Կանոնադրություններ, Ծրագրեր, Պայմանագրեր եւ այլ փաստաթղթեր
Դիմորդ
Օրենսդրություն և կրթական որոշ փաստաթղթեր

Արևելագիտության դասընթացները համալսարանում դասավանդվել են բուհի հիմնադրման առաջին իսկ տարիներից: Արևելագիտության առաջին դասախոսը գրականագետ և արևելագետ Գևորգ Ասատուրն էր, ով 1921 թ-ին աշխատանքի է հրավիրվում որպես վրացերենի և Արևելքի գրականության դասախոս: 1923 թ-ին Թավրիզից ԵՊՀ է հրավիրվում տաղանդավոր լեզվաբան Հրաչյա Աճառյանը: Նա դասավանդում է բազմաթիվ առարկաներ, որոնց թվում` պարսկերեն, սանսկրիտ, պարսից լեզվի պատմություն և այլն:


1940 թ-ի սեպտեմբերից պրոֆեսոր Հ. Աճառյանի նախաձեռնությամբ ստեղծվում է արևելյան բանասիրության ամբիոն: Նույն թվականին բացվում է նաև Արևելյան լեզուների և գրականության բաժինն իր երկու` իրանական և արաբական ճյուղերով:


Որպես առանձին կառույց` Արևելագիտության ֆակուլտետը կազմավորվում է 1968 թ-ին: Ֆակուլտետի ղեկավարությունը ստանձնում է պրոֆեսոր Գեորգի Նալբանդյանը:


Նախնական շրջանում ֆակուլտետն ունեցել է մասնագիտական երկու ամբիոն` Արևելյան բանասիրության և Արևելքի պատմության: Ներկայումս Արևելագիտության ֆակուլտետում գործում են Իրանագիտության, Արաբագիտության և Թյուրքագիտության ամբիոնները: Արևելագիտության ներկայիս պահանջներին համապատասխան` ֆակուլտետում ուսումնասիրվում են նաև հնդկերեն, աֆղաներեն, սանսկրիտ, բելուջերեն, քրդերեն և եբրայերեն:


Ներկայումս Արևելագիտության ֆակուլտետում սովորում է 525 ուսանող: Ֆակուլտետը սերտ կապեր է հաստատել արտասահմանյան արևելագիտական նշանավոր կենտրոնների հետ և հաջողությամբ զարգացնում է գիտական շփումները Իրանի, Եգիպտոսի, Սիրիայի,
Արաբական Միացյալ Էմիրությունների, Լիբանանի համալսարանների համապատասխան ամբիոնների և առանձին գիտնականների հետ: Ամրապնդվում է նաև համագործակցությունը Մատենադարանի, Իրանագիտական կովկասյան կենտրոնի, «Իրան-Նամե» արևելագիտական հանդեսի և արևելագիտական այլ կենտրոնների հետ:

Քարտեզ