Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
Faculty of Mathematics and Mechanics
Մաթեմատիկոս մասնագետների պատրաստումը ԵՊՀ-ում սկսվել է 1924 թ. հասարակագիտական ֆակուլտետի ֆիզիկամաթեմատիկական ենթաբաժնում:
>

Ֆակուլտետում ուսուցումը կատարվում է երեք մասնագիտություններով` մաթեմատիկա, մեխանիկա և ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա:

Մաթեմատիկան մարդկային մտքի ամենակարևոր և ամենակատարյալ ստեղծագործություններից է: Այն նույնքան հին է, որքան մարդկությունն ինքը, սակայն շարունակում է բուռն զարգացում ապրել` գտնելով նորանոր կիրառություններ մարդկային գործունեության ամենատարբեր բնագավառներում: Այսօր դժվար է գտնել որևէ գիտական ուղղություն, որը չի օգտվում մաթեմատիկական մեթոդներից և մաթեմատիկայի նվաճումներից: Դա են վկայում մաթեմատիկայի երիտասարդ և արագ զարգացող այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են բիոմաթեմատիկան, ակտուարական մաթեմատիկան, ֆինանսական մաթեմատիկան և այլն:

Մեխանիկան գիտություն է մարմինների հավասարակշռության, շարժման և ձևափոխությունների մասին, որի գլխավոր խնդիրն է հայտնաբերել, ճանաչել ու գործնականում կիրառել մարմինների մեխանիկական շարժումների և փոխազդումների ընդհանուր օրինաչափությունները: ԵՊՀ մեխանիկոսների գիտական ձեռքբերումները համաշխարհային ճանաչում ունեն և կարևոր են ժամանակակից գիտության ու տեխնիկայի զարգացման գործում:

Մեր օրերի մեխանիկոսներին բնորոշ է ամենատարբեր մաթեմատիկական գիտելիքների կիրառումը` օգտագործելով տեսական և կիրառական մաթեմատիկաների նորագույն մեթոդները:

Ֆակուլտետի ղեկավարությունը կարևորում է մաթեմատիկայի այնպիսի ուղղությունների ներդրումն ու զարգացումը, որոնք այսօր ունեն առավել մեծ պահանջարկ: Այս առումով նշանակալի քայլ էր ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա մասնագիտության ներդնումը: Ակտուարն իր մեջ համակցում է մաթեմատիկոսի, ֆինանսիստի, սոցիոլոգի ու ներդրումային կառավարչի մասնագիտությունները: Ակտուարները առևտրային ու ֆինանսական կշռադատված խորհրդատվություն են տրամադրում տնտեսության, ֆինանսների ու գործարար ոլորտներում` ապագայում սպասվող երևույթները կանխատեսելու, վերլուծելու և դրանց ֆինանսական հետևանքները գնահատելու համար:

Արագ զարգացող և փոփոխվող շուկայական տնտեսակարգը շեշտակի մեծացնում է կազմակերպությունների ֆինանսական ռիսկերը, ինչը հաճախ հանգեցնում է սնանկացման: Նման բացասական երևույթներից խուսափելու միակ ճանապարհը այդ ռիսկերի գնահատումն է և հնարավոր զարգացումների կանխատեսումը: Ակտուարն այն մասնագետն է, որը վերլուծում է այդ ռիսկերի ֆինանսական հետևանքները: Զարգացած երկրներում ապահովագրությունը կայացած ոլորտ է և ավանդաբար ակտուարների ամենախոշոր գործատուն է, քանզի ապահովագրական ընկերությունների վճարունակության իրավական երաշխավորները ակտուարներն են: Կենսաթոշակային ոլորտում ակտուարները խորհըրդատվություն են տրամադրում աշխատողներին, արհմիություններին ու հոգաբարձուներին` մասնավոր կենսաթոշակային և աշխատողներին նպաստ տրամադրող ծրագրերի մասին, ֆինանսավորման ու ղեկավարման գործում: Բացի այդ, ակտուարների մեծ պահանջ կա փոխհատուցման վերաբերյալ խորհրդատվության, ֆինանսական ռիսկերի գնահատման, ներդրումների կառավարման, ֆինանսական պլանավորման, աշխատողների վարձատրության, բուժսպասարկման կառավարման և այլ ոլորտներում:

Ֆակուլտետի բոլոր երեք մասնագիտություններով սովորող ուսանողները ստանում են հիմնարար մաթեմատիկական կրթություն, որը բարեբեր հող է ստեղծում մասնագիտական ոլորտում հաջողությունների հասնելու համար: Ուսուցման համակարգը եռաստիճան է` բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա:

Բակալավրիատն ավարտած լավագույն ուսանողները կրթությունը շարունակում են մագիստրատուրայում, որտեղ ուսման տևողությունը 2 տարի է: Այսօր ֆակուլտետում գործում է 9 մագիստրոսական ծրագիր: Հիմնական գիտական ուղղություններն են` ֆունկցիաների տեսություն, դիֆերենցիալ հավասարումներ, ֆունկցիոնալ անալիզ, հավանականությունների տեսություն, օպտիմալ կառավարում, կիրառական հանրահաշիվ և երկրաչափություն, պինդ մարմնի մեխանիկա, տեսական մեխանիկա, ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա, ռիսկերի կառավարում:

Մագիստրատուրայի առավել շնորհալի, մաթեմատիկական բարձր ունակություններով օժտված շրջանավարտները, ովքեր նպատակ ունեն իրենց հետագա կյանքը կապել գիտության հետ, ընդունվում են ասպիրանտուրա: Հետագայում նրանք աշխատանքի են անցնում ԵՊՀ-ի կամ այլ բուհերի (այդ թվում` նաև արտասահմանյան) մաթեմատիկական ամբիոններում, ակադեմիական ինստիտուտներում և այլն:

Գիտնական դառնալը միակ ուղին չէ, որը կարող է ընտրել Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ ընդունված ուսանողը: Ֆակուլտետի շրջանավարտներն այսօր հաջողությամբ աշխատում են ամենատարբեր բնագավառներում` գործարարությունից մինչև քաղաքականություն:

Մաթեմատիկա և մեխանիկա մասնագիտություններով բակալավրիատն ավարտած ուսանողները բակալավրի աստիճանի հետ մեկտեղ ստանում են նաև մանկավարժի որակավորում և կարող են աշխատել հանրապետության դպրոցներում` որպես մաթեմատիկայի ուսուցիչ, քանի որ հիմնարար մաթեմատիկական կրթությունը էական նշանակություն ունի դպրոցում մաթեմատիկա բարձր մակարդակով դասավանդելու համար:

Ֆակուլտետում կարևորվում է համակարգչային բարձրորակ կրթությունը և ժամանակակից ծրագրավորման լեզուների դասավանդումը: Ֆակուլտետի բազմաթիվ շրջանավարտներ այսօր հաջողությամբ աշխատում են որպես ծրագրավորող տարբեր հաստատություններում:

Ըստ կանխատեսումների` առաջիկա տարիներին Հայաստանում կայուն աճ պետք է ունենա ակտուարական մաթեմատիկոսի պահանջարկը` պայմանավորված նախատեսվող պետական ու կամավոր կենսաթոշակային ապահովագրության, պարտադիր բժշկական ապահովագրության և մասնավոր ապահովագրական համակարգերի ներդրումներով: Ներկայումս այդ մասնագիտությամբ ավարտած ուսանողներն աշխատում են ապահովագրական ընկերություններում, տարբեր առևտրային բանկերի և այլ կազմակերպությունների վարկային, ֆինանսական ու վերլուծական բաժիններում, «Նորքե տեղեկատվավերլուծական կենտրոնի ակտուարական գրասենյակում: Ակտուարական մաթեմատիկայի ամբիոնը գործնական հարաբերությունների մեջ է ապագա ակտուարների պոտենցիալ գործատուների հետ` աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության, ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի, ՀՀ կենտրոնական բանկի, «Նորքե տեղեկատվավերլուծական կենտրոնի, ապահովագրական ընկերությունների և բանկերի հետ: