Տնտեսագիտական կրթությունը գրեթե ԵՊՀ հասակակիցն է. համալսարանում տնտեսագիտական կադրերի պատրաստումը սկսվել է դեռևս 1921 թվականից: Առանձին ֆակուլտետ հիմնադրվել է 1934 թվականին և գործել է մինչև 1975 թվականը: 1975-83 թվականներին տնտեսագետների պատրաստումը ԵՊՀ-ում ընդմիջվեց՝ կապված Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի հիմնադրման հետ: 10 տարվա ընդմիջումից հետո, 1984 թվականին համալսարանում «Տնտեսագիտական կիբեռնետիկա» անվանմամբ վերաբացվեց Ֆակուլտետը, որը 1991թվականին վերանվանվեց «Տնտեսագիտության», իսկ 2014 թվականին՝ «Տնտեսագիտության և կառավարման» ֆակուլտետ:
Ուսուցման համակարգը եռաստիճան է՝ բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա (առկա և հեռակա ուսուցմամբ):
Բակալավրիատում ուսուցումը կազմակերպվում է երեք մասնագիտությամբ՝ «Տնտեսագիտություն», «Ֆինանսներ» և «Կառավարում»:
Մագիստրատուրայում ուսուցումը կազմակերպվում է չորս մասնագիտությամբ՝ «Տնտեսագիտություն», «Ֆինանսներ», «Կառավարում» և «Հաշվապահական հաշվառում և հարկում» (առկա ուսուցման՝ ինը և հեռակա ուսուցման՝ ութ մագիստրոսական ծրագրերով):
Ներկայումս ֆակուլտետն ունի շուրջ 1400 սովորող (այդ թվում՝ առկա և հեռակա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներ, ասպիրանտներ և հայցորդներ):
Վերջին տարիներին ֆակուլտետն ուսուցման տարբեր ձևերով ավարտում է տարեկան շուրջ 500 շրջանավարտ: Ֆակուլտետի շրջանավարտներն աշխատում են պետական և մասնավոր սեկտորների ձեռնարկություններում, առևտրային բանկերում, ՀՀ նախարարություններում և գերատեսչություններում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, ՀՀ կենտրոնական բանկում և այլն:
Ֆակուլտետում համատեղության կարգով դասավանդում են հանրապետության պետական կառավարման, ինչպես նաև ֆինանսաբանկային ոլորտի, տարբեր առաջատար կազմակերպությունների լավագույն մասնագետները:
2002 թվականից ֆակուլտետի գիտական ներուժի հիման վրա ԵՊՀ-ում գործում է ՀՀ ԲՈՀ-ի տնտեսագիտության թեկնածուի և դոկտորի գիտական աստիճաններ շնորհող թիվ 015 մասնագիտական խորհուրդը:
Ֆակուլտետի կազմում գործում է նաև Սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնը: