Աստվածաբանության ֆակուլտետ
Faculty of Theology
1995 թ.-ի սեպտեմբերի 1-ին է հիմնադրվել Աստվածաբանության ֆակուլտետը:
>

Աստվածաբանության ֆակուլտետում ուսանողները մասնագիտանում են վարդապետական, տեսական ու կիրառական աստվածաբանություն (հայ աստվածաբանական մատենագրություն, հայրաբանություն, կանոնագիտություն ու տոմարագիտություն, տոնագիտություն, ծիսագիտություն), եկեղեցաբանություն, կրոնագիտություն և Հայ Եկեղեցու պատմություն առարկաներով: Խորապես են ուսուցանվում, ինչպես ժամանակակից հայերեն ու օտար լեզուներ` ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, նաև հին լեզուներ` գրաբար և հին հունարեն: Ուսանողներին հնարավորություն է տրվում սովորելու մի քանի օտար լեզու:

Աստվածաբանության ֆակուլտետի ողջ աշխատակազմը զգալի ջանքեր է ներդնում ֆակուլտետի ուսանողության ուսումնադաստիարակչական աշխատանքը լավագույնս կազմակերպելու համար. այդ նպատակին են ծառայում նաև հայրենագիտական պրակտիկան և գիտարշավները դեպի Հայաստանի տարբեր պատմամշակութային բազմաթիվ հուշարձաններ:

Ֆակուլտետի կարևոր ձեռքբերումներից են միջազգային կապերն աշխարհի տարբեր երկրների համանման ուսումնական հաստատությունների հետ, որոնց աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է` Անգլիա, Դանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հոլանդիա, Շվեյցարիա, Սիրիա, Լիբանան: Կան միջբուհական սերտ հարաբերություններ տարբեր գիտահետազոտական ինստիտուտների` Երևանի Մատենադարանի և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ:

Պարբերական են հանդիպումները Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, մասնակցությունները տարբեր ծիսական արարողություններին, ինչպես նաև Թարգմանչաց տոնին 1-ին կուրսեցիների երդման արարողությունները Օշականում` Մեսրոպ Մաշտոցի շիրմի առջև և երեխաների մասսայական մկրտության արարողությունները Գեղարդում:

2011 թ. ՀՀ կառավարության որոշումով ֆակուլտետում բացվել է «Հայ Եկեղեցու պատմության և եկեղեցաբանության» բաժինը: Այն նպատակ ունի բավարարելու առաջին հերթին «Հայ Եկեղեցու պատմության» որակավորմամբ մասնագետների պահանջարկը հանրապետությունում, որը հասունացել է արդի հայ հասարակության մեջ: Այս մասնագիտությամբ ավարտողները հնարավորություն կունենան աշխատանք գտնելու հանրապետության դպրոցներում, բուհերում, հայագիտական կենտրոններում, կրոնի հետ կապ ունեցող հիմնարկություններում, ինչպես նաև կրթական և գիտական մի շարք այլ հաստատություններում: