Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
Faculty of Journalism
ԵՊՀ ժուռնալիստիկայի բաժինը հիմնադրվել է 1949 թվականին, բանասիրական ֆակուլտետի կազմում, իսկ 1999 թվականի հոկտեմբերի 1-ին ստեղծվել է ժուռնալիստիկայի ֆակուլտետը:
>

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, լինելով երիտասարդներից մեկը մայր բուհում, կրթական գործի կազմակերպման ոլորտում դրսևորած ճկուն քաղաքականության շնորհիվ ձեռք է բերել մի շարք առավելություններ, որոնք հիմք են տալիս ասելու, որ ժուռնալիստիկա մասնագիտությամբ ուսուցում իրականացնող բուհերի համանուն ֆակուլտետների կամ բաժինների շարքում եղել և մնում է առաջատարը:

Ժուռնալիստիկայի ֆակուլտետ ընդունվել ցանկացող դիմորդները հանձնելու են հետևյալ քննությունները. հայոց լեզու և գրականություն (գրավոր), ստեղծագործական աշխատանք (շարադրություն առաջադրված թեմայով), իսկ Երևանի պետական համալսարանում՝ բանավոր հաղորդակցման մշակույթ (նպատակն է ճշտել դիմորդի բանավոր խոսքի կուլտուրան, բառապաշարը, ասելիքը ճիշտ ձևակերպելու հմտությունը, Հայաստանում գործող զանգվածային լրատվամիջոցների (թերթ, ռադիո, հեռուստատեսություն և այլն) մասին ճանաչողական իմացությունների շրջանակ):

Չորսամյա ուսուցման ընթացքում ուսանողները ստանում են բարձրագույն լրագրողական կրթություն, որն, ըստ էության, բավարար է անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ ստանալու և լրագրողի մասնագիտությամբ աշխատելու համար:

Բակալավրիատի շրջանավարտներից շատերն անմիջապես աշխատանքի են անցնում մայրաքաղաքային և մարզային ԶԼՄ-ներում (թերթերի, շաբաթաթերթերի, ամսագրերի խմբագրություններ, ռադիոհեռուստաընկերություններ, լրատվական գործակալություններ, ինտերնետային (առցանց) հրատարակություններ), տարբեր գերատեսչությունների մամուլի ծառայություններում:

Ֆակուլտետում գործում է մագիստրոսական երեք ծրագիր, որոնք առաջարկում են երկամյա կրթություն: «Ժուռնալիստիկաե անվամբ ծրագիրն օգնում է խորացնել մասնագիտական գիտելիքները, մեծացնել ժուռնալիստիկայի և լրագրագիտության ոլորտում գիտական աշխատանքներ իրականացնելու հնարավորությունները:

«Հաղորդակցություն, մեդիա և հասարակությունե մագիստրոսական ծրագրի նպատակն է` ուսանողներին տրամադրել բազմակողմանի գիտելիքներ մեդիայի և հաղորդակցության, ինչպես նաև արդի հասարակության մեջ նրանց դերի մասին: Այն թույլ է տալիս յուրացնել ժամանակակից մոտեցումներ և հետազոտական մեթոդներ, որոնք անհրաժեշտ են վերլուծելու և հասկանալու համար մեդիայի և հաղորդակցության ասպարեզի արդի գործընթացները համաշխարհային զարգացումների գլոբալ համատեքստում:

«Հանրային կապեր և ԶԼՄ-ի հետ հաղորդակցությունե մագիստրոսական ծրագրի նպատակն է՝ լրացնել այդ ոլորտում Հայաստանում առկա արհեստավարժ մասնագետների պակասը, պատրաստել կադրեր, որոնք կտիրապետեն մասնագիտության էությանը, խնդիրներին ու գործիքներին, դրանց կիրառման եղանակներին ու հմտություններին:

Ֆակուլտետում ստեղծված են լավագույն պայմաններ` ուսանողներին տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ հաղորդելու, նրանց մասնագիտական որակավորումն ապահովելու համար: Այս առումով մեծ է մուլտիմեդիա լաբորատորիայի դերը: Այստեղ գործում են տեսաձայնագրման և մոնտաժման ժամանակակից սարքավորումներով համալրված ռադիոհեռուստաստուդիաներ, համակարգչային սրահ` ինտերնետ կապի առկայությամբ, մասնագիտական գրականությամբ և ընթացիկ մամուլի լրակազմերով հագեցած գրադարան, ինչպես նաև «Ժուռնալիստե ուսումնական թերթի խմբագրությունը:

Ժուռնալիստիկայի ֆակուլտետում նոր տեխնոլոգիաների կիրառումը կարևոր տեղ է զբաղեցնում, քանի որ ուսումնական գործընթացի մի զգալի մասն էլ իրականացվում է վիրտուալ ասպարեզում` դասախոսների և ուսանողների էլեկտրոնային շփման միջոցով: Նոր մեդիայի և հաղորդակցության հետազոտությունների կաբինետում է տեղակայված Journalist.am էլեկտրոնային ուսումնական պարբերականի խմբագրությունը: Հայաստանում այն թերևս միակ առցանց պարբերականն է, ուր լրագրողների դերում հանդես են գալիս ուսանողները, իսկ խմբագիրների` «Ժուռնալիստի վարպետությունե առարկայի դասախոսները:

Որպես գիտակրթական կենտրոն` ֆակուլտետն ըստ արժանվույն է գնահատում ոչ միայն դասախոսների, այլև ուսանողների հնարավորությունները: Նրանց լավագույն զեկուցումներն ու հրապարակումները խրախուսվում են հատուկ մրցանակներով, տպագրվում տարբեր ժողովածուներում:

Ֆակուլտետը սերտ համագործակցություն է սկսել ոչ միայն երկրում գործող լրագրողական կազմակերպությունների, տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցների, լրատվական գործակալությունների, այլև՝ տարբեր գերատեսչությունների հետ:

Այսպես` ՀՀ Պաշտպանության նախարարության հետ իրականացվում է «Ռազմական ժուռնալիստիկաե դասընթացը: ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ կյանքի է կոչվել «Մշակութային ժուռնալիստիկաե դասընթացը, իսկ Սփյուռքի նախարարությունը օգնում է արտերկրի հայալեզու առաջատար ԶԼՄ-ների և կրթական հասատատությունների հետ գործակցության հարցում:

Սերտ է համագործակցությունը Հայաստանում ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի, Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության, Կարմիր Խաչի հայկական ընկերության և ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի հետ:

Տարեցտարի ընդլայնվում են կապերն արտերկրի առաջատար բուհերի` Բեռլինի, Կոբլենցի, Հանովերի, Համբուրգի, Ռոստովի, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Նիժնի Նովգորոդի համալսարանների մեդիամենեջմենթի դպրոցների հետ:

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտներից ոմանք այսօր մեր երկրում հայտնի ժուռնալիստներ, խմբագիրներ և հասարակական գործիչներ են:

2007թ-ից գործող հեռակա բաժինը մեծապես օգնում է աշխատանքային փորձ ունեցող բազմաթիվ լրագրողների, ովքեր չունեն համապատասխան մասնագիտական կրթություն, այն ձեռք բերելու ֆակուլտետում:

2011/2012 ուստարվանից հեռակա ուսուցում է իրականացվում նաև մագիստրատուրայում: