Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
Faculty of Informatics and Applied Mathematics
:
>

Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի (ԻԿՄ) ֆակուլտետը ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ուղղությամբ ֆունդամենտալ հետազոտությունների բնագավառում, ինչպես նաև բարձրակարգ ծրագրավորող կադրերի պատրաստման ոլորտում Հայաստանի առաջատար ուսումնական և գիտական կենտրոնն է: 


Ֆակուլտետը հիմնադրվել է 1971 թ. (անվանվել է Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ) Հաշվողական մաթեմատիկայի ամբիոնի հիմքի վրա, որը բացվել էր 1957 թ. ԵՊՀ Ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետում: Ֆակուլտետի կայացման, գիտական ուղղությունների որոշման ու ֆակուլտետի համար կադրերի պատրաստման գործում վճռորոշ դեր են խաղացել այնպիսի ականավոր գիտնականներ, ինչպիսիք են ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ    Ս.Ն. Մերգելյանը, ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ Ա.Ա. Լյապունովը, Ռուսաստանի ԳԱ ակադեմիկոս Յու.Ի. Ժուռավլյովը: Նորաստեղծ ֆակուլտետի երեք ամբիոններից մեկի` Թվային անալիզի ամբիոնի առաջին վարիչը հենց Ս. Ն. Մերգելյանն էր: 


Այժմ ԻԿՄ Ֆակուլտետն ունի երեք ամբիոն`


-  Դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի,


-  Թվային անալիզի և մաթեմատիկական մոդելավորման,


-  Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների: 


Ֆակուլտետն իրականացնում է ուսուցում բակալավրիատում (առկա և հեռակա) ըստ երկու մասնագիտությունների՝


-  Ինֆորմատիկա (Համակարգչային գիտություն),


-  Տեղեկատվական անվտանգություն: 


Ֆակուլտետում գործում են երեք մագիստրոսական ծրագիր՝


-  Դիսկրետ մաթեմատիկա և տեսական ինֆորմատիկա,


-  Թվային անալիզ և մաթեմատիկական մոդելավորում,


-  Հաշվողական մեքենաների, համալիրների, համակարգերի և ցանցերի մաթեմատիկական և ծրագրային ապահովում: 


 Ֆակուլտետի ամբիոններում աշխատում են գիտության տասից ավելի դոկտորներ և գիտության շուրջ 30 թեկնածուներ, որոնցից շատերը հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Ուսումնական պլանով ԻԿՄ ֆակուտետի ուսանողների համար նախատեսված է ֆունդամենտալ մաթեմատիկական պատրաստվածություն, կարդացվում են ժամանակակից դասընթացներ` կապված հաշվողական տեխնիկայի և ծրագրավորման հետ: Մասնագետների պատրաստման գործում հատկապես կարևորվում են համակարգչային գործնական աշխատանքները: 


ԻԿՄ ֆակուլտետն իր գոյության ողջ ընթացքում արդյունավետորեն համագործակցել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի և Հայաստանի ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (նախկին ՀՍՍՀ ԳԱ Հաշվողական Կենտրոն) հետ`այդ կազմակերպությունների համար հանդես գալով որպես բարձրակարգ կադրերի հիմնական մատակարար: Ֆակուլտետը գիտական սերտ կապեր ունի Ռուսաստանի այնպիսի առաջատար ուսումնական և գիտական կենտրոնների հետ, ինչպիսիք են Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանը, Ռուսաստանի ԳԱ Ա.Ա. Դորոդնիցինի անվան հաշվիչ կենտրոնը, Ռուսաստանի ԳԱ Վ.Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտը: Ֆակուլտետի աշխատակիցներն ու ասպիրանտներն իրենց ատենախոսությունները պաշտպանում են ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի նշված կենտրոններում: 


Ֆակուլտետում պատրաստված մասնագետները մեծ պահանջարկ ունեն, նրանցից շատերը աշխատում են աշխարհի մի շարք երկրների տարբեր կազմակերպություններում` ակադեմիական և գիտահետազոտական ինստիտուտներում, բարձրագույն ուսումնական հաստատություններում, պետական և կառավարական կազմակերպություններում, ՏՏ ոլորտի ընկերություններում, բանկերում և այլն: