11.11.2013 | 
Գիտություն
ԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում մեկնարկեց աշնանային գիտական նստաշրջանը:

Ամեն տարի անցկացվող միջոցառուման այս տարվա առանձնահատկությունն այն էր, որ ԵՊՀ պատմության և հայ բանասիրության ֆակուլտետներից բացի` մասնակցում էին ևս 4 բուհերի՝ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի, Գյումրու մանկավարժական ինստիտուտի, Սևանի Վազգենյան դպրանոցի, Գևորգյան հոգևոր ճեմարանի և Գորիսի պետական համալսարանի ուսանողներ: Կազմակերպիչը ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունն էր:

 

«Գիտաժողովի մասնակցելը բավականին բարդ է, քանի որ պետք է գրել, ներկայացնել, վիճել, ապացուցել, և շատ լավ է, որ մեր ուսանողները դրան պատրաստ են: Մի շրջան ՈՒԳԸ-ն այնքան էլ ակտիվ չէր աշխատում, բայց սկսեցին գիտաժողովներ, նստաշրջաններ կազմակերպել, որոնց արդեն մասնակցում են մեծ թվով ուսանողներ ոչ միայն ԵՊՀ-ից, այլև Հայաստանի այլ քաղաքների բուհերից»,- ողջունելով ուսանողների նախաձեռնությունը՝ նշեց Հայ բանասիրության ֆակուլտետի դեկանի տեղակալ Արտաշես Սարգսյանը:

 

Ինչպես և նախորդ տարիներին, այս անգամ ևս կոնկրետ թեմաներ չեն առաջադրվել. ուսանողներն ընտրել են ըստ իրենց նախասիրությունների, իսկ կազմակերպիչները ներկայացված նյութերը նախապես խմբավորել են և բաժանել 4 սեկցիաների՝ Հայոց լեզվի պատմություն և լեզվաբանություն, Ժամանակակից հայոց լեզու, Գրականություն և Մանկավարժություն:

 

«Ամեն տարի տպագրվում է ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության ժողովածուն, որում բավականին շատ են մեր ֆակուլտետի ուսանողների հոդվածները: Այսպիսի գիտաժողովների մասնակցելը մեր ուսանողներին մի շարք առավելություններ է տալիս: Ասպիրանտուրա ընդունվելու կամ հայցորդ ձևակերպվելու համար այժմ պահանջվում է ունենալ տպագրված առնվազն երկու գիտական հոդված, իսկ այդ ժողովածուն այդ հնարավորությունը տալիս է»,- նշեց ֆակուլտետի դասախոս Աշոտ Տեր-Մինասյանը:

 

Հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանն էլ վստահեցնում  է, որ այս գիտաժողովներն ուսանողների համար փորձ ձեռք բերելու, թրծվելու լավ հարթակ են. «Վաղը, մյուս օրը մեր փոխարեն դուք եք զբաղվելու լեզվի ու գրականության խնդիրներով ու դրան պետք է պատրաստվել այսօրվանից»:

 

Ուսանողական գիտական նստաշրջանը կտևի մինչև նոյեմբերի 15-ը, բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր, իսկ լավագույն նյութերը հաջորդ տարի կտպագրվեն ՈՒԳԸ-ի գիտական հանդեսում:

Այլ նորություններ
5 ՈՍԿԵ ԵՎ 2 ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼ՝ IMC ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԱՌՑԱՆՑ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՑ
Հուլիսի 27-ին ավարտվեց 27-րդ IMC միջազգային ուսանողական մաթեմատիկական օլիմպիադան, որին մասնակցող ԵՊՀ ուսանողները նվաճել են 5 ոսկե և 2 արծաթե մեդալ:
ԵՊՀ ԴՈՑԵՆՏ ՀԱԿՈԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀՈԴՎԱԾԸ «ՆՅՈՒԹԵՐ ՀԻՆ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՄԵՐՁՍԵՎԾՈՎՅԱՆ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍՈՒՄ
Երևանի պետական համալսարանի համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.դ. Հակոբ Հարությունյանն իր հերթական հոդվածն է հրատարակել «Նյութեր հին և միջնադարյան մերձսևծովյան հնագիտության և պատմության վերաբերյալ» հայտնի գիտական հանդեսի հերթական համարում: