06.11.2021 | 
Հասարակություն
ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԵՌՕՐՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ՀԱՆԴԻՊՈՂ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ
ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԵՌՕՐՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ՀԱՆԴԻՊՈՂ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ
ԵՊՀ Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում ընթանում է «Հետպատերազմյան Հայաստան․մարտահրավերներ օգնող մասնագետների համար» խորագրով եռօրյա գիտաժողովը՝ նվիրված սոցիալական աշխատողի օրվան:

Նոյեմբերի 4-ը ՀՀ-ում սոցիալական աշխատողի օրն է։ Ավանդաբար յուրաքանչյուր տարի` այս օրերին, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի կողմից կազմակերպվում են գիտագործնական միջոցառումներ։

 

Այս տարի մասնագիտական օրվա առիթով կազմակերպված միջոցառումների իրականացմանը միացել էր նաև ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը, և ծրագիրը իրականացվում էր Հայ օգնության ֆոնդի և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի աջակցությամբ։

 

Գիտաժողովին մասնակցում էին Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի անդամները,  ՀՀ ԱՍՀՆ-ի, Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի, այլ կրթական հաստատությունների, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, Միասնական սոցիալական ծառայության աշխատողներ, ոլորտի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ցանցերի ներկայացուցիչներ։

 

 

Գիտաժողովի բացման արարողությանը ելույթով հանդես եկան Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը և ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի տնօրեն և գիտական ղեկավար Գոհար Շահնազարյանը։ Հիմնական զեկույցով գիտաժողովի պլենար նիստում «Հայ սոցիալական ինքնության հիմնախնդիրը ճգնաժամի պայմաններում» խորագրով զեկույցով առցանց հանդես եկավ ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը։

 

Միջոցառման թեմատիկան վերաբերում էր հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված մարտահրավերներին։ «Մինչ պատերազմը, հաճախ խոսում էինք մասնագիտության զարգացման ուղիների մասին, սակայն այս տարվա գիտաժողովն արտասովոր պայմաններում է իրականացվում։ Փորձում ենք հետահայաց քննարկումներ ծավալել 44-օրյա պատերազմի ընթացքում սոցիալական աշխատողների կողմից իրականացված աշխատանքների մասին, փորձում հասկանալ, թե ինչպես պետք է վերաիմաստավորել իրավիճակը, ինչի վրա հենվել, ինչպես շարունակել»,- իր խոսքում նշեց Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը։

 

 

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը փաստեց, որ հայ հասարակությունն այսօր մեծ մարտահրավերների առջև է կանգնած. «Մենք՝ բոլորս, հայտնվել ենք «իմաստային նահանջի» պայմաններում: Կյանքի պլաններն ինչ-որ չափով իմաստազրկվել են: Սա մի հարց է, որը լուրջ ուսումնասիրության կարիք ունի։ Սոցիալական աշխատողները պետք է ոչ միայն զբաղվեն խոցելի խմբերի մարդկանց օգնություն տրամադրելով և նրանց ուղղորդելով, այլև միևնույն ժամանակ անընդհատ միջգիտակարգային մոտեցումներ կիրառեն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս»։

 

«Այսօր շատ ընտանիքներ Հայաստանում, ցավոք, կորցրել են իրենց հիմնական կերակրողին, և շատ կանայք ստիպված են ստանձնել «ընտանիքի կերակրողի» կարգավիճակը, ինչին շատ դեպքերում պատրաստ չեն արտաքին հնարավորությունների, ինչպես նաև էմոցիոնալ տեսանկյունից»,- իր խոսքում նշեց ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի տնօրենն Գոհար Շահնազարյանը։

 

Գիտաժողովի երկրորդ օրը մասնակիցներին ողջունեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, որոնք իրենց ելույթներում կարևորեցին ճգնաժամային իրավիճակներում սոցիալական աշխատանքի խնդիրների վեր հանման արդիականությունը։

 

 

Գիտաժողովի շրջանակում ելույթներով հանդես եկան ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանը, ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Արտակ Խաչատրյանը, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Ելենա Միլոշեվիչը, Հայաստանի և Արցախի սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խորհրդականներ Աստղիկ Մինասյանը և Եվգինե Վարդանյանը, ՀՀ ԱՍՀՆ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Վանանդ Կարապետյանը և այլ մասնակիցներ։

 

Գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին սոցիալական ոլորտի մասնագետներին ճգնաժամային և հետճգնաժամային փուլերում հանդիպող մարտահրավերներին, բնակչության սոցիալ-հոգեբանական բարեկեցության խնդիրներին, ճգնաժամերին արձագանքման նորարարական մեթոդներին և համագործակցության ու ցանցային աշխատանքին վերաբերող թեմատիկ աշխատարաններում։

 

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ԲՈՒՀԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 103-ԱՄՅԱԿԸ
Այսօր ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Մայր բուհի հիմնադրման 103-ամյակին: Տոնի առթիվ դրամական պարգևներով և պատվոգրերով պարգևատրվեցին համալսարանի վարչական աշխատակիցներ, դասախոսներ, ուսանողներ, ինչպես նաև «ԵՊՀ օլիմպիադա-2022»-ի առաջին կարգի մրցանակակիրները:
ԵՊՀ ՌԵԿՏՈՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
Շնորհավորում եմ բոլորիս պատմական այս կարևորագույն օրվա կապակցությամբ, իսկ երիտասարդներին և ուսանողներին մաղթում եմ ստեղծագործ ու արդյունավետ գործունեություն։
Կոնտակտներ

Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն
Հեռ: +37460710390
Ներքին: 2390
Էլ.հասցե: cgls@ysu.am
Հասցե: Ալեք Մանուկյան 1, 0025, Երևանի պետական համալսարան,Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, 436 սենյակ
Երևան, Հայաստան


Սույն վեբ կայքը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

New layer...