15.05.2013 | 
Մշակույթ
«ՑՈՒՑԱԿ»-Ի ՑՈՒՑԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԵՑ ՆԱԵՎ «ԱՐՏ ՖԵՍՏԸ»-Ը
«ՑՈՒՑԱԿ»-Ի ՑՈՒՑԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԵՑ ՆԱԵՎ «ԱՐՏ ՖԵՍՏԸ»-Ը
Առաջին անգամ անցկացվող «ԱՐՏ ՖԵՍՏԸ» երիտասարդական բաց փառատոնին մասնակցում է նաև ԵՊՀ-ն` իր «Ցուցակով»:

Խոսքը Աղասի Այվազյանի մի քանի պիեսների հիման վրա բեմադրված «Ցուցակը» ներկայացման մասին է, որը ԵՊՀ մշակույթի կենտրոնի «Համալսարանական» թատրոն-ստուդիայի բեմում է հայտնվել 2008 թ-ին: Գեղարվեստական ղեկավարը և բեմադրիչը կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանն է, դերասանները` թատրոն-ստուդիայի սաների հին և նոր սերունդները, ովքեր բոլորովին էլ թատերական կրթություն չունեն: 

«Բացվում է լայն դաշտ բոլորի համար: Մարդը կարող է իրավաբան լինել, բայց պարզվի, որ կարող է հրաշալի ֆիլմ նկարահանել: Պատմության մեջ քիչ չեն այն դեպքերը, երբ ֆիզիկոսը գրականության կամ արվեստի ասպարեզում հասնում է ամենաբարձր գագաթներին ու Նոբելյան մրցանակ ստանում»,- դեռևս փառատոնի բացման արարողության ժամանակ նշել էր «ԱՐՏ ՖԵՍՏԸ»-ի գեղարվեստական խորհրդատու Արմեն Մազմանյանը: 

Չնայած «Ցուցակը» ներկայացումը կրում է Աղասի Այվազյանի միայն մեկ ստեղծագործության անունը, բայց այն մի քանիսի «խառնուրդն» է: Գործը պատմում է Հիսուսի` Իեշուայի դեմ աշխատող անտես ուժերի և նրանց ձեռքին կամա-ակամա խաղալիք դարձած դավաճանների մասին: Նրանք բոլորը պետք է խաչված Փրկչին վարկաբեկող արտահայտություններ գոռային, քարեր նետեին նրա վրա: 

«Ներկայացումը ոչ միայն բացահայտում է Այվազյան դրամատուրգին, այլև լավագույնս արտացոլում է մեր ժամանակաշրջանը: Դարեր շարունակ մարդիկ մեղքեր են գործել ու դրանց համար մեղադրել ուրիշներին՝ չխնայելով անգամ Հիսուսին,- ասում է Կարինե Դավթյանը և հավելում,- մեր աշխատանքները տեսնում են միայն համալսարանականները: Իսկ փառատոնների միջոցով ներկայանում ենք հասարակության լայն շերտերին»:

Փառատոնի շրջանակներում երեկ ներկայացումը ցուցադրվեց «Համազգային» պետական թատրոնում: Հիշեցնենք, որ մինչ այդ էլ «Ցուցակը» մասնակցել է «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնին: 

Ի դեպ, մայիսի 13-19-ը անցկացվելիք «ԱՐՏ ՖԵՍՏԸ»-ը մյուս փառատոններից տարբերվում է նրանով, որ միավորում է արվեստի մի քանի ճյուղեր` կինո, թատրոն, կերպարվեստ: 16-35 տարեկան 130 մասնակիցները, այդ թվում` ԵՊՀ ուսանողները, կպայքարեն լավագույնի կոչման համար: Նշենք, որ մեր ուսանողները ներկայացված են նաև կերպարվեստի բաժնում: 

Փառատոնի լավագույն մասնակիցներին կորոշի մասնագիտական ժյուրին, իսկ մրցանակաբաշխությունը տեղի կունենա մայիսի 19-ին Համազգային թատրոնում:

Այլ նորություններ
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ամփոփվել է ԵՊՀ ՈԻԽ մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Արի մրցենք» առաջնության պարի միջֆակուլտետային մրցույթը։
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մեծ դահլիճում այսօր անցկացվել է ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի կողմից իրականացվող «Արի՛ մրցենք» առաջնության երգի մրցույթը: