15.02.2019 | 
Գիտություն
ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐ ԼԵՎՈՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ
ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐ ԼԵՎՈՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի Կոնֆերենց դահլիճում այսօր տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ նվիրված Ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆիզմաթ. գիտ. դոկտոր Լևոն Մուրադյանի հիշատակին:

Միջոցառմանը ներկա էին Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը, Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան Խաչատուր Ներկարարյանը, ամբիոնի վարիչներ, դասախոսներ, ուսանողներ, Լևոն Մուրադյանի հարազատները և ընկերները:

 

Ռաֆիկ Հակոբյանը տեսապատկերի միջոցով ներկայացրեց համալսարանում Լևոն Մուրադյանի հետ ուսումնառության, ինչպես նաև աշխատանքային տարիներից հետաքրքիր դրվագներ:

 

«Նա ոչ միայն լավ ընկեր էր, այլ մեծ գիտնական: Նա իր կյանքն ապրեց մեծ գիտնականի առաքելությամբ՝ ծառայելով գիտությանն ու հայրենիքին: Անուրանալի է Լևոն Մուրադյանի ներդրումը ժամանակակից գերարագ օպտիկայի և լազերային ֆիզիկայի կարևոր ուղղություններում: Նրա տասնյակից ավելի աշակերտների զգալի մասը հաստատվել և ներկայումս հաջողությամբ աշխատում է հայաստանյան և արտերկրի հայտնի գիտական կենտրոններում։ Մեր նպատակն է ևս մեկ անգամ հիշել և մեծարել անվանի գիտնական ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի պրոֆեսոր, Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի գերարագ օպտիկայի և ֆոտոնիկայի գիտահետազոտական լաբորատորիայի հիմնադիր, գիտական ղեկավար, առաջատար գիտաշխատող, ֆիզմաթ. գիտ. դոկտոր Լևոն Մուրադյանին»,-ասաց ֆակուլտետի դեկանը և հավելեց, որ 2018 թ. նոյեմբերի 29-ին Ֆիզիկայի ֆակուլտետի ՖԳՀԻ գերարագ օպտիկայի և ֆոտոնիկայի գիտահետազոտական լաբորատորիան անվանակոչվել է պրոֆեսոր Լևոն Մուրադյանի անվամբ:

 

 

Գերարագ օպտիկայի և ֆոտոնիկայի գիտահետազոտական լաբորատորիայի գիտական ղեկավար, ֆիզմաթ․ գիտ. թեկնածու Աղավնի Կուտուզյանը տեսապատկերի միջոցով ներկայացրեց պրոֆեսորի անցած ճանապարհը և գիտամանկավարժական գործունեության հիմնական ուղղությունները:

«Լևոն Մուրադյանը հեղինակ է ավելի քան 200 գիտական հրա­տարակումների, կիրառական բնույթի աշխատանքների շնորհիվ Լևոն Մուրադյանը ստացել է 10 արտոնագիր գերարագ օպտիկայի և մանրաթելային օպտիկայի բնագավառում, նրա ղեկավարությամբ և խորհրդատվությամբ պաշտպանվել են բազմաթիվ ատենախոսություններ: 1991թ. սկսած պրոֆեսոր Մուրադյանը ֆակուլտետում կարդացել է տարբեր դասընթացներ՝ հիմք դնելով նոր ուղղությունների ու կրթական ծրագրերի»,- հավելեց նա:

 

 

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի վարիչ, ՖԳՀԻ տնօրեն, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ռոման Ալլահվերդյանն էլ վերհիշեց համատեղ աշխատանքային տարիներին տեղի ունեցած հումորային դրվագները:

 

«Նրան սիրում էին ուսանողներն ու ընկերները, նա այն եզակի մարդկանցից էր, որը չէր վարանում ծայրահեղ վիճակներից, փորձարարությունից ու ձախողումներից, փնտրում, գտնում էր նոր ծրագրեր ու տալիս աշխատելու հնարավորություն: Երիտասարդ սերնդի համակրանքը նախևառաջ այս հատկանիշներով էր պայմանավորված»,- ասաց Ռոման Ալլահվերդյանը:

 

 

Լևոն Մուրադյանի գիտամանկավարժական գործունեության և կյանքի հետաքրքիր պատմություններով ու հուշերով կիսվեցին նաև ֆակուլտետի դասախոսները, նրա ընկերներն ու նախկին ուսանողները:

 

Նշենք, որ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի պրոֆեսոր, Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի գերարագ օպտիկայի և ֆոտոնիկայի գիտահետազոտական լաբորատորիայի հիմնադիր, գիտական ղեկավար, առաջատար գիտաշխատող Լևոն Մուրադյանը վախճանվել է 2018 թ. սեպտեմբերի 19-ին:

 

 

Այլ նորություններ
ՂՐՂԶՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ Է ԵԱՏՄ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՄԵՆԱՄԵԾ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՇԱԲԱԹ-2019» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործարարները և ակտիվ երիտասարդները հանդիպելու են մեկ հարթակում՝ քննարկելու տնտեսական ինտեգրման և բիզնես համագործակցության հարցերը, որին հեռակա կարգով կարող են մասնակցել նաև ԵՊՀ տարբեր ֆակուլտետների դասախոսներ, երիտասարդ գիտնականներ, ասպիրանտներ և փորձագետներ:
ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ «ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՐՆԵՐԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» երիտասարդական գիտական պարբերականի Բնական և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների 1.1 (27), Հումանիտար և հասարակական գիտությունների 1.2 (28) համարների շնորհանդեսը: