Կրթական ոլորտը անմասն չի մնացել ՏՏ առաջարկած գործիքների ընձեռած առավելություններից․ ստեղծվել ու կատարելագործվել են ուսուցման նոր մեթոդներ, որոնք նպաստում են ինչպես կրթական համակարգի անխափան գործունեությանը, այնպես էլ դասապրոցեսի համակողմանի, հետաքրքիր և ինտերակտիվ կազմակերպմանը։
Տեղեկատվական տեխնոլոգիաների դերն առանցքային է նաև համաշխարհայնացման (իմա՝ գլոբալացման- Ա․Ս․) պրոցեսում․ մկնիկի ընդամենը մեկ հպումով հնարավոր է «հայտնվել» ցանկացած երկրում, վիրտուալ այց կատարել աշխարհի ամենահայտնի թանգարաններ, հաղորդակցվել աշխարհի ցանկացած կետում բնակվող ընկերների և հարազատների հետ, անգամ կապ հաստատել Տիեզերքում տվյալ պահին աշխատող գիտնականների հետ և ձեռքի տակ ունենալ առցանց հանրագիտարան՝ մշտապես ստանալով ինքնազարգացման և ինքնակատարելագործման հնարավորություն։
Տեղեկատվական տեխնոլոգիաներով հետաքրքրված ուսանողներն ակտիվորեն մասնակցում են միջազգային փոխանակման ծրագրերի։ Ընդունող համալսարաններում նրանք ուսումնասիրում են տեղի փորձը, ներկայացնում համալսարանում արդեն իսկ ստացած գիտելիքները և վերադառնալով Հայաստան՝ ծառայեցնում դրանք՝ ի շահ ոլորտի զարգացման։
ՏՏ ոլորտի հմուտ մասնագետները աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեն: Մասնագիտական հարուստ գիտելիք ունեցող ուսանողները, 3-րդ կուրսից սկսած, հնարավորություն են ստանում ուսմանը զուգահեռ պրակտիկա անցնելու և աշխատելու հայաստանյան ՏՏ կազմակերպություններում։
ՏՏ ոլորտի վերաբերյալ տեսական և գործնական համապարփակ գիտելիք տալու ավելի քան կեսդարյա փորձ ունի ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։ Այն ուսանողներին առաջարկում է կրթություն ստանալ արդիական այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են՝ տեղեկատվական տեխնոլոգիաները, տեղեկատվական անվտանգությունը, մաթեմատիկական մոդելավորումը և այլն։ ԻԿՄ ֆակուլտետը համագործակցում է մի շարք կազմակերպությունների հետ, որոնց թվում են՝ «Krisp»-ը, «Հայկական Ծրագրեր»-ը (Armsoft), «EXALT Technologies»-ը, «NVIDIA»-ն, «EPAM Systems»-ը, «SADA GDC»-ն և այլն։ Հիշյալ կազմակերպությունների հետ գործակցություններն իրագործվում են տարբեր ձևաչափերով՝ դասախոսությունների շարք, պրակտիկաներ, աշխատանքի հնարավորություններ, գիտահետազոտական աշխատանքներ և այլն։
Ի դեպ, հենց այդ ֆակուլտետի ուսանողները, մասնակցելով ծրագրավորման՝ աշխարհի ամենամեծ ու հեղինակավոր մրցույթին՝ «ICPC»-ին, քանիցս գրանցել են բարձր ցուցանիշներ։
Արի՛ ԵՊՀ, ձե՛ռք բեր ժամանակակից մասնագիտություն, դարձի՛ր մրցունակ մասնագետ աշխատաշուկայում:
Անի Սուքիասյան