asdf
20.02.2015 | 
Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵՑ ԱՇԽԱՐՀԲԵԿ ՔԱԼԱՆԹԱՐԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵՑ ԱՇԽԱՐՀԲԵԿ ՔԱԼԱՆԹԱՐԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ
ԵՊՀ հիմնադիր 7 դասախոսներից մեկը՝ Աշխարհբեկ Լոռիս-Մելիք Քալանթարը, «վերադարձավ» համալսարան:

Այսօր ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի ճեմասրահում՝ ականավոր գիտնականների կիսանդրիների կողքին, իր արժանի տեղը գտավ նաև հնագետ, պատմաբան, արևելագետ Աշխարհբեկ Լոռիս-Մելիք Քալանթարի կիսանդրին: Բրոնզաձույլ կիսանդրու բացման արարողությանը ներկա էին ԵՊՀ ղեկավարությունը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ներկայացուցիչներ, գիտնականի ընտանիքի անդամներ և ուրիշներ:

 

«Այս ճեմասրահում համալսարանի հիմնադիր 7 դասախոսներից միայն երկուսի կիսանդրիները կան: Ամենակարևորն այն է, որ կլրացնենք այդ փաղանգի ամբողջությունը, և նրանք ամեն օր այս սրահից կնայեն համալսարանականներին: Կարծում եմ՝ սա նաև ուսանողների համար շատ մեծ դաստիարակչական նշանակություն կունենա»,- խոսելով Քալանթարի գործունեության և հայկական հնագիտության զարգացման գործում ունեցած ավանդի մասին՝ նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

 

Աշխարհբեկ Լոռիս-Մելիք Քալանթարը ծնվել է 1884թ-ի փետրվարի 11-ին Լոռու Արդվի գյուղում: 1905 թ-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1911-ին՝ Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետի հայ-վրացական բանասիրության և պատմության բաժինը: Ավարտելով համալսարանը՝ վերադարձել է Հայաստան, նվիրվել հայրենիքի նյութական մշակույթի ուսումնասիրությանը:Դեռևս ուսանողական տարիներից նա Նիկողայոս Մառի ղեկավարած արշավախմբի կազմում մասնակցել է Անիի պեղումներին: 1914 թ-ին Մառն իր բացակայության ընթացքում Անիի 13-րդ հնագիտական արշավախմբի ղեկավարությունը նրան է վստահել:

 

«Նրա բազմաշերտ գործունեությունից զատ՝ մի շատ կարևոր հանգամանք է նաև նրա աշխատությունների եռահատորյակի տպագրությունը Փարիզում, ընդ որում՝ եվրոպական ամենաազդեցիկ հնագետների նախաձեռնությամբ: Այսօր անգլերենով հրատարակված այդ երեք հատորները տարածված են աշխարհի գրադարաններում և անգամ թուրքական գրադարաններում հայազգի միակ հեղինակի գրքերն են, որովհետև դրանք անցել են եվրոպացի մասնագետների ձեռքով, հետևաբար պետք է ընդունելի լինեն»,- կիսանդրու բացման արարողության ժամանակ նշեց Քալանթարի թոռը՝ հայտնի աստղագետ, ԵՊՀ կոսմոլոգիայի հետազոտական խմբի ղեկավար Վահագն Գուրզադյանը:

 

Քալանթարը հրավիրվել է համալսարան 1919 թ-ին: 1922 թ-ին համալսարանում հիմնել է Արևելքի պատմության և հնագիտության ամբիոն, ստեղծել հնագիտական աշխատանոց: Բազմահմուտ մանկավարժը կյանքի է կոչել ուսանողական առաջին հնագիտական խմբակը` իր ուսանողներին մասնակից դարձնելով Հայաստանում գործող հնագիտական արշավախմբերի աշխատանքներին: 1923 թ-ին նա հրատարակել է հնագիտության հայերեն առաջին դասագիրքը:

 

Քալանթարի կիսանդրու հեղինակը քանդակագործ Տիգրան Մուրադյանն է, ով մինչ այժմ կերտել է նաև ճեմասրահում առկա 16 կիսանդրիներից ևս 5-ը: «Այսպիսի աշխատանքներ կատարելիս, բնականաբար, ուսումնասիրում ես անցած կյանքը: Եթե մարդը ֆիզիկապես չկա, պետք է լուսանկարներից օգտվես, բայց միայն լուսանկարով չես կարող մարդուն պատկերել, պետք է նաև նրա բնավորության որոշ գծեր իմանաս: Այդ հարցում ինձ շատ օգնեցին նաև հարազատները»,- ասում է քանդակագործը:

 

Կիսանդրու բացման արարողությանը ներկա պատմաբաններից շատերն էլ ներկայացրին Աշխարհբեկ Քալանթարի գործունեության տարբեր դրվագներ, խոսեցին հայոց և համաշխարհային հնագիտության մեջ նրա հսկայական ավանդի մասին՝ չշրջանցելով նաև ռազմաքաղաքական գործունեության թեման:

 

«Լինելով լավագույն գիտնական՝ նա նաև լավ հայ էր՝ հայրենասեր, նվիրյալ: Եղել է Զորավար Անդրանիկի զինվորը, նույնիսկ դատաքննության ժամանակ էլ մինչև վերջ պնդել է, որ այդպես է այն դեպքում, երբ դա խոստովանելն արդեն մահ էր: Բայց նա չվարանեց, դարձավ բռնությունների զոհ, իսկ 1955 թ-ին հետմահու արդարացվեց»,- ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը՝ ընդգծելով, որ հսկայական է եղել Քալանթարի դերը նաև իրենց ֆակուլտետի ստեղծման ու կայացման գործում:

Այլ նորություններ
«ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ». ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀՅՈՒՐԸ ԱՐԱ ԳԱԲՈՒԶՅԱՆՆ ԷՐ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կողմից կազմակերպվող «Հաջողության պատմություններ» հանդիպումների շարքի շրջանակում այսօր ուսանողների հարցերին պատասխանեց Քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արա Գաբուզյանը:
«ԻՆՉՊԵ՞Ս Է ԽՈՍՔԸ ՓՈԽՈՒՄ ԱՇԽԱՐՀԸ». ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՀԱՅԿ ԿՈՆՋՈՐՅԱՆԸ՝ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀՅՈՒՐ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Հասարակայնության հետ կապեր» մագիստրատուրա 2-րդ կուրսի ուսանողները «Քաղաքական PR» առարկայի շրջանակում հյուրընկալեցին «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանին: