04.12.2013 | 
Գիտություն
ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ՊԱՏՄԱԲԱՆԻ ՕՐՎԱՆ
ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ՊԱՏՄԱԲԱՆԻ ՕՐՎԱՆ
Երեք օր շարունակ հանրապետության մի շարք բուհերի ուսանողներ հանդես կգան պատմությանը նվիրված զեկուցումներով, որոնց թիվը գերազանցում է 40-ը:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ դեկտեմբերի 3-ին մեկնարկեց եռօրյա միջբուհական ուսանողական գիտաժողով, որը նվիրված է Պատմաբանի օրվան: Մայր բուհի, Գևորգյան հոգևոր ճեմարանի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ու Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողներն այս գիտաժողովի միջոցով բացառիկ հնարավորություն են ստացել ներկայացնելու իրենց հետազոտությունները:

«Եթե լավ գիտական աշխատանքներ լինեն, ապա դրանք անպայման կխրախուսվեն և կտպագրվեն: Հարկավոր է խթանել ուսանողներին հետազոտություններ անելու հարցում, օգնել ու մշտապես օժանդակել նրանց»,- գիտաժողովի բացման խոսքում ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:

ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Միքայել Մալխասյանը, ով այժմ էլ Պատմության ֆակուլտետի ասպիրանտ է, ուրախություն հայտնեց գիտաժողովի կապակցությամբ, քանի որ այս շրջանում նմանաբնույթ մեծ գիտաժողով անելը լավ ավանդույթ է դարձել Պատմության ֆակուլտետում. «Արդեն մի քանի տարի է, ինչ Պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն այսօրինակ գիտաժողովներ է կազմակերպում: Պատահական չէ, որ այս օրերին է տոնվում Պատմաբանի օրը, որը թեև պաշտոնական չէ, սակայն կարող է այսպիսի մեծ ջանքերի շնորհիվ պաշտոնական դառնալ»:

«Ուզում ենք, որ դեկտեմբերի 4-ը ճանաչվի որպես Պատմաբանի օր: Կարող եմ ասել, որ հենց դա է մեր միջոցառման հիմնական նպատակներից մեկը: Բացի այդ` այս կերպ խթանում ենք նաև գիտության զարգացումը երիտասարդների շրջանում»,- ասաց Պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Գոհար Բաղդասարյանը:

Գիտաժողովի Հայոց պատմության բաժանմունքը նախագահող Գեղամ Բադալյանի խոսքով` երիտասարդների կողմից բարձրացված թեմաները բավականին հետաքրքիր են, այնպես որ` գիտաժողովն էլ բավականին հետաքրքիր կարող է լինել. «Ուսանողները կարևոր աշխատանք են կատարել, հետաքրքիր թեմաներ են ընտրել ու զեկուցումներ պատրաստել: Վստահ եմ, որ կարևոր քննարկումներ են լինելու»:

Հավելենք, որ Պատմաբանի օրվան նվիրված եռօրյա գիտաժողովը բաղկացած է երեք տարբեր բաժանմունքներից` Հայոց պատմություն, Համաշխարհային պատմություն և Հարակից երկրների պատմություն: Երեք օրերի ընթացքում կհնչեն ավելի քան չորս տասնյակ զեկուցումներ:

Այլ նորություններ
ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ն. ՍԻՍԱԿՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ-ում այսօր մեկնարկել է «Կենսաքիմիայի, ճառագայթային և տիեզերական կենսաբանության արդի միտումները. մեծ Սիսակյանը և նրա հետազոտությունների կարևորությունը» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը:
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԳԸ-Ի ԱՄԵՆԱՄՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության ամենամյա գիտաժողով՝ նվիրված ֆակուլտետի հիմնադրման 15-ամյակին: