Կանոնադրություններ, Ծրագրեր, Պայմանագրեր եւ այլ փաստաթղթեր
Դիմորդ
Օրենսդրություն և կրթական որոշ փաստաթղթեր

Ռուս բանասիրության ֆակուլտետի պատմությունը սկիզբ է առել 1938 թ.-ին, երբ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում բացվեց ռուսաց լեզվի և գրականության բաժինը: 1976 թ.-ին բաժնի հիման վրա ստեղծվեց ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը, որը հետագայում վերանվանվեց և այսօր կոչվում է ռուս բանասիրության ֆակուլտետ:

Ֆակուլտետը լայն պրոֆիլի մասնագետներ է պատրաստում երկաստիճան համակարգով` բակալավրիատ, մագիստրատուրա` բանասիրության բակալավրի և մագիստրոսի համապատասխան աստիճաններ շնորհելով: Դրանք ռուսաց լեզու և գրականություն դասավանդողներն են, թարգմանիչներ, գիտաշխատողներ, մասնագետներ միջմշակութային հաղորդակցման ոլորտում:


Ներկայումս ֆակուլտետում գործում է 4 ամբիոն.
ռուս գրականության ամբիոն,
ռուսաց լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցման տեսության ամբիոն,
ռուսաց լեզվի ամբիոն (հումանիտար ֆակուլտետների համար),
ռուսաց լեզվի ամբիոն (բնագիտական ֆակուլտետների համար):


Հանրակրթական հումանիտար և մասնագիտական բանասիրական դասընթացներից բացի` դասավանդման ծրագրերի մեջ ընդգրկված են մի շարք լեզուներ խորացված ուսումնասիրության համար` հունարեն, լեհերեն, բուլղարերեն, ուկրաիներեն:


Ֆակուլտետի գիտահետազոտական աշխատանքը ներառում է հետազոտություններ ռուսաց լեզվի տեսության և դասավանդման մեթոդիկայի, համեմատական-զուգադրական քերականության, ռուս գրականության պատմության, ռուս-հայկական գրական կապերի, թարգմանության տեսության և պրակտիկայի ոլորտներում: Ֆակուլտետի դասախոսները հրատարակել են ռուսաց լեզվի և ռուս գրականության հիմնահարցերին նվիրված մի շարք մենագրություններ, մեծ թվով ռուսերենի դասագրքեր և ձեռնարկներ, որոնցում հաշվի են առնվում օտարալեզու միջավայրի առանձնահատկությունները:


Ֆակուլտետի մասնագետները ակտիվորեն մասնակցում են միջազգային գիտաժողովներին, հանրապետական և համալսարանական ամենամյա գիտական կոնֆերանսներին, որոնց արդյունքում ստեղծվել են մի շարք ժողովածուներ և մենագրություններ:


Ֆակուլտետը սերտ կապեր է հաստատել Ռուսաստանի Դաշնության համալսարանների և գիտական հաստատությունների, ինչպես նաև մի շարք արտասահմանյան երկրների ռուսագիտական կենտրոնների հետ:


Վերջին տարիներին ուսանողները (մոտ 6 ուսանող յուրաքանչյուր տարի) մեկնում են ամառային լեզվի դասընթացների Հունաստան և Բուլղարիա: Նման պայմանավորվածություն կա նաև Լեհաստանի հետ:


Ռուս գրականության ամբիոնի գիտահետազոտական աշխատանքը հիմնականում վերաբերում է ռուս գրականության պատմության, հայ-ռուսական գրական, պատմամշակութային առնչությունների, գրականության տեսության հիմնահարցերին: Ամբիոնի կողմից հրատարակվում է ամենամյա «Декабрьские литературные чтения» ժողովածուն:


Ռուսաց լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի գիտամեթոդական ուղղություններն են.
1) ժամանակակից ռուսաց լեզվի արդի հիմնախնդիրները,
2) լեզուների տիպաբանության խնդիրները,
3) հաղորդակցման տեսության, այդ թվում` միջմշակութային հաղորդակցման և թարգմանության հիմնահարցերը:


Ֆակուլտետում գործում է կահավորված 4 կաբինետ, կա հարուստ գրադարան:


Ներկայումս ֆակուլտետի չորս ամբիոններում աշխատում են ավելի քան 80 դասախոսներ, այդ թվում նաև՝ գիտությունների դոկտորներ և թեկնածուներ:

Քարտեզ