asdf
19.04.2007 | 
Գիտություն
ՈՎ ԱՇԽԱՏԻ, ՆԱ ԿՏՊԱԳՐՎԻ
ՈՎ ԱՇԽԱՏԻ, ՆԱ ԿՏՊԱԳՐՎԻ
Լավագույն գիտական աշխատանքները տպագրվելու են առանձին ժողովածուով, որը հրատարակվելու է Բարձրագույն որակավորման հանձնաժողովի պահանջներին համապատասխան:

Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը ապրիլի 17-ից 18-ը ասպիրանտների եւ հայցորդների գիտաժողով էր կազմակերպել: Ֆակուլտետի 5 ասպիրանտներ եւ 18 հայցորդներ ներկայացրին այս ընթացքում իրանց կատարած գիտական հետազոտությունները, ուսումնասիրությունները:

«Այս գիտաժողովի կարեւորագույն նպատակներից մեկն այն է, որ պարզենք, թե արդյոք մեր ասպիրանտներն ու հայցորդները պարբերաբար աշխատում են, թե ամեն ինչ թողնում են վերջին տարվան»,- ասաց Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանը:

Նա նկատեց, որ որոշ ասպիրանտներ ու հայցորդներ չեն մասնակցում այս գիտաժողովին: Դեկանը երկու կարգի բացատրություն տվեց. կամ ժամանակը կարճ էր, եւ նրանք չեն հասցրել ներկայացնել իրենց գիտական հետազոտությունների արդյունքները, կամ իրենք չէ, որ զբաղվում են գիտական ուսումնասիրությամբ:

«Պատահում է, որ մարդը երեք տարի չի երեւում ղեկավարի աչքին, բայց երրորդ տարում ղեկավարի սեղանին է դնում մի փառահեղ գիտական աշխատանք: Եթե այս ասպիրանտները մյուս տարի եւս իրենց անպատասխանատու դրսեւորեն, ապա ֆակուլտետում լրջորեն կքննարկվի նրանց հարցը»,- նշեց պարոն Անանյանը:

Ծովինար Խաչատրյանը հայցորդ է, երկու տարի է ուսումնասիրում է «PR-ը Հայաստանում» թեման: Գիտաժողովին ներկայացնելով իր աշխատանքից մի հատված` «PR մասնագետների կրթությունը Հայաստանում» վերնագրով, նա տեղեկացրեց, որ հոդվածներ է տպագրել արտասահմանյան հեղինակավոր մի ամսագրում` «Journal Public Relations»-ում, որը, սակայն, Հայաստանի ԲՈՀ-ի կողմից չի ընդունվում:

Կոնֆերանսի ավարտից 15 օր անց ֆակուլտետի ամբիոններ կներկայացվեն բոլոր աշխատանքները, եւ կքննարկվի, թե որ հետազոտություններն են տեղ գտնելու ժողովածուի մեջ: «Ընտրելիս մենք հաշվի ենք առնելու թեմայի արդիականությունը, արդյունավետությունը, գիտական նորություն լինելը, կատարած հետազոտական աշխատանքը եւ որակը»,- ասաց Ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ Մուշեղ Հովսեփյանը:

Դեկան Գառնիկ Անանյանն էլ վստահություն հայտնեց, որ խմբագրական խորհուրդ ունեցող եւ գիտական խորհրդի կողմից երաշխավորված ժողովածուն կընդունվի ԲՈՀ-ի կողմից, եւ թեզը պաշտպանող ասպիրանտներն ու հայցորդները կկարողանան գոնե մեկական հոդված ունենալ այդտեղ տպագրված: «Համոզված եմ, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը այս հարցում անպայման կընդառաջի»,- ասաց պարոն Անանյանը:

Նման գիտաժողով ֆակուլտետում անցկացվում էր առաջին անգամ, բայց դեկանը հավաստիացրեց, որ շատ շուտով այն կդառնա ավանդական:

Այլ նորություններ
ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ն. ՍԻՍԱԿՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ-ում այսօր մեկնարկել է «Կենսաքիմիայի, ճառագայթային և տիեզերական կենսաբանության արդի միտումները. մեծ Սիսակյանը և նրա հետազոտությունների կարևորությունը» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը:
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԳԸ-Ի ԱՄԵՆԱՄՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության ամենամյա գիտաժողով՝ նվիրված ֆակուլտետի հիմնադրման 15-ամյակին: