Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
Faculty of Economics and Management
ԵՊՀ-ում տնտեսագիտական կադրերի պատրաստումը սկսվել է դեռևս 1921 թվականից Խորհրդային շինարարության ֆակուլտետում:
>

Երևանի պետական համալսարանում բարձրագույն կրթությամբ տնտեսագիտական կադրերի պատրաստումը սկսվել է դեռևս 1921 թվականից Խորհրդային շինարարության (այնուհետև` Հասարակագիտական, Սոցիալ-տնտեսագիտական, Տնտեսագիտական) ֆակուլտետում:


1975 թ.-ին համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետի հենքի վրա ստեղծվեց Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Սակայն 1984 թ.-ին համալսարանում տնտեսագիտական կիբեռնետիկա մասնագիտական ուղղվածությամբ կրկին սկսեց գործել տնտեսագիտության ֆակուլտետը:


Ֆակուլտետում համատեղության կարգով դասավանդում են հանրապետության պետական կառավարման համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև ֆինանսաբանկային համակարգի և տնտեսության տարբեր ճյուղերի առաջատար կազմակերպությունների լավագույն մասնագետները:


Ֆակուլտետը  համագործակցում է ՀՀ և արտերկրի մի շարք մասնագիտական միավորումների հետ: Հայկական տնտեսագիտական միության հետ համատեղ կազմակերպվում են տարեկան գիտաժողովներ: 2013թ. տարեկան գիտաժողովի նյութերը հրատարակվել են Տնտեսագիտության ֆակուլտետի «Տարեգիրք-2013» գիտական նյութերի ժողովածուի մեջ: Ժողովածուն հասանելի է ֆակուլտետի ամբիոններում, գրադարանում, իսկ ԵՊՀ դասախոսների առանձին հոդվածները հասանելի են նրանց՝ ԵՊՀ կայքի անհատական էջերում: Տարեգրքի բովանդակությանը կարող եք ծանոթանալ այստեղ:


Ֆակուլտետում գործում է  5 ամբիոն հիմնական դրույքով շուրջ 80 և համատեղող 60 դասախոսներով.


1. Տնտեսագիտության տեսության ամբիոն,
2.
Տնտեսագիտության մեջմաթեմատիկական մոդելավորման ամբիոն,
3.
Միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոն,
4.
Ֆինանսահաշվային ամբիոն,
5.
Կառավարման և գործարարության ամբիոն:

Ֆակուլտետի ուսուցման համակարգը եռաստիճան է` բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա:

Ֆակուլտետի բակալավրիատում ուսուցումը կազմակերպվում է երկու մասնագիտությամբ`


«Տնտեսագիտության տեսություն»,


 «Կառավարում»:


Ֆակուլտետում գործում են մագիստրոսական հետևյալ ծրագրերը`


1. Տնտեսական քաղաքականություն և իրավունք,
2.
Մոդելավորումը ֆինանսատնտեսական համակարգերում,
3.
Կառավարման ինֆորմացիոն համակարգեր, 
4.
Միջազգային տնտեսական հարաբերություններ,
5.
Ֆինանսներ, վարկ և դրամաշրջանառություն,
6.
Հաշվապահական հաշվառում և աուդիտ,
7.
Գործարար կառավարում,
8.
Ինովացիոն կառավարում:

Ֆակուլտետում գործում է նաև հեռակա ուսուցման բակալավրիատ և մագիստրատուրա:

Ներկայումս ֆակուլտետն ունի շուրջ 1900 սովորող, այդ թվում`


1. առկա ուսուցմամբ` շուրջ 1250, որից`
բակալավրիատում` ավելի քան 1000,
մագիստրատուրայում` շուրջ 250,
2.
հեռակա ուսուցմամբ` շուրջ 650, որից
բակալավրիատում`շուրջ 300,
մագիստրատուրայում` շուրջ 200,
2-րդ մասնագիտական բարձրագույն կրթությամբ` 70,
3.
ասպիրանտներ` ավելիքան 60, որից շուրջ չորս տասնյակ օտարերկրյաքաղաքացիներ,
4.
հայցորդներ` 18:

Վերջին մի քանի տարիներին ֆակուլտետն ավարտում են տարեկան շուրջ 400 շրջանավարտ, որից 250-ը` բակալավրիատում, 150-ը` մագիստրատուրայում:

Ֆակուլտետի բակալավրիատի ընդունելության մրցույթի անցողիկ միավորը վերջին 20 տարիներին ավանդաբար ամենաբարձրերից մեկն է հանրապետությունում, և միանշանակ ամենաբարձրը բոլոր բուհերի տնտեսագիտական մասնագիտությունների մեջ:


2014թ.-ին ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը վերանվանվել է ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի: