Հարց տալ
Ամենաշատ տրվող հարցերը
1
Արդյո՞ք հեռակա մագիստրատուրայի գերազանց սովորող ուսանողները ստանում են կարմիր դիպլոմ։ Եթե այո, ապա ինչպիսի՞ գնահատակնների կամ ՄՈԳ-ի դեպքում:
Համաձայն ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման կարգի 25-րդ կետի, սահմանված է, որ կրեդիտային համակարգով ուսումնառության դեպքում գերազանցության դիպլոմ տրվում է բակալավրիատում միջին որակական գնահատականի հնարավոր առավելագույն արժեքը` 90 %, իսկ մագիստրատուրայում` 95%-ն ապահովելու դեպքում: ԵՊՀ-ում գործում է 20-միավորանոց սանդղակ, հետևաբար 95% -ին համապատասխանում է ՄՈԳ-ի 19 միավորը:
Թամարա
04.05.07
Եթե գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողը ցանկանում է ուսումը շարունակել արտասահմանում եւ չունի համապատասխան միջոցներ, պետությունը ֆինանսական աջակցություն ցուցաբերո՞ւմ է նման ուսանողներին: Եթե այո, ապա ո՞ւմ եւ ի՞նչ կարգով կարելի է դիմել:
ԵՊՀ գիտական քաղաքականության եւ միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Սամվել Հարությունյան
12.05.07
Մենք ունենք միջպետական պայմանագրեր Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ, ուրիշ ոչ մի պետության հետ մենք պայմանագիր չունենք: Միջպետական պայմանագրերի դեպքում այդ պետությունները մեզ քվոտաներ են տալիս: Օրինակ` Ռուսաստանը տարեկան 70 տեղ է հատկացնում Հայաստանին, այդ թվում` բակալավրիատի, մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի սովորողների համար: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում հարցազրույց անցնելուց հետո ուսանողը սովորում է այդ երկրի քաղաքացիների համար նախատեսված կարգով: Լուծվում է բանակի խնդիրը, իսկ ֆինանսավորումն ապահովում է տվյալ պետությունը, ուր մեկնում է ուսանողը:
ԱՄՆ-ի դեպքում խնդիրը մի փոքր այլ է. Նրանց երկիրը մեր համալսարանին նամակ է ուղարկում եւ նշում, թե որ բուհում ինչ մասնագիտությամբ քանի տեղ կա: Այնտեղ ընդունելության համակարգը թույլ է տալիս միաժամանակ մի քանի համալսարանի ընդունելության տեստեր լրացնել, եւ եթե ուսանողը բավարար միավորներ է հավաքել, պետք է դիմի ԱՄՆ դեսպանատուն, TOEFL հանձնի եւ այդ ժամանակ իրավունք ստանա ԱՄՆ-ի միջոցներով այնտեղ սովորել:
Ոչ մի այլ երկրի հետ մենք նման պայմանագրեր չունենք: Այսինքն` մեր ուսանողն ինքը քննություն է հանձնում, վճարում եւ արտասահմանյան քաղաքացիների հիմունքներով սովորում որեւէ երկրում:
Կա մի տարբերակ եւս. եթե մեր ուսանողը շատ բարձր միավորներ է հավաքել, կան բարեգործներ, ովքեր կաջակցեն նրան, համալսարանը եւս կարող է հոգալ ծախսի մի մասը: Սակայն այս դեպքում տղաների համար տարկետման իրավունքը չի գործում:
Անուշ
02.05.07
Մագիստրատուրայի երկրորդ կուրսից ուսուցումը հնարավո՞ր է փոխել հեռակա:
Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյան
10.05.07
Մագիստրատուրայում հեռակա կարգով ուսուցում մեզ մոտ դեռ չունենք:
Լիլիա
01.05.07
Արդյոք կա՞ն ֆակուլտետներ, որտեղ ուսուցումը ռուսերեն լեզվով է, եւ հնարավո±ր է ընդունելության քննություններն հանձնել ռուսերեն լեզվով:
Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյան
08.05.07
Բոլոր մասնագիտությունների համար ուսուցման լեզուն հայերենն է, բացառությամբ այն ֆակուլտետների, որտեղ մասնագիտական առարկան ուսուցանվում է տվյալ լեզվով: Սակայն, պաշտոնապես ուսուցումը ռուսերենով կամ որեւէ օտար լեզվով այսօր համալսարանում չի իրականացվում, իսկ եթե իրականացվի, ապա «Լեզվի մասին» ՀՀ օրենքի համաձայն`այն կկիրառվի արտասահմանցի ուսանողների համար:
Ընդհանուր կրթական առարկաների համար (ֆիզիկա, մաթեմատիկա) թույլատրվում է ռուսերենով ընդունելության քննություն հանձնել, այդ մասին նշված է Կրթության եւ գիտության նախարարության կողմից սահմանված եւ հաստատված ընդունելության կանոնակարգի մեջ: Ասեմ նաեւ, որ հայոց լեզուն պարտադիր է բոլոր մասնագիտությունների համար, սակայն, եթե դիմորդը չի ուսումնասիրել այդ առարկան, ընդունելության կանոնների համաձայն կարող է հանձնել այլ առարկա:
Հրաչ
26.04.07
Արդյոք կա ձեր բուհում իրավագիտության ֆակուլտետի հեռակա բաժին:
Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյան
05.05.07
Իրավագիտության եւ տնտեսագիտության ֆակուլտետներում կա երկրորդ մասնագիտություն` հեռակա ուսուցման ձեւով:
Խուդոյան Հովհաննես
07.04.07
ԵՊՀ մարզադահլիճներն ահավոր վիճակում են: Ի՞նչ քայլեր են կատարվում այդ ուղղությամբ:
ԵՊՀ գլխավոր ինժեներ Արմեն Հարությունյան
10.04.07
Այժմ համալսարանում վերանորոգման աշխատանքներն ընթանում են ուսումնական գործընթացին նպաստող շենքային պայմանների ուղղությամբ, որոնց ավարտից հետո անմիջապես կզբաղվենք մարզադահլիճների վերանորագման խնդրով: