17.05.2011 | 
Մշակույթ
ՀՈԳՈՒ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
ՀՈԳՈՒ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Երեկ նշվեց Երեւանի պետական համալսարանի հիմնադրման օրը:

Մայր բուհում տոնական տրամադրություն էր: Բոլոր համալսարանականները միմյանց շնորհավորում էին ԵՊՀ հիմնադրման 92-ամյակի կապակցությամբ: Մեկ կարեւոր իրադարձություն եւս ԵՊՀ-ականներին պահում էր բարձր տրամադրության մեջ. բուհը հյուրընկալել էր կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանին:

 

Վերջինս նաեւ ԵՊՀ հիմներգի հեղինակն է: Կոմպոզիտորի հեղինակային համերգը կազմակերպել էր «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը: «Յոթ տարի առաջ` այս օրը, մեր միավորումը նախաձեռնեց համալսարանի հիմներգի ստեղծումը: Մաեստրոն մեծ պատասխանատվությամբ ու սիրով կատարեց մեր խնդրանքը, եւ ամենեւին էլ պատահական չէ, որ հատկանշական այս օրը մեր ուսանողները հյուրընկալում են հենց նրան»,- ասաց միավորման նախագահ Արսեն Քարամյանը:

 

Ռոբերտ Ամիրխանյանը հպարտությամբ նշեց, որ չնայած ինքը չի սովորել ԵՊՀ-ում, բայց իրեն համարում է իսկական համալսարանական: «Այս տոնը եկեք մեր հոգու հրավառությամբ ջերմացնենք»,- այս խոսքերով մաեստրոն սկսեց համերգը` այն վերածելով մտերմիկ ու հուզառատ մի հանդիպման: Համալսարանականներն իրենց ամբողջովին տոնի հերոսներ էին զգում, բայց նաեւ գիտակցում իրենց կոչման պատասխանատվությունը: «Այսպիսի հանդիպումներն են, որ մեզ ստիպում են ավելի լուրջ նայել Մայր բուհին, մեր կոչմանը` մեր ուսերին դնելով համալսարանի պատիվը բարձր պահելու պատասխանատվությունը»,- ասաց ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Ցոլակ Ակոպյանը: Հայ մեծանուն կոմպոզիտորի հեղինակային ստեղծագործությունները բացի իրենից կատարեցին նաեւ Գուրգեն Բավեյանը, Սեդա Ամիրկարայանը եւ «Պրոմենատ» ջազային սեքստետը: Համերգի ընթացքում առաջին անգամ ներկայացվեց «Երդվում եմ քեզ, իմ երկիր» ստեղծագործությունը, որը հոտնկայս կատարեցին նաեւ բոլոր համալսարանականները:

 

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Արամ Սիմոնյանը կոմպոզիտորին հանձնեց ԵՊՀ ոսկե մեդալ: Իսկ հանդիպման ավարտին ամբողջ դահլիճը երգեց ամիրխանյանական հայտնի երգը` «Հայի աչքերը»: Մաեստրոն խոստացավ մյուս այցը շատ չուշացնել: Հ.Գ.: Համերգի ընթացքում Ռոբերտ Ամիրխանյանը մի քանի անգամ ընդմիջեց երգը` սպասելով, որ դադարեցվեն աղմուկն ու անցուդարձը: Դժվար է միանշանակ ասել մեր ուսանողների ոչ պատշաճ պահվածքի պատճառները: Միգուցե մեր հասարակության մեջ դեռևս ձևավորված չէ արվեստի ճիշտ ընկալման մշակույթը, կամ մեր ականջները սովոր չեն բարձրաճաշակ երաժշտության:

Այլ նորություններ
«ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ  ԵՎ ԳԻՆԵՁՈՆԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, դոցենտ Անուշ Սեդրակյանի «Ֆրանսիական պոեզիա» գրքի շնորհանդեսը և գինեձոնի արարողությունը:
«ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ». ՊԱՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
«Արի՛ մրցենք» առաջնության շրջանակում ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովն այսօր կազմակերպել էր պարի միջֆակուլտետային մրցույթ։