Իրավագիտության ֆակուլտետ
Faculty of Law
Մայր բուհի հնագույն կրթագիտական ավանդույթներով հարուստ ֆակուլտետներից է, որն ունի 80 տարիների պատմություն:
>




ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը Մայր բուհի հնագույն և կրթական ու գիտական ավանդույթներով հարուստ ֆակուլտետներից է, որն ունի 80 տարիների պատմություն:



Այսօր հանրապետությունում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետն իրավամբ համարվում է առաջատարը և իրավաբան կադրերի հիմնական դարբնոցը: Անցած 80 տարիների ընթացքում ֆակուլտետը տվել է 20000-ից ավելի շրջանավարտ, որոնք համալրել և շարունակում են համալրել պետական կառավարման, իրավապահ և դատական մարմինները, ինչպես նաև բանկային համակարգը, միջազգային կառույցները և մասնավոր հատվածը:



ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, ինչպես և ամբողջ համալսարանում, ուսումնական գործընթացն իրականացվում է եռաստիճան կրթական համակարգով` բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա:



Բարձրագույն կրթություն ունեցող անձանց համար ֆակուլտետում կատարվում է ընդունելություն առանց արտադրությունից կտրվելու (5 տարի ժամկետով)` 2-րդ մասնագիտություն ստանալու նպատակով, իսկ 2007 թ.-ից ֆակուլտետում իրականացվում է հեռակա ուսուցում:



Ֆակուլտետում գործում են հետևյալ ամբիոնները`
պետության և իրավունքի տեսության ու պատմության,
սահմանադրական իրավունքի,
քաղաքացիական իրավունքի,
քաղաքացիական դատավարության,
քրեական իրավունքի,
քրեական դատավարության և կրիմինալիստիկայի,
եվրոպական ու միջազգային իրավունքի:



Դասավանդում են ՀՀ ԳԱԱ 1 ակադեմիկոս անդամ, գիտությունների 16 դոկտոր և 54 թեկնածու:



Իրավաբանների ուսուցումն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ֆակուլտետում ստեղծվել են կրիմինալիստիկական լաբորատորիա և ֆոտո-կաբինետ, ուսումնական դատական նիստերի դահլիճ, ինչպես նաև իրավաբանական կլինիկա (ուսանողական իրավախորհրդատվական ծառայություն):



Ֆակուլտետում գործում են նաև մի շարք գիտական կենտրոններ` Եվրոպական իրավունքի և ինտեգրման, Քրեաիրավական և կրիմինոլոգիական հետազոտությունների, Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական ու Կրիմինալիստիկայի և դատական փորձաքննությունների պրոբլեմների հետազոտման գիտագործնական կենտրոնները:



Ֆակուլտետում գործում է համակարգչային կենտրոն, էլեկտրոնային գրադարան` հագեցած 20 համակարգիչներով: Գործում է www.law.ysu.am ինտերնետային էջը:



Նյութատեխնիկական բազայի բաղկացուցիչ մասն է կազմում նաև փոքր տպարանը, որտեղ հրատարակվում են մասնագիտական ուսումնական ձեռնարկներ, դասախոսության տեքստեր, ուսումնաօժանդակ այլ նյութեր: Ֆակուլտետը հրատարակել է նաև «Իրավագիտության հարցեր» միջազգային գիտական հանդեսը (եռամսյա պարբերականությամբ), որն վերափոխվել է «Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն» հանդեսի, ինչպես նաև հրատարակում է «Պետություն և իրավունք» հանդեսը: Այստեղ հիմնականում տեղ են գտնում ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ասպիրանտների գիտական հոդվածները:



Իրավագիտության ֆակուլտետի դասախոսներն ակտիվ մասնակցել և մասնակցում են հանրապետությունում ընթացող սահմանադրական և դատաիրավական բարեփոխումների իրականացմանը:



ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, որպես ուսումնական հաստատություն և գիտական կենտրոն, արդյունավետ համագործակցում է ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան գիտահետազոտական հիմնարկների հետ, որոնց թվում են ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը, Սահմանադրական իրավունքի կենտրոնը, ՀՀ Գլխավոր դատախազության գիտաուսումնական կենտրոնը, Ռուսաստանի, Արևմտյան Եվրոպայի և ԱՄՆ-ի մի շարք առաջատար իրավաբանական դպրոցներ, որոնք հանդիսանում են նաև խոշոր գիտական կենտրոններ, ինչպես նաև հեղինակավոր միջազգային կառույցներ` ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակը, ԱՄՆ Միջազային զարգացման գործակալությունը, Ամերիկյան իրավաբանների ընկերակցությունը, Բաց հասարակության ինստիտուտը և այլն:



Իրավագիտության ֆակուլտետն աչքի է ընկնում ակտիվ ուսանողական կյանքով: Ֆակուլտետի ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության ջանքերով կազմակերպվում են ինչպես բազմաթիվ գիտական (գիտաժողովներ, թեմատիկ քննարկումներ, հանդիպումներ տարբեր պետական կառույցների ղեկավարների հետ, մասնակցություն մասնագիտական մրցույթների և այլն), այնպես էլ մշակութային միջոցառումներ:


ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի վարչակազմը միջոցներ է ձեռնարկում նաև շրջանավարտների զբաղվածության հարցերը լուծելու ուղղությամբ: Ամերիկյան իրավաբանների ընկերակցության գործուն աջակցությամբ ստեղծված Կարիերայի կենտրոնը, հետևելով ամերիկյան իրավաբանական դպրոցների փորձին, ապահովում է ուսանող-շրջանավարտ-գործատու մշտական կապն ու օժանդակում շրջանավարտներին համապատասխան աշխատանք գտնելու հարցում: