Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ
Faculty of Radiophysics
Ռադիոֆիզիկայի ֆակուլտետը ստեղծվել է 1975 թ-ին:
>

Ռադիոֆիզիկայի ֆակուլտետում գործում են մասնագիտական երեք բաժիններ` Ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկայի, Կիսահղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի եւ Հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում:

Ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա մասնագիտությունը յուրացնող ուսանողները բացի ֆիզիկայի հիմունքները ներկայացնող ավանդական դասընթացներից հանգամանալի գիտելիքներ են ստանում էլեկտրամագնիսական ալիքների ճառագայթման աղբյուրներին, դրանց տարածման առանձնահատկություններին և գրանցող սարքերին նվիրված առարկաներից:

Դա հնարավորություն է տալիս դասընթացը հաջողությամբ ավարտած «ռադիոֆիզիկոսիե որակավորում ստացած մասնագետին աշխատել ամենատարբեր ուղղություններով` սկսած գիտակրթական հաստատություններում գիտական հետազոտություններից մինչև ճարտարագիտական բնույթի աշխատանքը էլեկտրատեխնիկական հաստատություններում:

«Կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկաե մասնագիտությամբ որակավորում ստացած շրջանավարտները գիտելիքներ են ստանում կիսահաղորդչային միկրո և նանոէլեկտրոնիկայի բնագավառից: Ֆակուլտետում առկա ամենաարդիական սարքավորումները նրանց թույլ են տալիս ամրապնդել գիտելիքները միջազգային չափանիշների պահանջներին բավարարող լաբորատորիաներում, իսկ նրանց ավարտական աշխատանքներում և թեզերում գիտական արժեք ներկայացնող արդյունքները հազվադեպ չեն: Հատկանշական է, որ կիսահաղորդչային նանոէլեկտրոնիկայի բուռն զարգացող բնագավառն ըստ ամենայնի պետք է հանդիսանա մեր երկրի ամենահեռանկարային ճյուղերից մեկը` իր արտադրությամբ և գիտական ենթակառույցներով:

Հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում մասնագիտությունը յուրացրած շրջանավարտները կարող են աշխատել ժամանակակից կապի բազմապիսի ուղիները ապահովող հաստատություններում և դրանց հետագա զարգացմանը միտված գիտահետազոտական ինստիտուտներում: Ազդանշանների համակարգչային մշակման եղանակները և դրանց արագագործությունը վճռական նշանակություն ունեն ամենատարբեր բնագավառներում` ռազմական խնդիրներից սկսած մինչև արտադրական և գիտական սարքերի ավտոմատացում:

Այս բնագավառը նոր է ձևավորվում հանրապետությունում և ներկայումս մեծ պահանջարկ ունի:

Միկրոէլեկտրոնիկայի ոլորտում աշխարհում առաջատար դիրք զբաղեցնող «Սինոփսիսե կազմակերպությունը, ուր աշխատում են գերմեծ ինտեգրալային սխեմաների նախագծելու ուղղությամբ մասնագիտացած հմուտ գիտնականներ, լայն գործունեություն է ծավալել մեր երկրում: Այս կազմակերպությունը մեծ ուշադրություն է դարձնում նաև բանիմաց երիտասարդ մասնագետների պատրաստման խնդրին: Ռադիոֆիզիկայի ֆակուլտետին է վերապահված այս մասնագիտությամբ դասընթացների կազմակերպման, ուսանողների ընտրության և մատուցվող գիտելիքների յուրացումը վերահսկելու գործը: Հատկանշական է, որ բարձրորակ կադրերի պահանջարկ ունեցող «Սինոփսիսե կազմակերպությունը գոհունակությամբ աշխատանքի է ընդունում նշված ուղղությամբ մասնագիտացած շրջանավարտների մեծ մասին:

Ֆակուլտետում կատարվող ակտիվ գիտական հետազոտությունները, արժեքավոր լինելով հանդերձ, նպաստավոր պայմաններ են ստեղծում ուսանողությանը հասու դարձնելու գիտության արդի նվաճումներին: Յուրաքանչյուր տարի միջազգային մամուլում ֆակուլտետի աշխատակիցների կողմից հրապարակված գիտական աշխատանքների թիվը հիսունից ավելին է:

Ֆակուլտետի կազմում գործում է «Կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիայի կենտրոնե-ը, որտեղ կատարվող գիտական հետազոտությունները ունեն ինչպես կարևոր հիմնարար, այնպես էլ կիրառական նշանակություն: Հետազոտությունները նվիրված են արեգակնային էներգիայի օգտագործման նոր արդյունավետ ուղիների որոնմանը, շրջակա միջավայրի աղտոտվածության աստիճանը որոշող սարքերի ստեղծմանը և մի շարք այլ արդիական խնդիրներին: Հատկանշական է, որ կենտրոնի գործունեությունը խթանվում է բազմաթիվ միջազգային դրամաշնորհներով, ինչը նաև կատարվող գիտական աշխատանքների արժանի գնահատականն է:

Անկարելի է պատկերացնել քաղաքակրթությունն առանց ռադիոյի, հեռուստատեսության, համակարգիչների, ինտերնետի, բջջային հեռախոսների, ծանրագույն հիվանդությունները վաղ շրջանում ախտորոշող սարքերի, լազերների և այլն: Ֆակուլտետի գործունեության նպատակը եղել և մնում է միջազգային չափանիշներին բավարարող հմուտ ճարտարագետ հետազոտողների պատրաստումը կիրառական ֆիզիկայի ոլորտում: Այս ոլորտը մինչ այժմ էլ խիստ արդիական է, և դրանով է զբաղված առաջատար երկրներում աշխատող ֆիզիկոսների ճնշող մեծամասնությունը:

Ֆակուլտետը միջազգային գիտական համագործակցություն է ծավալում ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Ճապոնիայի, Իտալիայի, Հարավային Կորեայի մի շարք ճանաչված կենտրոնների և համալսարանների հետ:

Գիտական թեզեր պաշտպանած երիտասարդ գիտնականների մի մասը ներկայումս իրենց որակավորումը բարձրացնում է արտասահմանում: Հատկանըշական է, որ համալսարանում կազմակերպվող բոլոր միջոցառումներին ակտիվորեն մասնակցում են Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանողները:

Ֆակուլտետի շրջանավարտներից շուրջ 200-ը ստացել են տարբեր գիտական աստիճաններ, դարձել առաջատար գիտնականներ և արտադրության ղեկավարներ: Նրանց զգալի մասն աշխատում է բարձրագույն ուսումնական հաստատություններում, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային արդյունաբերության գիտաարտադրական հիմնարկներում: