Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
Pedagogy and Education Development Center
:
>

Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը (ՄԿԶԿ) հիմնադրվել է 2017 թ. հուլիսի 6-ին ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ և ռեկտոր Արամ Սիմոնյանի 2017 թ. հուլիսի 19-ի No 133.46 հրամանով: 


Կենտրոնը ձևավորվել է ԵՊՀ մանկավարժության ամբիոնի հիմքի վրա:


Մանկավարժության ամբիոնը ԵՊՀ հնագույն ամբիոններից է. այն ստեղծվել է համալսարանի հիմնադրումից անմիջապես հետո՝ 1921 թ. հոկտեմբերին, Մանկավարժության ֆակուլտետի ստեղծմանը զուգահեռ, իսկ 1924 թվականից մինչև 2017 թ. հուլիսը Մանկավարժության ամբիոնը գործել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի կազմում:


2017 թ. հուլիսի 19-ից ամբիոնն առանձնացել է Հայ բանասիրության ֆակուլտետից՝ ձևավորելով Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը:


Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի ղեկավարը, ինչպես նաև Մանկավարժության ամբիոնի վարիչը  մանկ. գիտ, դեկտոր, պրոֆեսոր Նազիկ Կարապետի Հարությունյանն է, որն արդեն 25 տարի ղեկավարում է ամբիոնի գիտակրթական գործունեությունը: Մանկավարժության ոլորտի զարգացման գործում ունեցած մեծ գիտական ներդրումների համար պրոֆեսոր Ն. Հարությունյանը բազմիցս արժանացել է պետական պարգևների (2009 թ.՝ «ՀՀ ԿԳ նախարարության հուշամեդալի», 2014 թ. հունվարին՝ «ՀՀ վարչապետի հուշամեդալի», 2014 թ. սեպտեմբերին՝ ՀՀ նախագահի կողմից «ՀՀ վաստակավոր մանկավարժ» կոչման, 2016 թ.՝ «ԵՊՀ ոսկե մեդալի», 2016 թ.՝ «Երևանի պատվավոր մանկավարժ» հուշամեդալի): 


Կենտրոնն իրականացնում է երեք մասնագիտական կրթական ծրագիր, ինչպես նաև կազմակերպում և վերահսկում է ԵՊՀ 12 ֆակուլտետներում մանկավարժի որակավորման շնորհման նոր համակարգը.



«Սոցիալական մանկավարժություն» կրթական ծրագիր բակալավրիատում՝ առկա ուսուցմամբ:
2010-2011 թ. Մանկավարժության ամբիոնը բացել է «Սոցիալական մանկավարժություն» կրթական ծրագիրը բակալավրիատում: Ամբիոնը պատրաստում է սոցիալական մանկավարժներ Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների համար:



«Կրթության կազմակերպում» մագիստրոսականկրթական ծրագիրը՝ առկա և հեռակա ուսուցմամբ
1998 թ. առաջին անգամ հանրապետությունում Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայում բացվեց «Կրթության կազմակերպում» մագիստրոսական ծրագիրը, որի նպատակն է պատրաստել կրթության կազմակերպիչներ Հայաստանի հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտների համար:



«Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» մագիստրոսական կրթական ծրագիրը՝ հեռակա ուսուցմամբ
2016 թվականից Մանկավարժության ամբիոնը մեկնարկեց «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» մագիստրոսական ծրագիրը՝ հեռակա ուսուցմամբ, որի նպատակն է պատրաստել մանկավարժներ ՀՀ հանրակրթական դպրոցների համար՝ տալով մանկավարժի որակավորում:




-
Մանկավարժի որակավորման շնորհման նոր համակարգը




Մանկավարժի որակավորման շնորհման նոր համակարգը գործում է 2017- 2018 ուստարվանից սկսած, որը ենթադրում է վեցկիսամյականոց առանձին կրթական մոդուլի կազմակերպում ԵՊՀ 12 ֆակուլտետներում: Ուսանողները համապատասխան քանակությամբ կրեդիտներ (30 կրեդիտ) կուտակելու դեպքում ստանում են մանկավարժի որակավորում: 



Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում իրականացվում են գիտահետազոտական մեծ աշխատանքներ, որոնց վկայությունն են վերջին 20 տարում 300-ից ավել հրատարակվող աշխատությունները (մենագրություններ, դասագրքեր, բուհական ձեռնարկներ, մանկավարժության եռահատոր հանրագիտարան, գիտական հոդվածներ): Վերջին 10 տարում կենտրոնում պաշտպանվել են 3 դոկտորական և 19 թեկնածուական ատենախոսություններ:



Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում արդեն 8 տարի է, ինչ գործում է գիտական աստիճաններ շնորհող մանկավարժության 058 մասնագիտական խորհուրդը: Այստեղ թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ են պաշտպանվում ինչպես Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնից, Հայաստանի տարբեր բուհերից, այնպես էլ Իրանի Իսլամական Հանրապետությունից (6 գիտությունների թեկնածու):



Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնն ունի միջազգային համագործակցության ընդգրկուն շրջանակներ, որոնք ներառում են ինչպես եվրոպական երկրների համալասարաններն ու կազմակերպությունները, այնպես էլ տարածաշրջանի առաջատար համալսարանները (Ավստրիա, Լեհաստան, ՌԴ, Ուկրաինա, Բելառուս, Վրաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն):



Հատկանշական է այն, որ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը 2014 թվականից Եվրոպական կրթական հետազոտությունների ասոցիացիայի անդամ է (EERA):



Երևանի պետական համալսարանի Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնն ունի միջազգային գիտաժողովների և կլոր սեղանների կազմակերպման հարուստ փորձ (1997, 2004, 2014, 2017, 2019 թթ.):

Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում գործում են Ուսանողական խորհուրդ և Ուսանողական գիտական ընկերություն, որոնք ակտիվ համագործակցում են համալսարանի ՈՒԽ-ի և ՈՒԳ-ի հետ՝ կազմակերպելով Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի ու միջֆակուլտետային ուսանողական միջոցառումներ: 


ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՐՔՈՒՅԿ