Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
Faculty of International Relations
Միջազգային հարաբերությունների բաժինը բացվել է դեռևս 1990 թ-ին:
>

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի կազմում գործում են երեք բաժիններ` Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն և Հանրային կառավարում:


Միջազգային հարաբերությունները` պատմագիտության կարևորագույն ճյուղերից մեկը, ներառված է նաև քաղաքագիտության հետազոտության շրջանակներում:


Միջազգային հարաբերությունների բաժնում ուսանողները հնարավորություն ունեն ուսումնասիրելու միջազգային հարաբերությունների տեսություն և պատմություն, միջպետական հարաբերություններ և արտաքին քաղաքականություն, ժամանակակից միջազգային հարաբերությունների համակարգը և դրանց առնչվող մի շարք այլ դասընթացներ:


Բաժնի ուսումնական պլաններում զգալի տեղ է հատկացված դիվանագիտությանը` որպես խաղաղ բանակցությունների միջոցով արտաքին քաղաքականության իրականացման ձևերի, մեթոդների և եղանակների մասին գիտություն, ինչպես նաև դիվանագիտական և հյուպատոսական ծառայության առանձնահատկություններին, դիվանագետի պատասխանատու առաքելությանը և հիմնական պարտականություններին: Դիվանագիտական և հյուպատոսական իրավունք ու ծառայություն, դիվանագիտական արարողակարգ և էթիկետ, բազմակողմ դիվանագիտություն և դիվանագիտական բանակցությունների վարում` ահա ոչ լրիվ ցանկը այն դասընթացների, որ դասավանդվում են բաժնում: Իհարկե, այդ ամենին ավելացված է նաև տեղական նյութը` Հայաստանի միջազգային հարաբերությունների և հայ դիվանագիտության պատմություն:


Միջազգային հարաբերությունների բաժնում մեծ ուշադրություն է դարձվում օտար լեզուներին: Երկու օտար լեզվի ուսումնասիրությունն ու իմացությունը պարտադիր է, ինչն արձանագրված է դիվանագիտական ծառայության մասին ՀՀ օրենքում:


Ժամանակակից աշխարհում քաղաքական գիտությունը դառնում է ամենաարագ զարգացող մասնագիտություններից մեկը: Քաղաքագետների պահանջարկն այսօր զգացվում է հասարարակական կյանքի համարյա բոլոր ոլորտներում: Լուրջ և բանիմաց քաղաքագետներ պետք են պետական ներկայացուցչական մարմինների խորհրդատվական և տեղեկատվական կենտրոններում, ԱԺ պատգամավորներին` օգնականների պաշտոնում աշխատելու համար, թերթերի և ամսագրերի խմբագրություններին` քաղաքական վերլուծություններ կատարելու համար, ընտրարշավները մասնագիտական բարձր մակարդակով անցկացնելու նպատակով, քաղաքական, տնտեսական և սոցիալական տարբեր այլ կառույցներում հանրային կապերը ամրապնդելու առումով և այլն:


Վերջին ժամանակներում Հայաստանում, ինչպես և հետխորհրդային շատ երկրներում, մեծապես ակտիվացել է հասարակական կազմակերպությունների աշխատանքը, որոնք միավորելով քաղաքական խոր գիտելիքներ ունեցող երիտասարդների, միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ լայնորեն աջակցում են հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտներում ծավալվող ժողովրդավարացման գործընթացներին:


Մասնագիտական պատրաստվածության նման բարձր աստիճանի ապագա քաղաքագետները կարող են հասնել շնորհիվ ֆակուլտետում դասավանդվող հարուստ առարկայացանկի: Արդի քաղաքական գիտության պահանջներին համապատասխանող ուսումնական պլանը հնարավորություն է տալիս ուսանողներին ձեռք բերել անհրաժեշտ հմտություններ ժամանակակից ներքաղաքական գործընթացները գնահատելու, համաշխարհային քաղաքականության նոր մարտահրավերները հասկանալու, քաղաքական տեխնոլոգիաները գործնականում ճիշտ կիրառելու, սոցիալ-քաղաքական իրականությունում իրենց արժանավոր կերպով դրսևորելու համար: Մի խոսքով, ԵՊՀ քաղաքագիտության բաժնի ապագա շրջանավարտը դառնում է լայն աշխարհայացքով օժտված, ազգային արժեքները գնահատող, հանդուրժողականությամբ ղեկավարվող, համաշխարհային օրինաչափությունները ճանաչող ակտիվ և նախաձեռնող քաղաքացի, ում հանդեպ հասարակության ներսում խիստ պահանջարկ կա:


Հանրային կառավարման բաժնում ուսումնասիրում են հանրային քաղաքականությունը, վարչական և քաղաքական փոխհարաբերությունները, ռազմավարական ուղղությունները: Բաժնում դասավանդվող առարկաներից են` մենեջմենթ և կառավարում, հանրային քաղաքականություն և համեմատական վարչարարություն, կազմակերպչական վարք և բյուրոկրատիայի տեսություն, համայնքի զարգացում և կառավարում, էլեկտրոնային կառավարում ու կրթության կառավարում և այլն:


Կրթական նման մակարդակը ֆակուլտետի շրջանավարտներին հնարավորություն է ընձեռում աշխատելու` դիվանագիտական հաստատություններում, միջազգային տարբեր կազմակերպություններում, հանրապետության պետական իշխանության մարմիններում, ինչպես նաև ոչ պետական հաստատությունների ու կազմակերպությունների հետազոտական-վերլուծական բաժիններում: Ներկայումս ֆակուլտետը համագործակցում է ԱՄՆ-ի, Հունաստանի, Եգիպտոսի, Սիրիայի, Իրանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի Դաշնության և այլ երկրների համալսարանների հետ: Ֆակուլտետում ավանդույթ են դարձել հանդիպումները` Երևանում գործող օտարերկրյա դեսպանների, արտասահմանյան երկրներում ՀՀ դեսպանների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների երևանյան գրասենյակների ներկայացուցիչների, քաղաքագետների, վերլուծաբանների հետ:


Բակալավրիատի բարձր առաջադիմությամբ շրջանավարտները կարող են ուսումը շարունակել մագիստրատուրայում: Մագիստրատուրայում կազմակերպվում է արտադրական պրակտիկա` ութ շաբաթ տևողությամբ` միջազգայնագետների համար հիմնականում՝ ՀՀ Արտգործնախարարությունում, ՀՀ-ում օտարերկրա դեսպանություններում և Ազգային Ժողովում, քաղաքագետների համար` Ազգային Ժողովում և Սահմանադրական դատարանում, «Հանրային կառավարումե մասնագիտության գծով` պետական ինքնակառավարման մարմիններում:


Ուսանողական կյանքը ֆակուլտետում առավելապես պայմանավորված է Ուսանողական խորհրդի և Ուսանողական գիտական ընկերության գործունեությամբ: Վերջինս ամեն տարի կազմակերպում է ուսանողական կոնֆերանսներ, որտեղ առավել հաջողված զեկուցումներն արժանանում են խրախուսման: Ֆակուլտետի ուսանողները ակտիվորեն մասնակցում են միջազգային երիտասարդական գիտաժողովներին և արժանանում մրցանակների:


Ֆակուլտետում գործում է «Բանավեճե ակումբը, որի մասնակիցները քննարկում ու բանավիճում են իրենց հետաքրքրող քաղաքական և այլ բնույթի հարցերի շուրջ:




Կրթություն հանուն ապագայի: ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ

Образование во имя будущего. Факультет международных отношений ЕГУ

Education for Future. YSU Faculty of International Relations


 

Կոնտակտներ
Դեկան` պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Գեղամ Պետրոսյան

Դեկանատ` (+374 60) 71-00-79,
(+374 60) 71-00-78,
(ներքին 10-79,10-78),
int.rel@ysu.am