Աստվածաբանության ֆակուլտետ
Faculty of Theology
1995 թ.-ի սեպտեմբերի 1-ին է հիմնադրվել Աստվածաբանության ֆակուլտետը:
>

1995 թ.-ի սեպտեմբերի 1-ին է հիմնադրվել Աստվածաբանության ֆակուլտետը: Ֆակուլտետի հիմնադիր դեկանն է ՀՀ ԳԱԱ և ԵՊՀ պատվավոր դոկտոր, փիլիսոփայության և բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Շահե արք. Աճեմյանը:



Ֆակուլտետի կառույցում գործում են մասնագիտական 3 ամբիոններ`
Աստվածաբանության, Կրոնի պատմության ու տեսության, Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության (2006 - 2007 ուստարվանից), ինչպես նաև հանրապետությունում իր տեսակի մեջ եզակի մասնագիտական «Աճեմյան» գրադարանը:



2004 թվականից ֆակուլտետի դեկանն է Անուշավան եպս. Ժամկոչյանը: Նոր դեկանի օրոք ոչ միայն շարունակվեցին լավագույն ավանդույթները, այլև կյանքի կոչվեցին հրաշալի նախաձեռնություններ:



Ֆակուլտետում մասնագիտական դասընթացների դասավանդումն իրականացվում է 4 հիմնական` Աստվածաշնչի ներածություն և մեկնություն (Հին Կտակարանի և Նոր Կտակարանի ներածություն, Հին և Նոր կտակարանների մեկնություն), տեսական աստվածաբանություն (վարդապետական աստվածաբանություն, հայրաբանություն, հայ աստվածաբանական մատենագրություն), պատմական աստվածաբանություն (ընդհանուր եկեղեցական պատմություն, հայ եկեղեցու պատմություն, կրոնների պատմություն) և գործնական աստվածաբանություն (կրոնագիտություն, տոմարագիտություն, բարոյական աստվածաբանություն, ծիսագիտություն) ուղղություններով:



2006 թվականից լույս են տեսնում ֆակուլտետի «Տարեգիրք» և «Հայ աստվածաբան» գիտամանկավարժական հրատարակությունները, որտեղ իրենց աշխատանքներն են հրատարակում աստվածաբանության, պատմության, բանասիրության ֆակուլտետների դասախոսներն ու ասպիրանտները, վերականգնվեց Աճեմյան մատենաշարի հրատարակությունը:



Աճեմյան աստվածաբանության գրադարան-կաբինետը համալրվեց երկրորդ ընթերցասրահով:



Ստեղծվել է նոր համակարգչային, լինգաֆոնային սրահ:



Ավանդական դարձավ հայրենագիտական պրակտիկայի անցկացումը Հայաստանի տարբեր սրբազան վայրերում և ուսանողության մասնակցությունը ամենատարբեր տոնածիսական արարողություններին:



Շարունակվում են միջհամալսարանական հարաբերությունները եվրոպական բուհերի, այդ թվում` Ստրասբուրգի և Հալլեի համալսարանների հետ: Ոչ միայն համաշխարհային ճանաչում ձեռք բերած աստվածաբաններն են պարբերաբար դասախոսում ֆակուլտետում, այլև մեր լավագույն ուսանողներն իրենց կրթությունը շարունակում են այդ համալսարաններում:



Դասախոսական կազմը համալրվել է գիտական տարբեր աստիճաններ և միջազգային ճանաչում ունեցող մասնագետներով, իսկ երիտասարդ մասնագետները, որոնց մի մասը մեր շրջանավարտներն են, արդեն ունեն գիտական կոչումներ:


Ֆակուլտետի երկու լսարան վերանորոգվել և անվանակոչվել է Ղարաբաղյան պատերազմում զոհված ազատամարտիկների` Վարդան Ազատի Բախշյանի ու Վարդան Տիգրանի Դալլաքյանի և երջանկահիշատակ Վազգեն Ա Պալճյան ամենայն հայոց կաթողիկոսի անուններով:


Լավագույն նախաձեռնություններով ֆակուլտետի Ուսխորհուրդն ու ՈւԳԸ-ն հետաքրքիր ու բազմազան են դարձնում ուսանողների գիտական կյանքն ու առօրյան: