Կանոնադրություններ, Ծրագրեր, Պայմանագրեր եւ այլ փաստաթղթեր
Դիմորդ
Օրենսդրություն և կրթական որոշ փաստաթղթեր

Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի (ԻԿՄ) ֆակուլտետը ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ուղղությամբ ֆունդամենտալ հետազոտությունների բնագավառում, ինչպես նաև բարձրակարգ ծրագրավորող կադրերի պատրաստման ոլորտում Հայաստանի առաջատար ուսումնական և գիտական կենտրոնն է:

Ֆակուլտետը հիմնադրվել է 1971 թ. (անվանվել է Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ) Հաշվողական մաթեմատիկայի ամբիոնի հիմքի վրա, որը բացվել էր 1957 թ. ԵՊՀ Ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետում: Ֆակուլտետի կայացման, գիտական ուղղությունների որոշման ու ֆակուլտետի համար կադրերի պատրաստման գործում վճռորոշ դեր են խաղացել այնպիսի ականավոր գիտնականներ, ինչպիսիք են ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ Ա. Ա. Լյապունովը, ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ Ս. Ն. Մերգելյանը, Ռուսաստանի ԳԱ ակադեմիկոս Յու. Ի. Ժուռավլյովը: Նորաստեղծ ֆակուլտետի երեք ամբիոններից մեկի` Թվային անալիզի ամբիոնի առաջին վարիչը հենց Ս. Ն. Մերգելյանն էր:


Այժմ ԻԿՄ ֆակուլտետն ունի երեք ամբիոն` Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոն, Դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոն, Թվային անալիզի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոն: Ֆակուլտետի ամբիոններում աշխատում են գիտության տասից ավելի դոկտորներ և գիտության շուրջ 50 թեկնածուներ, որոնցից շատերը հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Ֆակուլտետում պատրաստվում են «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտությամբ բակալավրեր (առկա և հեռակա ուսուցմամբ): Ֆակուլտետը մագիստրոսներ է պատրաստում չորս տարբեր ծրագրերով, որոնցից երեքն իրականացվում են համապատասխան ամբիոններում, իսկ չորրորդը` SYNOPSYS ընկերության հետ համատեղ: Ուսումնական պլանով ԻԿՄ ֆակուտետի ուսանողների համար նախատեսված է ֆունդամենտալ մաթեմատիկական պատրաստվածություն, կարդացվում են ժամանակակից դասընթացներ` կապված հաշվողական տեխնիկայի և ծրագրավորման հետ: Մասնագետների պատրաստման գործում հատկապես կարևորվում են համակարգչային գործնական աշխատանքները:


ԻԿՄ ֆակուլտետը իր գոյության ողջ ընթացքում արդյունավետորեն համագործակցել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի և Հայաստանի ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (նախկին ՀՍՍՀ ԳԱ ՀԿ) հետ` այդ կազմակերպությունների համար հանդես գալով որպես բարձրակարգ կադրերի հիմնական մատակարար: Ֆակուլտետը գիտական սերտ կապեր ունի Ռուսաստանի այնպիսի առաջատար ուսումնական և գիտական կենտրոնների հետ, ինչպիսիք են Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանը, Ռուսաստանի ԳԱ Ա. Ա. Դորոդնիցինի անվան հաշվիչ կենտրոնը, Ռուսաստանի ԳԱ Վ. Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտը: Ֆակուլտետի աշխատակիցներն ու ասպիրանտներն իրենց ատենախոսությունները պաշտպանում են ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի նշված կենտրոններում: Ֆակուլտետը գիտակրթական կապեր ունի նաև Պադերբոռնի համալսարանի հետ (Գերմանիա):


Ֆակուլտետում պատրաստված մասնագետները մեծ պահանջարկ ունեն, նրանցից շատերը աշխատում են աշխարհի մի շարք երկրների տարբեր կազմակերպություններում` Ակադեմիական և գիտահետազոտական ինստիտուտներում, բարձրագույն ուսումնական հաստատություններում, պետական և կառավարական կազմակերպություններում, ՏՏ ոլորտի ընկերություններում, բանկերում և այլն:

Քարտեզ