Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
Faculty of Informatics and Applied Mathematics
:
>

Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը մասնագիտական ակտիվ գործունեություն է ծավալում հանրապետության գիտահետազոտական կենտրոնների, պետական կառավարման մարմինների, կրթական հաստատությունների և սեփականության տարբեր ձևեր ունեցող կազմակերպությունների հետ, որոնք իրենց աշխատանքում օգտագործում են կիրառական մաթեմատիկայի մեթոդները և համակարգչային տեխնոլոգիաները: Ֆակուլտետն անմիջական կապեր ունի արտասահմանյան, մասնավորապես` Գերմանիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի Դաշնության և այլ երկրների մի շարք համալսարանների և գիտական կենտրոնների հետ: Այս կապերը կարևոր նշանակություն ունեն նաև ֆակուլտետի ուսանողների համար, որոնցից ոմանք ուսումը շարունակում են այդ երկրների տարբեր համալսարաններում: Ֆակուլտետում արդիականացվել և ժամանակակից տեխնիկայով են հագեցվել համակարգչային լսարանները, ինչը հնարավորություն է տվել ուսումնական պլանում կատարել փոփոխություններ` ժամանակի պահանջներին համապատասխան:

«Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկաե մասնագիտության գծով կադրերի պատրաստման գործում ֆակուլտետը մեր հանրապետության կրթական համակարգում գրավում է առաջատար դիրք:

Այս մասնագիտության շրջանավարտը պատրաստ է իրականացվող գիտահետազոտական թեմայի շրջանակում կատարել ինֆորմացիոն և իմիտացիոն մոդելների մաթեմատիկական մոդելավորման հետազոտում, հետազոտել ինֆորմացիայի մշակման ավտոմատացված համակարգերը և միջոցները, մշակել համակարգչային ցանցերի ծրագրային և ինֆորմացիոն ապահովում:

2012 թ-ից ֆակուլտետում կազմակերպվում է ընդունելություն «Մաթեմատիկա: Համակարգչային գիտություններե մասնագիտությամբ: Այս մասնագիտության շրջանավարտը պատրաստ է գիտահետազոտական աշխատանք կատարելու այն բնագավառներում, որտեղ օգտագործվում են մաթեմատիկական մեթոդներ և համակարգչային տեխնոլոգիաներ՝ պրոցեսների և օբյեկտների մաթեմատիկական մոդելների ստեղծում և օգտագործում, բնագիտության, տեխնիկայի, տնտեսագիտության և ղեկավարման խնդիրների լուծման էֆեկտիվ մաթեմատիկական մեթոդների մշակում, ծրագրային կառավարում, գիտահետազոտական, նախագծակոնստրուկտորական գործունեություն: Շրջանավարտը կարող է գործնականում կիրառել ծրագրային փաթեթները՝ գիտության տարբեր բնագավառներում կիրառական խնդիրների լուծման նպատակով:

Ներկայումս հանրապետությունում բուռն զարգացում ապրող բարձր տեխնոլոգիաների և տեղեկատվության ուղղությունը պահանջում է ամենօրյա լուրջ և հետևողական աշխատանք, որպեսզի ուսումնական գործընթացը համապատասխանի ժամանակակից չափանիշներին:

Ֆակուլտետի ուսանողները հաջողությամբ հանդես են գալիս ծրագրավորման հանրապետական և միջազգային օլիմպիադաներում:

Ֆակուլտետի շրջանավարտը պատրաստ է կիրառական մաթեմատիկայի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառման միջոցով գիտահետազոտական աշխատանքներ իրականացնել մաթեմատիկական մոդելավորման, տնտեսագիտության, ֆինանսական մաթեմատիկայի, բիոմետրիկայի և բազում այլ բնագավառներում, ինչպես նաև նախագծակոնստրուկտորական, ղեկավարման և ֆինանսական գործունեություններում ապահովել համակարգչային տեխնոլոգիաների կիրառում:

Ֆակուլտետի շրջանավարտների համար գործունեության ոլորտ են հանդիսանում գիտահետազոտական կենտրոնները, կառավարման մարմինները, կրթական հաստատությունները, արդյունաբերական արտադրությունը, ինչպես նաև այն կազմակերպությունները, որտեղ օգտագործում են կիրառական մաթեմատիկայի մեթոդներ և համակարգչային տեխնոլոգիաներ:

2007թ-ից ֆակուլտետում իրականացվում է նաև հեռակա ուսուցում: