամբիոն: Դրանք են` բուսաբանության, կենդանաբանության, մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի, էկոլոգիայի և բնության պահպանության, մանրէաբանության և բույսերի ու մանրէների կենսատեխնոլոգիայի, գենետիկայի և բջջաբանության, կենսաքիմիայի, կենսաֆիզիկայի ամբիոնները:


Յուրաքանչյուր ամբոնին կից գործում են գիտահետազոտական խմբեր, որոնք ներառված են գիտահետազոտական հինգ լաբորատորիաների մեջ («Ընդհանուր կենսաբանության», «Ազոտ պարունակող միացությունների կենսաքիմիայիե, «Սնկերի կենսաբանության և կենսատեխնոլոգիայիե, «Ենթաբջջային կառուցվածքների կենսաֆիզիկայիե և ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի հետ համատեղ` «Կառուցվածքային կենսաֆիզիկայիե լաբորատորիաները): Այս լաբորատորիաներում միայն գիտական հաստիքների քանակն անցնում է 100-ից: Այս առումով ֆակուլտետը համալսարանի 19 ֆակուլտետների մեջ առաջնակարգ տեղ է գրավում:

Կենսաբանության ֆակուլտետի գիտակրթական պատշաճ մակարդակի, գիտական մեծ ներուժի վկայությունն է ներկայիս պատկառելի պրոֆեսորադասախոսական անձնակազմը (ՀՀ ԳԱԱ երկու ակադեմիկոս, երեք թղթակից անդամներ, գիտությունների 25 դոկտոր և ավելի քան 100 թեկնածուներ): Ֆակուլտետի գիտական հետազոտությունների հիմնական ուղղությունները վերաբերում են մոլեկուլային և բջջային կենսաբանության, մոլեկուլային կենսաֆիզիկայի, թաղանթների կենսաֆիզիկայի, համեմատական և էվոլյուցիոն կենսաքիմիայի, բույսերի կենսաքիմիայի, բուսաբանության և սնկաբանության, մանրէաբանության, մանրէների և բույսերի կենսատեխնոլոգիայի, մարդու մոլեկուլային գենետիկայի և բջջագենետիկայի, կենդանաբանության և հյուսվածաբանության, մարդու և կենդանիների բարձրագույն նյարդային գործունեության ֆիզիոլոգիայի, հոգեֆիզիոլոգիայի, կենսացենոզների էկոլոգիայի, կենսաբազմազանության ուսումնասիրման և պահպանության, և բնապահպանության տարբեր բնագավառներին: Ֆակուլտետի շրջանավարտներից շատերը միջազգային ճանաչում ունեցող գիտնականներ են, հաջողությամբ աշխատել և աշխատում են նախկին Խորհրդային Միության և հեռավոր արտասահմանյան երկրների գիտական կենտրոններում: Ֆակուլտետի ճանաչված մասնագետները գիտահետազոտական համագործակցության մեջ են արտասահմանյան մի շարք երկրների (ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա, Ռուսաստան և այլն) գիտական կենտրոնների մասնագետների հետ, բազմիցս հանդես են եկել դասախոսություններով, գիտական զեկույցներով:


Կենսաբանության ֆակուլտետում, ինչպես և ամբողջ համալսարանում, ներկայում ուսուցումը տարվում է եռաստիճան համակարգով` բակալավրիատ (4 տարի ժամկետով), մագիստրատուրա (2 տարի) և ասպիրանտուրա (3 կամ 4 տարի` կախված ուսուցման ձևից` առկա, թե հեռակա): Այն իրականացվում է չորս մասնագիտությունների գծով` կենսաբանություն, կենսաքիմիա, կենսաֆիզիկա և կենսաինֆորմատիկա: Վերջինս 21-րդ դարի կենսաբանության արդի և արագ զարգացող բնագավառներից է:


Ներկայումս ֆակուլտետն ունի 500-ից ավելի ուսանողներ, նրանցից մոտ 400-ը` բակալավրիատի ուսանողներ են, 100-ը` մագիստրատուրայի, իսկ առկա և հեռակա ուսուցմամբ ասպիրանտների ընդհանուր քանակը մոտ 30 է: 2007/2008 ուս. տարվանից ֆակուլտետում գործում է նաև բակալավրիատի հեռակա բաժին, որի առաջին կուրսում սովորում են 25 ուսանող:


Բակալավրիատի համակարգում ուսանողներին տրվող տեսական գիտելիքները ամրապնդվում են Հրազդանի Մարմարիկ ուսանողական հանգրվանում անցկացվող դաշտային, ինչպես նաև ‎ֆակուլտետի ամբիոններում կազմակերպվող փորձարարական պրակտիկաների ընթացքում: Բակալավրիատի ավարտական կուրսում կազմակերպվում է նաև մանկավարժական պրակտիկա Երևան քաղաքի դպրոցներում:


Ֆակուլտետ ընդունվելու համար երեք մասնագիտությունների գծով («կենսաբանություն», «կենսաքիմիա» և «կենսաֆիզիկա») դիմորդները պարտադիր պետք է հանձնեն կենսաբանություն առարկայից քննություն: Երկրորդ քննությունը կամընտրական է` ֆիզիկա կամ քիմիա, իսկ «կենսաինֆորմատիկա» մասնագիտության համար` կենսաբանություն, ֆիզիկա, մաթեմատիկա երեք առարկաներից ցանկացած երկուսը, դիմորդի ընտրությամբ:

Մագիստրատուրայի համակարգում ֆակուլտետը մասնագետներ է պատրաստում տասնմեկ մասնագիտացումների գծով (բուսաբանություն, կենդանաբանություն, գենետիկա, մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա, կենսատեխնոլոգիա, էկոլոգիա, կենսասննդագիտություն, կենսաքիմիա, բժշկական կենսաքիմիա, կենսաֆիզիկա, կենսաինֆորմատիկա):

Քարտեզ