Հայ-թուրքական սահմանի բացման ընձեռած հնարավորությունների, հեռանկարների եւ մարտահրավերների մասին այսօր զրուցում էին ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի ուսանողները: Ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ կազմակերպված սեմինար-քննարկման ընթացքում երկու բանախոսներ ներկայացրին թեմայի իրենց մեկնաբանությունն ու տեսակետը, որին հետեւեց ունկնդիրների ակտիվ քննարկումը:
«Ընտրված թեման շատ ակտուալ է. այն Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքային դրույթներից մեկն է»,- իր ելույթում նշեց Արեւելագիտության ՈՒԳԸ նախագահ Լիլիթ Պողոսյանը: Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի մագիստրոս Մհեր Սահակյանն իր զեկույցում անդրադարձավ հայ-թուրքական սահմանի բացման քաղաքական եւ տնտեսական հեռանկարներին:
Իր զեկույցում բանախոսը գործածում էր « հայ-թուրքական առնչություններ» արտահայտությունը` հաշվի առնելով առհասարակ որեւէ հարաբերության բացակայությունը: «Եթե Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ սկսել Թուրքիայի հետ, ապա Թուրքիան Հայաստանից պահանջում է հրաժարվել ցեղասպանության պնդումներից, ճանաչել ժամանակակից Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, ԼՂՀ-ից եւ վերահսկողության տարածքներից դուրս բերել հայկական զորքերը: Ի դեպ, Հայաստանը երբեք Թուրքիայի տարածքային ամբողջականության հետ կապված որեւէ հավակնություն չի ներկայացրել»,- նկատեց Մհեր Սահակյանը: Հավաքվածներին առավելապես հետաքրքրեց նախապայմանների դրույթը: Ունկնդիրներից մեկի կարծիքով` առանց նախապայմանների բանակցություններն արդեն իսկ նախապայման են: Ենթադրվում է, որ երկու երկրների հարաբերությունների հաստատման գործում կողմերը պետք է փոխզիջումների գնան:
Փոխզիջման իր պատկերացումները բանախոսը բացատրեց օրինակով. «Մինչ օրս հայկական քաղաքական ուժերն իրենց ծրագրերում խոսում են Սեւրի պայմանագրի մասին: Պետք է իրատես լինել: Որքան էլ Կարսի պայմանագիրը, որը վերջնական ենք համարում, տհաճ լինի հայկական կողմի համար, դա հենց այն իրավական հիմնաքարն է, որը գոյություն ունի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ»: Մհեր Սահակյանը վստահեցրեց, որ հայ-թուրքական առնչությունների վրա մշտապես զգացվել է արտաքին ուժերի ազդեցությունը: Օրինակ` 1993 թվականին ադրբեջանական դիվանագիտությունը կարողացավ համոզել Թուրքիային փակել հայ-թուրքական սահմանը եւ սառեցնել դիվանագիտական առնչությունները: Արաբագիտության բաժնի երկրորդ կուրսեցի Արեն Գրիգորյանի համար սեմինար-քննարկումը թեմայի մասին հանգամանալից տեղեկություններ ստանալու, սահմանների բացման օգուտների եւ վնասների մասին պատկերացում կազմելու լավ առիթ էր. «Ինձ ուրախացնում է, որ բանախոսները լավ պատրաստված, տեղեկացված մարդիկ են»: