Ֆիզիկայի ֆակուլտետ
Faculty of Physics
Ֆիզիկամաթեմատիկական կադրերի պատրաստումը համալսարանում սկսվել է 1922 թվականից:
>

Ֆիզիկամաթեմատիկական կադրերի պատրաստումը համալսարանում սկսվել է 1922 թվականից: Հայաստանում ֆիզիկայի զարգացման համար նշանակալից իրա-դարձություն էր 1933 թ-ին համալսարանի կառուցվածքում ֆիզիկամաթեմա-տիկական ֆակուլտետի հիմնադրումը` ֆիզիկայի և մաթեմատիկայի առանձին բաժիններով:


Ֆիզիկայի զարգացումը խթանելու և նոր կադրերով ապահովելու նպատակով 1959 թ-ին համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետից առանձնանում և կազմավորվում է ֆիզիկայի ֆակուլտետը, որի առաջին դեկանն էր ՀՍՀ ԳԱ թղթակից անդամ Նորայր Քոչարյանը:



Ֆակուլտետը հագեցած է բարձր որակավորում ունեցող պրոֆեսորա-դասախոսական կազմով: Ներկայումս ֆակուլտետում դասավանդում են ՀՀ ԳԱԱ 3 ակադեմիկոս, 5 թղթակից անդամ, գիտության 40 դոկտոր և գիտության ավելի քան 80 թեկնածու:



Յուրաքանչյուր տարի ֆիզիկայի ֆակուլտետի բակալավրիատ ընդունվում է շուրջ 100 ուսանող: Երեք փուլով կազմակերպվող ընդունելության արդյունքում մագիստրատուրայի ուսանողների թվաքանակը կազմում է 45-50 ուսանող:



Մինչև 2005թ. ֆակուլտետի կազմում գործել է 9 ամբիոն: Այդ տարի լուծարվել է քվանտային էլեկտրոնիկայի ամբիոնը, որը հիմնադրվել էր 1971թ.-ին: 2008թ. ակադեմիկոս Վ. Հ. Համբարձումյանի անվ. ամբիոնը (հիմնադրված 1945 թ-ին) միավորվել է 1933 թ-ից ֆիզմաթ. ֆակուլտետի կազմում գործող ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի հետ:



Ներկայումս Ֆակուլտետի կազմում գործում են 7 ամբիոններ.
• ակ. Վ. Համբարձումյանի անվ. ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի - հիմնադրված է 1933 թ.
• միջուկային ֆիզիկայի - հիմնադրված է 1942թ.
• ակ. Գ. Սահակյանի անվ. տեսական ֆիզիկայի - հիմնադրված է 1951թ.
• պինդ մարմնի ֆիզիկայի - հիմնադրված է 1956թ.
• օպտիկայի - հիմնադրված է 1964թ.
• բարձրագույն մաթեմատիկայի - հիմնադրված է 1966թ.
• մոլեկուլային ֆիզիկայի - հիմնադրված է 1967թ.



Այս ամբիոնները մասնագետներ են պատրաստում երեք մասնագիտությունների գծով` Ֆիզիկա, Միջուկային ռեակտորների ֆիզիկա, Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա: Ֆիզիկա մասնագիտությունն իր հերթին ունի 5 ուղղություն. Կոնդենսացված միջավայրերի ֆիզիկա, Լազերային ֆիզիկա, Տեսական ֆիզիկա և մաթեմատիկա, Միջուկային ֆիզիկա և աստղաֆիզիկա, Մակրոմոլեկուլների ֆիզիկա և կենսաֆիզիկա:

2006 - 2007 ուսումնական տարվանից սկսած ֆակուլտետը ֆիզիկոս-մանկավարժներ է պատրասում նաև հեռակա ուսուցմամբ:



Մագիստրոսական կրթության սահմաններում ֆակուլտետում մշակված է ճկուն համակարգ, ինչը թույլ է տալիս արագորեն արձագանքել գիտահետազոտական ինստիտուտների և գիտական կենտրոնների, ինչպես նաև արդյունաբերական ձեռնարկների կողմից շրջանավարտներին ներկայացվող պահանջներին: Մասնավորապես, նախապատրաստված են 10 մագիստրոսական ծրագրեր (այդ թվում նաև հանրապետության մի շարք գիտական կենտրոնների հետ համատեղ), որոնց ընտրությունը կատարվում է մագիստրոսների ցանկությամբ` մասնագետների պահանջարկին համապատասխան:



Ֆիզիկայի ֆակուլտետին վերաբերվող ուսումնական և գիտահետազոտական բնագավառների կարևոր հարցերը քննարկվում են ֆակուլտետի խորհրդի նիստերում: Խորհուրդը հանգամանորեն քննարկում և տպագրության է երաշխավորում ուսումնական ձեռնարկներ, ինչպես նաև դասընթացների դասախոսություններ` հիմնականում մայրենի լեզվով:



Ուսումնական գործընթացի, ինչպես նաև ուսումնական ծրագրերի արդիականացման հարցերի քննարկումն իրականացվում է ֆակուլտետի մեթոդական խորհրդի պարբերաբար կայացող նիստերում:



Ֆիզիկայի ֆակուլտետի ուսումնական լաբորատորիաներում կատարվող գիտահետազոտական ուսումնասիրությունները թե՛ գիտական, թե՛ տեխնիկական բարդությամբ համապատասխանում են գիտության ներկայիս պահանջներին: Ֆակուլտետն ունի համակարգչային արդիական տեխնիկայով հագեցված լսա-րաններ, որոնք ուսանողներին հնարավորություն են ընձեռում ծանոթանալու ժամանակակից գիտափորձին և տեխնիկայի ղեկավարման ավտոմատացված համակարգերին:



ֆիզիկայի ֆակուլտետը հանրապետության ճանաչված գիտական կենտրոններից է: Ակտիվ գիտական աշխատանքներն իրականացվում են Ֆակուլտետում գործող յոթ պրոբլեմային լաբորատորիաներում, ինչպես նաև միջազգային գիտական ծրագրերի սահմաններում: Ներկայումս ֆակուլտետում իրականացվում են գիտահետազոտական աշխատանքներ թե՛ միջազգային, թե՛ բյուջետային ֆինանսավորմամբ գրանտների սահմաններում:



Ֆակուլտետի ամբիոններն ակտիվ կապեր ունեն ֆիզիկայի ասպարեզում հայտնի արտասահմանյան բազմաթիվ գիտական կենտրոնների հետ: