17.05.2013 | 
Մշակույթ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆԻ ՆՎԵՐԸ ՄԱՅՐ ԲՈՒՀԻՆ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆԻ ՆՎԵՐԸ ՄԱՅՐ ԲՈՒՀԻՆ
ԵՊՀ տարեդարձի նվերներից մեկն էլ Մշակույթի կենտրոնի աշխատակցուհի Լիլիթ Տեր-Վարդանյանի մենահամերգն էր:

Այն կայացավ երեկ ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում: ԵՊՀ ասպիրանտ Լիլիթ Տեր-Վարդանյանը ստեղծագործում է բավականին վաղուց: Վերջին ամիսներին նա մի քանի անգամ հանդես է եկել մենահամերգներով: Նրա` 35-ից ավելի հեղինակային երգերից երկուսն էլ նվիրված են համալսարանին: 

«Թե ինչքան եմ համալսարանը սիրում, զգում էի այն ժամանակ, երբ արձակուրդից վերադառնում էի. կարոտում էի այստեղի հոտը, կենտրոնական մասնաշենքը, մեր այգին: Եվ գնալով կապվածությունն ավելի մեծացավ, իսկ երբ որոշեցի երգ գրել, ինքնաբերաբար մտքիս եկավ «Համալսարան, դու իմ տունն ես» նախադասությունը»,- այսպես է Լիլիթը պատմում ԵՊՀ-ին նվիրված իր առաջին երգի ստեղծման մասին: 

Այս անգամ բեմում միայն Լիլիթը չէր: Սեփական երգերը նրա հետ երգում կամ նվագակցում էին կենտրոնի ներկա և նախկին սաները: 

Համերգի մասնակիցներից մեկն էլ Փիլիսոփայության և հոգեբանության ամբիոնի դասախոս Արման Ղարագուլյանն էր իր շրթհարմոնով: Ի դեպ, նա էլ գործիքը սկսել է նվագել ընդամենը մի քանի տարի առաջ: Նրանք դաշնամուրով և շրթհարմոնով կատարեցին մի քանի հայտնի գործեր: 

«Ես գիտեի, որ Լիլիթը երգում է, նա գիտեր, որ ես նվագում եմ: Վերջին շրջանում էլ` Լիլիթի համերգներից հետո, որոշեցինք համատեղ ինչ-որ բան անել: Բավականին հեռանկարային պլաններ ունենք: Մի գաղտնիք էլ ասեմ. մենք հիմա երաժշտական խումբ ստեղծելու նախագծի ուղղությամբ ենք աշխատում: Խումբն արդեն կա, հիմա ծրագիր ենք մշակում: Հիմնականում կենտրոնանալու ենք ջազ և բլյուզ ոճերի վրա»,- ասում է Արման Ղարագուլյանը: 

Համերգն ունկնդրելու էին եկել ոչ միայն ուսանողները, այլև ռեկտոր Արամ Սիմոնյանը, պրոռեկտորներ, դեկաններ ու դասախոսներ: 

Ռեկտոր Արամ Սիմոնյանը տոնի առթիվ բոլորին շնորհավորելուց հետո հիշեց, թե ինչպես է 2006 թ-ին ստեղծվել Մշակույթի կենտրոնը. այսօրվա կայացած կառույցն այն ժամանակ ուներ ընդամենը մեկ վնասված լարերով դաշնամուր: Այն այսօր էլ կենտրոնի դահլիճում է, և երգերից մեկը կատարելիս Լիլիթը դարձյալ նստեց այդ գործիքի մոտ: 

«Համալսարանի առաքելությունը ոչ միայն գիտելիք ստեղծելն ու տալն է, այլև արժեքների տարածումը: Դա արվում է նաև այս կենտրոնի միջոցով: Իսկ ինչպես կար Լիլիթը` փոքրիկ և տաղանդավոր աղջիկ, նույնպիսի տաղանդավոր էլ այսօր է: Չնայած շատ երիտասարդ է, բայց Մշակույթի կենտրոնի սյուներից մեկն է. իր տաղանդը ծառայեցրեց ուրիշների համար»,- նշեց ռեկտորը: 

Հ. Գ.: Երգչուհուն և իր ստեղծագործություններին առավել մանրամասն կանդրադառնանք «Երևանի համալսարան» թերթի առաջիկա համարում:

Այլ նորություններ
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ամփոփվել է ԵՊՀ ՈԻԽ մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Արի մրցենք» առաջնության պարի միջֆակուլտետային մրցույթը։
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մեծ դահլիճում այսօր անցկացվել է ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի կողմից իրականացվող «Արի՛ մրցենք» առաջնության երգի մրցույթը: