06.12.2013 | 
Կրթություն
ԳՈՐԾՆԱԿԱՆ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
ԳՈՐԾՆԱԿԱՆ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
Համալսարանականները հետաքրքրված են գովազդի ոլորտով:

Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Գործնական մարքեթինգ» խորագրով սեմինար-դասընթաց, որի նախաձեռնողը ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն էր:

 

Սեմինարը կազմակերպվել էր Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և «AYVAZYAN & PARTNERS» ընկերության հետ համագործակցության շրջանակներում:

 

Սեմինարի ընթացքում ընկերության բիզնես թրեյներ Վահագն Դիլբարյանը  ներկայացրեց մի շարք նորարարական գովազդներ, հետաքրքիր պատմություններ, տեսապատկերների և հոլովակների միջոցով վերլուծական մեթոդների օգնությամբ ցուցադրեց դրանց ստեղծման և մշակման եղանակները:

 

««AYVAZYAN & PARTNERS»-ը հեղինակավոր ընկերություն է, որը հիմնականում կորպորատիվ և վճարովի թրեյնինգներ է կազմակերպում մեծ ընկերությունների համար: Նրանց թրեյնինգներին մասնակցելու համար մեծ գումարներ են հարկավոր: Եվ քանի որ ուսանողների մեծ մասը հնարավորություն չունի մասնակցելու վճարովի սեմինարների, ուստի մենք որոշեցինք մեր համագործակցության շրջանակներում խնդրել նրանց համալսարանականների համար անվճար սեմինար անցկացնել»,- ասաց ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը:

 

Սեմինարին ներկա էին մի քանի տասնյակ ուսանողներ և շրջանավարտներ, ովքեր ոչ միայն լսում էին սեմինարավարին, այլև ակտիվ մասնակցում քննարկումներին և մեկնաբանություններ անում:

 

«Հայկական բուհերի հետ համագործակցելը կարևոր է մեզ համար, որովհետև այսօր գործազրկության հետ մեկտեղ մենք լավ կադրերի պակաս ունենք: Նմանաբնույթ միջոցառումներն իսկապես փոխշահավետ են, քանի որ ոչ միայն ուսանողներն են օգուտ ստանում, այլև մենք, այսինքն՝ բուհերի հետ աշխատելով՝ մենք նաև մեզ և մեր գործընկեր կազմակերպությունների համար պոտենցիալ կադրեր ենք գտնում»,- նշում է «AYVAZYAN & PARTNERS» ընկերության տնօրեն, վաճառքի գծով թրեյներ Վահե Այվազյանը:

 

Կազմակերպիչների խոսքերով՝ ընկերության հետ համագործակցությունը շարունակական է լինելու, ինչն էլ համալսարանականների առջև նոր հնարավորություններ կբացի: 

Այլ նորություններ
ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ՆՈՐ ՓՈՐՁ ՀԱՋՈՂՎԱԾ ՍՏԱՐՏԱՓ ԹԻՄ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում մեկնարկեց «Հաջողված ստարտափ թիմեր. ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խորագրով եռօրյա սեմինար-դասընթացը:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՀՀ ԱԺ
Այսօր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի նախաձեռնությամբ մագիստրանտներն այցելեցին ՀՀ Ազգային ժողով: