Իրավագիտության ֆակուլտետ
Faculty of Law
Մայր բուհի հնագույն կրթագիտական ավանդույթներով հարուստ ֆակուլտետներից է, որն ունի 80 տարիների պատմություն:
>

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը լայն պրոֆիլի իրավաբաններ պատրաստող միակ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունն է ՀՀ-ում: ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը մայր բուհի հնագույն և կրթական ու գիտական ավանդույթներով հարուստ ֆակուլտետներից է, որն ունի 80 տարիների պատմություն:


Իրավաբանների ուսուցումն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով, ֆակուլտետում ստեղծվել են Կրիմինալիստիկայի լաբորատորիա և ֆոտոկաբինետ, ուսումնական դատական նիստերի դահլիճ, ինչպես նաև Իրավաբանական կլինիկա (ուսանողական իրավախորհրդատվական ծառայություն): Նման լսարանների առկայությունը հնարավորություն է տալիս գործնականում կիրառել ստացված տեսական գիտելիքները: Ֆակուլտետում գործում են նաև մի շարք գիտական կենտրոններ` Եվրոպական ուսումնասիրությունների, Քրեաիրավական և կրիմինոլոգիական հետազոտությունների, Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական ու Կրիմինալիստիկայի և դատական փորձաքննությունների պրոբլեմների հետազոտման գիտագործնական կենտրոնները:


Լիարժեք իրավաբանական կրթության կազմակերպման նպատակով ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում ներկայումս կիրառվում են ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներ: Ֆակուլտետում գործում է Համակարգչային կենտրոն-էլեկտրոնային գրադարանը` հագեցված 20 համակարգիչներով: Պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին հնարավորություն է տրվում օգտվել այդ համակարգիչներում տեղադրված ԻՐՏԵԿ իրավաբանական տեղեկատվական համակարգից ու էլեկտրոնային բառարաններից, ինչպես նաև համացանցից (Internet), տարբեր (այդ թվում՝ նաև վճարովի) իրավաբանական տեղեկատվական համակարգերից, որոնք մատչելի են դարձնում իրավունքի բոլոր ճյուղերի գրեթե բոլոր ինստիտուտների վերաբերյալ նորագույն իրավական հետազոտությունները: ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում գործում է www.law.ysu.am ինտերնետային էջը, որտեղ զետեղված է մանրամասն տեղեկատվություն ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսումնական ծրագրերի, դասավանդվող առարկաների, ընթերցասրահում առկա մասնագիտական գրականության և իրավական որոնողական համակարգերի մասին:


Իրավագիտության ֆակուլտետի դասախոսներն ակտիվ մասնակցել և մասնակցում են հանրապետությունում ընթացող սահմանադրական և դատաիրավական բարեփոխումների իրականացմանը:


ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, որպես ուսումնական հաստատություն և գիտական կենտրոն, արդյունավետ համագործակցում է ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան գիտահետազոտական հիմնարկների հետ, որոնց թվում են` ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը, Սահմանադրական իրավունքի կենտրոնը, ՀՀ Դատախազության դպրոցը, ՀՀ Ոստիկանության կրթահամալիրը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության, Արևմտյան Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մի շարք առաջատար իրավաբանական դպրոցներ, որոնք նաև խոշոր գիտական կենտրոններ են:


Իրավագիտության ֆակուլտետն աչքի է ընկնում ակտիվ ուսանողական կյանքով: Ֆակուլտետի ՈՒսանողական խորհրդի և ՈՒսանողական գիտական ընկերության ջանքերով կազմակերպվում են ինչպես բազմաթիվ գիտական (գիտաժողովներ, թեմատիկ քննարկումներ, հանդիպումներ տարբեր պետական կառույցների ղեկավարների հետ, մասնակցություն մասնագիտական մրցույթների և այլն), այնպես էլ մշակութային միջոցառումներ:


ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի վարչակազմը միջոցներ է ձեռնարկում նաև շրջանավարտների զբաղվածության հարցերը լուծելու ուղղությամբ: Ամերիկյան իրավաբանների ընկերակցության գործուն աջակցությամբ ստեղծված Կարիերայի կենտրոնը, հետևելով ամերիկյան իրավաբանական դպրոցների փորձին, ապահովում է ուսանող - շրջանավարտ - գործատու մշտական կապը և օժանդակում ֆակուլտետի շրջանավարտներին իրենց ունակություններին ու որակներին համապատասխան աշխատանք գտնելու հարցում: Կենտրոնի առաջնային խնդիրներից են ուսանողներին և շրջանավարտներին աշխատաշուկայի, դրանում առկա պահանջարկի վերաբերյալ տեղեկատվությամբ ապահովելը և նրանց` աշխատանքի ընդունվելուն աջակցելը (անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման, գրագրության, հարցազրույցի և այլ հմտություններ):


Բարձրագույն կրթություն ունեցող անձանց համար ֆակուլտետում կատարվում է ընդունելություն առանց արտադրությունից կտրվելու (5 տարի ժամկետով)` 2-րդ մասնագիտություն ստանալու նպատակով: 2007թ. ֆակուլտետում իրականացվում է հեռակա ուսուցում: 2010 թ. ֆակուլտետում երկու մագիստրոսական ծրագրերով կազմակերպվում է հեռակա ուսուցում (քրեական իրավունք և դատավարություն, քաղաքացիական իրավունք և դատավարություն):