asdf
21.04.2015 | 
Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԱԾ ՀՈՒՇԱԿՈԹՈՂԸ ՎԵՐ ԽՈՅԱՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ Է
ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԱԾ ՀՈՒՇԱԿՈԹՈՂԸ ՎԵՐ ԽՈՅԱՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ Է
Այսօր ԵՊՀ 6-րդ մասնաշենքին (Սև շենք) հարող տարածքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված հուշակոթողի բացման արարողություն:

ԵՊՀ ռեկտորատի և Աստվածաբանության ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպված հուշակոթողի բացմանը ներկա էին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, տարբեր ֆակուլտետների դեկաններ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, հոգևորականներ, ուսանողներ, ինչպես նաև Սլովենիայից ժամանած բարձրաստիճան հյուրեր:

 

Մինչ հուշակոթողի խորհրդին անդրադառնալը հոգևորականները օրհնեցին այն` միջոցառումը մեկնարկելով տերունական աղոթքով: Թեև նախաձեռնության հեղինակները՝ Աստվածաբանության ֆակուլտետն ու բարերարներ Հրաչյա և Հարություն Պողոսյանները, այն նախատեսել էին նվիրել Աստվածաբանության ֆակուլտետի կազմավորման 20-ամյակին, այդուհանդերձ, հաշվի առնելով տարվա խորհրդանշական լինելը՝ այն նվիրվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

 

ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, շնորհավորելով համալսարանականներին հուշակոթողի բացման կապակցությամբ, նշեց, որ այս սյունը պետք է լինի ուխտի, հավատարմության ու նվիրումի վայր: Եպիսկոպոսի կարծիքով՝ ամեն անգամ, երբ համալսարանականներն անցնեն այս սյունի կողքով, պետք է նախևառաջ շփվեն իրենց նախնիների հիշատակի հետ, միևնույն ժամանակ իրենց հոգու խորքում աղոթք արտասանեն և տեսնեն մեր հզոր ու զորավոր հայրենիքի տեսիլքը:

 

Դեկանն իր խորին շնորհակալությունը հայտնեց նաև բարերարներ Հրաչյա և Հարություն Պողոսյաններին և անգնահատելի համարեց նրանց պատրաստակամությունն ու բծախնդրությունը հուշակոթողի պատրաստման աշխատանքներին աջակցելու գործում:

 

«Շնորհիվ Աստծո կամքի ու մեր կենսական ուժերի և հայոց ոգու ճախրանքի՝ մեր ժողովուրդը կարողացավ ոչ միայն փրկվել յաթաղանի ճիրաններից, այլև վեր հառնել: Այս հուշասյունը նաև այդ վեր խոյացման խորհրդանիշն է իր մեջ կրում: Մեր ուսանողներն ու աշխատակիցները գալու են այստեղ ոչ միայն հիշատակի, խնկարկման և ծնրադրման համար, այլև պետք է գան այստեղ, որպեսզի ցույց տան, որ այն մեր Փյունիկի պես դեպի երկինք խոյացման խորհրդանիշն է: Հայ երիտասարդներն ու ուսանողները մեր հույսն ու ապավենն են ապագայի, նրանք թող գան ու հիշեն Հայոց ցեղասպանությունից տուժած զոհերի հիշատակը, միևնույն ժամանակ հաստատակամ լինեն, որ մեր ժողովուրդը վերապրած, զարգացող ու դեպի ապագան գնացող ժողովուրդ է»,- նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և ռեկտորատի որոշմամբ ԵՊՀ հուշամեդալով ու պատվոգրով պարգևատրեց բարերարներ Հրաչյա և Հարություն Պողոսյաններին:

 

«Մեծ եղեռնը մեզանից յուրաքանչյուրի վրա թողել է իր անջնջելի հետքը: Այդ ծանր դժբախտությունը ես և իմ ընտանիքը զգացել ենք մեզ վրա, քանի որ իմ պապը ևս եղել է Արևմտյան Հայաստանից և մեծ կորուստներ է ունեցել: Շնորհակալ եմ, որ ինձ հնարավորություն ընձեռվեց հենց Մայր բուհում կանգնեցնելու այս հուշակոթողը, որը մեր երիտասարդների ու գալիք սերունդների հիշողության մեջ վառ կպահի մեր ժողովրդի կորուստը: Մենք երբեք չենք մոռանա այն 1.5 միլիոն անմեղ զոհերին, որոնք զոհվեցին հանուն հայության և մեր հավատքի»,- նշեց բարերար Հրաչյա Պողոսյանը:

 

Տեղեկացնենք նաև, որ հուշակոթողի հեղինակը քանդակագործ Կամսար Վարդանյանն է, ով իր երեք գործընկերների հետ քանդակին տվել է 7 մետր բարձրություն: Այն առանձնանում է իր յուրահատկությամբ: Միջոցառման ավարտին ներկաները ծաղիկներ դրեցին նոր բացված հուշակոթողին:

Այլ նորություններ
«ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԵՆ». ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ Ժ.Պ.-Ն ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
ԵՊՀ պատվիրակության արցախյան երկօրյա այցի ընթացքում այսօր ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը և աշխատակազմի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանը հանդիպել են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։
«ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ, ՈՐ ԱՐՑԱԽՆ ԱՊՐԻ». ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ Է
ԵՊՀ պատվիրակությունը՝ ի դեմս ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանի, երկօրյա այցով Արցախում է, որի ընթացքում նախատեսված են միջոցառումներ և հանդիպումներ։