18.04.2013 | 
Կրթություն
ՄԵՐՉԵՆԴԱՅԶԻՆԳ. ՀԵՐԹԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆՆ Է
ՄԵՐՉԵՆԴԱՅԶԻՆԳ. ՀԵՐԹԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆՆ Է
ԵՊՀ ուսանողները բացահայտում էին, թե որն է մերչենդայզինգը և ինչպես իրենք կարող են այն օգտագործել իրենց գործունեության ընթացքում:

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը համագործակցում է Հայաստանի մի շարք առաջատար ընկերությունների հետ՝ նպատակ ունենալով աջակցել աշխատաշուկայում ուսանողների մրցունակությանը և հնարավորություն ընձեռել ուսանողներին մասնակցելու տարբեր կրթական ուղղվածություն ունեցող միջոցառումների: 

 

«Այսօր համալսարանականը բավականին լուրջ կրթություն է ստանում, որը մրցունակ է, սակայն մեր ուսանողն այդ բազայով լավ զինված դուրս է գալիս և ինքն էլ չի հասկանում, թե ինչ կարող է անել: Մեր կենտրոնի խնդիրն է այդ բանալին տալ ուսանողի ձեռքը, որպեսզի նա իմանա` ինչպես օգտագործի իր ներուժը: Դրա համար ողջունում ենք այն գործընկերներին, որոնք շատ մոտ են աշխատաշուկային և կարող են ուսանողին լրացուցիչ գիտելիքներ տալ նաև այսպիսի դասընթացների միջոցով»,- ասում է Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը:

 

Կենտրոնը թրեյնինգների շարքը սկսել է դեռևս 2 ամիս առաջ, որոնց ուղղվածությունը տարբեր է եղել: Դրանք հիմնականում նպաստել են ուսանողների ընդհանուր և մասնագիտական հմտությունների զարգացմանը: Ընթացքում կատարված հարցումների միջոցով էլ հետազոտություն է արվելու, որը կբացահայտի թերություններն ու կհստակեցնի աշխատանքային ուղղությունները:  

 

Այս անգամ ԵՊՀ տարբեր ֆակուլտետներից հավաքված ուսանողների համար «Եթե գիտես: Մերչենդայզինգ» թեմայով թրեյնինգ էր վարում «Ayvazyan & partners» ընկերության տնօրեն, սեյլսթրեյներ Վահե Այվազյանը: Թրեյները ներկայացրեց մերչենդայզինգի հիմունքները, դրա հայաստանյան առանձնահատկություններն ու զարգացման ուղիները:

 

Նշենք, որ մերչենդայզինգը հոգեբանական մի շարք գործիքների ամբողջությունն է, որը կիրառվում է գնորդի վրա ազդելու նպատակով, ինչի արդյունքում մեծանում են վաճառքի ծավալները: «Հայաստանում խնդիրն այն է, որ հենց վաճառակետի ղեկավարներն իրենք չեն տիրապետում այդ կանոններին ու ստանդարտներին: Ամենադժվարն իրենց հասցնելն է, թե դա ինչքան կարևոր է իրենց վաճառքի համար»,- փաստում է Վահե Այվազյանը:

 

Նրա խոսքերով` հայաստանյան մերչենդայզինգի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ մեզ մոտ վաճառակետերը խիստ բազմազան են. կան սուպերմարկետներ, որոնք քիչ թե շատ գրագետ են գործում, և կրպակներ, որոնք նույնիսկ նորմալ լուսավորություն չունեն ու մաքուր չեն: Արտասահմանյան ստանդարտները մշակված են հիմնականում սուպերմարկետների համար, հետևաբար դրանք այստեղ այնքան էլ չեն աշխատի:

 

«Թեման ինձ շատ հետաքրքրում էր, որովհետև իմ մասնագիտության հետ էր կապված, իսկ ընդհանուր առմամբ` ուսանողների` մերչենդայզինգի վերաբերյալ տեղեկացվածությունը շատ ցածր է բոլոր բուհերում: Ընդհանուր հիմունքներին ծանոթացանք, և հետագայում այս ոլորտից գիտելիքները խորացնելու համար ուղղություններն արդեն պարզ են»,- ասում է Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Անժել Ֆրանկյանը:

Այլ նորություններ
2017-2018 ՈՒՍՏԱՐՈՒՄ ԵՊՀ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ 2.602 ԴԻՄՈՐԴ
Այս տարի ընդհանուր կրթական համակարգում առկա էր 20.575 տեղ, որից 18.405-ը նախատեսված էր միասնական քննությունների, իսկ մնացած՝ 2.165 տեղը՝ ներքին քննությունների համար:
ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Սեպտեմբերի 8-ին ԵՊՀ ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ Պալեանների անվան դահլիճում անցկացվեց «Արտերկրում անվճար սովորելու 10 ամբողջական կրթաթոշակներ» խորագրով սեմինարը: