08.05.2013 | 
Մշակույթ
«ՄԵՌԻ´Ր ԱՅՆՊԵՍ, ՈՐ ՄԱՀԴ ԷԼ ԾԱՌԱՅԻ ՀԱՅՐԵՆԻՔԻԴ»
«ՄԵՌԻ´Ր ԱՅՆՊԵՍ, ՈՐ ՄԱՀԴ ԷԼ ԾԱՌԱՅԻ ՀԱՅՐԵՆԻՔԻԴ»
Գարեգին Նժդեհի այս խոսքերով ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում սկսվեց Արցախյան հերոսամարտի 25-ամյակին նվիրված միջոցառումը:

Երգ, ասմունք, պար և բեմականացում, որոնց արդյունքում ուրվագծվում էին հայրենանվեր հայորդիների դիմանկարները` Աշոտ Մանուկյան, Դուշման Վարդան, Աշոտ Նավասարդյան, Վազգեն Սարգսյան, Բեկոր Աշոտ, Մոնթե Մելքոնյան, Սամվել Գևորգյան...


«Հերոսական բալլադ» ներկայացման ընթացքում 3 մարտական ընկերներ բեմից հնչեցնում են անուններ, որոնք հավերժ դրոշմվել են հայոց պատմության էջերում: Ինչպես նշեց սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա մայրիկը, այս տղաները բոլորն էլ հերոսներ են, և նրանց պետք է նման ձևով ժամանակ առ ժամանակ վերհիշել:


«Եթե Վազգեն Սարգսյան երևույթի կայծի 1/10-րդը ընկնի ամեն մեկիդ հոգու մեջ, ուրեմն այս երկիրը հավերժ տեր ունի, և մենք հավերժ հաղթելու ենք»,- դիմելով ուսանողներին՝ ասաց սպարապետի մայրը:


«Միջոցառման գաղափարը ի սկզբանե ԵՊՀ պատմության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Էլեն Թուլումջյանինն էր, և մենք որոշեցինք, որ այն պետք է լինի թատերականացված՝ համեմված վավերագրական նյութերով, ինչպես նաև համապատասխան երգով, պարով, ասմունքով: Ինձ թվում է, որ չի կարելի արվեստն ու մշակույթը զատել բանակից, քանզի դրանք երկուսն էլ հայապահպան գործ են անում»,- ասաց Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը:


Միջոցառմանը, որը կազմակերպել էր ԵՊՀ մշակույթի կենտրոնը Պատմության ֆակուլտետի հետ համատեղ, ներկա էին հերոսների ընտանիքի անդամները, Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, դասախոսներ և ուսանողներ:

Գրետա մայրիկը համալսարանին նվիրեց որդու հեղինակած, ինչպես նաև նրա մասին հետմահու գրված գրքեր, իսկ Աշոտ Նավասարդյանի գրած գիրքը Մայր բուհին նվիրեց վերջինիս կինը:

Այլ նորություններ
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ամփոփվել է ԵՊՀ ՈԻԽ մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Արի մրցենք» առաջնության պարի միջֆակուլտետային մրցույթը։
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մեծ դահլիճում այսօր անցկացվել է ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի կողմից իրականացվող «Արի՛ մրցենք» առաջնության երգի մրցույթը: