asdf
27.06.2015 | 
Հասարակություն
«ԴԱՐԻՑ ԴԱՐԸ» ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎ
«ԴԱՐԻՑ ԴԱՐԸ» ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎ
Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնող առաջին կտավներից մեկը ռեստավրացվել է և այսօր ցուցադրվեց Հայաստանի ազգային պատկերասրահում:

Հայազգի նկարիչ Ակիմ Ավանեսովի (Հովակիմ Հովհաննիսյան)՝ 1914-1915 թթ. ստեղծած «Դարից դար» կտավը Դոնի Ռոստովի «Նոր Նախիջևան» հայկական համայնքային կառույցը վերամշակման և ցուցադրության համար այս տարվա սկզբին հանձնել էր Հայաստանի ազգային պատկերասրահին: Ծրագիրն իրականացվում էր Դոնի Ռոստովի «Նոր Նախիջևան» հայկական համայնքային կառույցի ջանքերով՝ Երևանի պետական համալսարանի և Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համատեղ:

 

«Այս կտավի կարևորությունն այն է, որ ստեղծվել է հենց Ցեղասպանության իրականացման ընթացքում: Ավանեսովն առաջին անգամ իր նկարը ներկայացրել է Ռուսաստանում 1915 թ-ին, որպեսզի այդ ձևով բարձրացնի Հայոց ցեղասպանության խնդիրը: Նա փորձում էր իր արվեստի միջոցով կասեցնել այդ ամենը»,- ասում է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը:

 

Ուղիղ 100 տարվա պատմություն ունեցող կտավը 1972 թ-ին հեղինակի հարազատները հանձնել են Ռոստովի երկրագիտական թանգարանին, սակայն այն մոռացության էր մատնվել: Միայն երկու տարի առաջ հայկական համայնքի ջանքերով սկսվեց փաստաթղթային գործընթացը` այն Հայաստան բերելու և վերականգնելու համար:

 

«Այս կտավը վերականգնելու համար բավականին երկար ժամանակ չէինք կարողանում միջոցներ հայթայթել: Եվ բարեբախտաբար Հայաստանի ազգային պատկերասրահը մեզ օգնության հասավ ու խոստացավ վերականգնել նկարը՝ պահպանելով պատմականությունը: Ֆինանսական հարցերում էլ շատ օգնեց Դոնի Ռոստովի «Նոր Նախիջևան» հայկական համայնքը»,- ուրախությամբ փաստեց Դոնի Ռոստովի «Նոր Նախիջևան» հայկական համայնքային կառույցի գործադիր տնօրեն Սերգեյ Սայադովը:

 

Պատկերասրահի ռեստավրատորներից պահանջվեց շուրջ 5 ամիս` կտավը վերականգնելու համար: Այս ցուցադրությունից հետո կտավը կվերադարձվի Դոնի Ռոստով և մշտական ցուցադրության կդրվի Հայ-ռուսական բարեկամության թանգարանում:

 

Ակիմ Ավանեսովը (1883-1966 թթ.) եղել է Դոնի Ռոստովի նկարիչների միության առաջին նախագահը և Հովհաննես Այվազովսկու մտերիմ ընկերներից մեկը: Նա ծնվել է Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում, մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Նոր Նախիջևանում, հաճախել տեղի հայկական հոգևոր վարժարանը:

Այլ նորություններ
«ՀԱՐԳԵԼՈՎ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ՝ ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ՏԱԼԻՍ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ»․ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔԸ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Երևանի պետական համալսարանի ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն այսօր բարձրացան Ծիծեռնակաբերդ ու անմար կրակի մոտ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԸ. ԴՈԼՈՐԵՆՍ ԶՈՀՐԱՊ-ԼԻԲՄԱՆ, ԳԱՌՆԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ, ԱՇԽԵՆ ՏԻԳՐԱՆՅԱՆ
Որքան էլ Հայոց ցեղասպանության թեման բազմիցս արծարծված լինի, միևնույն է, այն շարունակում է մնալ արդիական: Ցեղասպանության մնացորդները սպիի նման խրված են մնում վերապրածների և հաջորդող սերունդների հիշողության ծալքերում: