Սոցիոլոգիայի ֆակուլտետի ղեկավարության, ինչպես նաև ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնած գիտաժողովը, որը կազմակերպվում էր արդեն 5-րդ անգամ, բարի ավանդույթ է դարձել:
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը, ով կարևորեց ֆակուլտետի ՈՒԳԸ-ի աշխատանքները և բարձր գնահատեց ուսանողների ակտիվությունն ու գիտության հանդեպ նրանց հետաքրքրվածությունը:
«Մենք խրախուսում ենք մեր ուսանողներին, որպեսզի նրանք դեռևս ուսանողական տարիներից զբաղվեն գիտահետազոտական աշխատանքներով, ձեռք բերեն նոր հմտություններ և ունակություններ»,- նշեց Արթուր Մկրտիչյանը:
Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի դասախոս, Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի (IPSC) տնօրեն Հովհաննես Գրիգորյանը նույնպես կարևորեց ուսանողական գիտաժողովների կազմակերպումը և հավելեց, որ ֆակուլտետի հետ «IPSC»-ի համագործակցությունը շարունակական է լինելու:
««IPSC»-ը շարունակելու է կրթաթոշակներ տրամադրել ուսանողներին, քանի որ շատ կարևոր է գիտահետազոտական աշխատանքով զբաղվելը: Մենք կարևորում ենք, իհարկե, աշխատանքների բովանդակությունը, սակայն լուրջ ուշադրություն ենք դարձնում նաև ուսանողի նախաձեռնություններին և ակտիվությանը»,- ասաց Հովհաննես Գրիգորյանը:
Մինչ զեկույցների ընթերցումը Հովհաննես Գրիգորյանն առաջին կարգի մրցանակ հանձնեց նախորդ տարվա հաղթող Հասմիկ Տեր-Գրիգորյանին, ով, ի դեպ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ուսանողուհի է:
Հասմիկ Տեր-Գրիգորյանը ներկայացրեց «Սիրիահայերի ադապտացիոն հիմնախնդիրները Հայաստանում 2013 թ-ին» զեկույցը, որից հետո իրենց ուսումնասիրությունները ներկայացրին գիտաժողովի մյուս մասնակիցները:
Հ.Գ: Յուրաքանչյուր տարի «IPSC»-ը մրցանակներ է նախատեսում գիտաժողովի լավագույն երեք զեկույցների համար (3-րդ տեղ՝ 20.000 դրամ, 2-րդ տեղ՝ 30.000 դրամ, 1-ին տեղ՝ 50.000 դրամ): Վաղը հանձնաժողովը կորոշի մրցանակակիրներին, ովքեր էլ կստանան դրամական պարգևները: