Քիմիայի ֆակուլտետ
Faculty of Chemistry
Քիմիայի դասավանդումը համալսարանում սկսվել է դեռևս 1921 թ.-ից:
>

ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետի բակալավրիատում մասնագետներ են պատրաստվում` «Քիմիաե, «Էկոլոգիական քիմիաե և «Դեղագործական քիմիաե մասնագիտություններով, իսկ մագիստրատուրայում` «Անօրգանական քիմիաե, «Օրգանական քիմիաե, «Ֆիզիկական և կոլոիդ քիմիաե, «Անալիտիկ քիմիաե, «Էկոլոգիական քիմիաե: 2012/2013 ուսումնական տարվանից քիմիայի ֆակուլտետում սկսեց գործել նաև հավատարմագրված մագիստրոսական ծրագիր «Դեղագիտությունե մասնագիտությամբ, որտեղ դասավանդում են այդ ոլորտի հանրապետության լավագույն մասնագետները:

Էկոլոգիական քիմիայի բաժինը պատրաստում է մասնագետներ, ովքեր կարող են աշխատել հանրապետության տնտեսության ամենատարբեր բնագավառներում` բնապահպանության նախարարությունում և նրա ենթակայության գործակալություններում, պետական ոչ առևտրային կազմակերպություններում` ջրերի, ընդերքի, կենսառեսուրսների, էկոլոգիական մոնիթորինգի և փորձաքննության ոլորտներում, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի ծրագրային գրասենյակներում, արտակարգ իրավիճակների պետական կոմիտեի, գյուղատնտեսության, էկոնոմիկայի նախարարությունների տարբեր գերատեսչություններում, հանրապետությունում գործող արտադարական ձեռնարկություններում, մասնավոր կառույցներում և այլն: Շրջանավարտների մի մասը աշխատում է կրթության ոլորտում` դպրոցներում և համալսարաններում, քոլեջներում և վարժարաններում, շրջանավարտների մի մասը մասնագիտական աշխատանքի է անցել նաև արտերկրում:

Դեղագործական քիմիայի ամբիոնում հաջողությամբ զարգացվում է օպտիկապես մաքուր, ոչ սպիտակուցային ամինաթթուների և պեպտիդների ասիմետրիկ բիոմիմետիկ սինթեզի ուղղությունը, որն այսօր մեծ հետաքրքրություն է առաջացրել ժամանակակից հակաքաղցկեղային, հակավիրուսային և այլ դեղապատրաստուկների արտադրության բնագավառում: Դեղագործական քիմիայի ամբիոնում ստեղծված է ժամանակակից ուսումնաարտադրական դեղատուն, որտեղ ուսանողները ինքնուրույն զբաղվում են դեղաձևերի պատրաստման տեխնոլոգիաներով, իսկ մասնագիտական առարկաները դասավանդվում են հանրապետության տարբեր մասնագիտական ինստիտուտներում և հիվանդանոցներում: Դեղագործական քիմիայի բաժնի շրջանավարտները ստանում են «քիմիկոս դեղագործիե և «դեղագետիե (պրովիզոր) որակավորում, ինչը նրանց հնարավորություն է տալիս աշխատելու ինչպես գիտահետազոտական և փորձարարական հիմնարկներում, այնպես էլ դեղատնային ցանցում: Այսօր Երևանի և հանրապետության այլ քաղաքների դեղատները համալրված են ԵՊՀ Դեղագործական քիմիայի բաժնի շրջանավարտներով: Վերջինները լուրջ հաջողությունների են հասել նաև գիտության բնագավառում: Ընդամենը 14 տարվա կյանք ունեցող ԵՊՀ Դեղագործական քիմիայի բաժինը արդեն տվել է գիտությունների տասնյակ թեկնածուներ, որոնց մի մասը աշխատում է աշխարհի զարգացած պետությունների (Բելգիա, Ֆրանսիա, ԱՄՆ, ՌԴ և այլն) հանրաճանաչ գիտահետազոտական կենտրոններում:

Քիմիայի ֆակուլտետը ակտիվ գործուներոթյուն է ծավալում նաև հանրակրթական ասպարեզում: Քննարկվում և գրախոսվում են դպրոցական քիմիայի ծրագրերն ու չափորոշիչները, զանազան ուսումնական աշխատանքներ, ձեռնարկներ և դասագրքեր: Ֆակուլտետի աշխատակիցները ակտիվորեն մասնակցում են քիմիայի դպրոցական դասագրքերի, ձեռնարկների և խնդրագրքերի ստեղծման գործում: Վերջին տարիների հրատարակություններից արժե հիշատակել 2011թ-ին ֆակուլտետի աշխատակիցներ Ռ.Ադամյանի, Տ.Ղոչիկյանի և Գ.Սիմոնյանի հեղինակությամբ ստեղծված «Քիմիայի լաբորատոր աշխատանքներե ուսումնական ձեռնարկը, որը մայրենի լեզվով նախադեպը չունեցող ձեռնարկ է և հնարավորություն կտա դպրոցներում տեսական գիտելիքները ավելի առարկայական դարձնել:

Քիմիայի ֆակուլտետի ուսումնական գործի բաղկացուցիչ մասն են կազմում ուսումնական, արտադրական և մանկավարժական պրակտիկաները, որոնց նպատակային և անխափան կազմակերպումը նպաստում է լիարժեք մասնագետներ պատրաստելուն: Այս պրակտիկաների անցկացումը համապատասխան մասնագիտական կենտրոններում խիստ նպաստում է նաև մասնագետ-շրջանավարտների հետագա աշխատանքի տեղավորմանը: Շրջանավարտների 50-60%-ը աշխատում է ըստ ընտրած մասնագիտության (սա բավականին լավ ցուցանիշ է տվյալ մասնագիտության և մասնագիտացման համար):

Ֆակուլտետում լուրջ աշխատանքներ են տարվում ուսանողական կյանքը հետաքրքիր և լիարժեք դարձնելու համար: Այս աշխատանքներում իրենց մասնակցությունն են բերում ֆակուլտետի ուսանողական կառույցները` ուսանողական խորհուրդը և ուսանողական գիտական ընկերությունը: Ֆակուլտետում ամեն տարի անց են կացվում ՈՒԳԸ նստաշրջաններ, հիշարժան օրերին նվիրված միջոցառումներ, սպորտային տարբեր մրցումներ և խաղեր: Մեր ուսանողներն ակտիվորեն մասնակցում են համահամալսարանական տարաբնույթ միջոցառումներին:

Քիմիայի ֆակուլտետը իր գործունեության ընթացքում միշտ գտնվել և գտնվում է գիտության առաջավոր դիրքերում:

Քիմիայի ֆակուլտետը միջազգային ճանաչում ունեցող գիտական կենտրոն է: Ֆակուլտետը սերտ կապեր է հաստատել տարբեր երկրների առաջատար գիտական կենտրոնների հետ. ԱՄՆ-ում` Հյուսիսարևմտյան համալսարան (Չիկագո) և Արիզոնայի համալսարան (Թյուսոն), Գերմանիայում` Ռոստոկի համալսարան, Ֆրանսիայում` Փարիզի համալսարան, Մոն Պելյեի անվան համալսարան, Լեհաստանում` Սիլեզյան համալսարան (Կատովիցե), Մարի Կյուրի-Սկլադովսկայայի անվան համալսարան (Լյուբլին), Ռուսաստանում` Մոսկվայի պետական համալսարան, ՌԴ ԳԱ Էլեմենտաօրգանական քիմիայի ինստիտուտ (Մոսկվա), Օրգանական քիմիայի ինստիտուտ, Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ, Կառուցվածքային մակրոկինետիկայի ինստիտուտ, Մարդու ուղեղի ինստիտուտ (Սանկտ Պետերբուրգ): Նշված գիտական կենտրոնների հետ իրականացվում են շատ կարևոր հետազոտական աշխատանքներ քիմիայի և դեղաբանության բնագավառներում: Առավել կարևոր է Գերմանիայի Դաշնության Ռոստոկի համալսարանի հետ համագործակցությունը, քանի որ այն ուղղակիորեն վերաբերում է ուսանողներին: Տասնյակ տարիներ Քիմիայի ֆակուլտետի լավագույն ուսանողներից ընտրյալները իրենց ավարտական, դիպլոմային աշխատանքները և մագիստրոսական թեզերը կատարել են այդ կենտրոններում, իսկ ասպիրանտներից երկուսը այնտեղ կատարել և պաշտպանել են թեկնածուական ատենախոսությունները: Այդ համագործակցությունը այսօր էլ հաջողությամբ շարունակվում է, իսկ նման կենտրոնում բարձր մակարդակի գիտական և ուսումնական դպրոցով անցնելը պատիվ կբերի նշված բնագավառի ցանկացած մասնագետի: